Դանդաղ մահ

Դանդաղ մահ

Այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները` համատեղ ուժերով, փորձում են հայ ժողովրդին հոգեխանգարմունքի մեջ գցել, մինչեւ վերջ կոտրել, որպես ազգ եւ ինքնություն` ոչնչացնել, արմատախիլ անել երկրագնդի երեսից: Դեռ պատերազմներից, պարտությունից, զոհերից, Արցախի կորստից ուշքի չեկած հայ մարդն ամեն օր շարունակաբար խոշտանգման է ենթարկվում բոլոր հնարավոր եղանակներով ու միջոցներով: Ոչ մի նորմալ մարդ չի կարող հետեւել Բաքվում ընթացող դատավարությանը, տեսնել Ռուբեն Վարդանյանի վիճակը, լսել նրա խոսքը, հետո կարդալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները դատավարության մասին, մասնավորապես` հայ ռազմագերիների ու նրանց դեմ տրվող ցուցմունքները, եւ հոգեկան խանգարում չստանալ:

Ոչ մի նորմալ մարդ չի կարող լսել Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե` հրաժարվում ենք Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից, ընդունում ենք խաղաղության պայմանագրի ադրբեջանական պահանջները, մեր սահմանները բաց են Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ, պատրաստ ենք սահմանազատումը շարունակել Կիրանցի օրինակով` մինչեւ Մեղրի, եւ իրեն նվաստացած չզգալ: Ոչ մի նորմալ մարդ չի կարող լսել Բաքվի բռնապետի եւ նրա ենթակաների ցինիկ, ագրեսիվ, անպատկառ հայտարարությունները եւ անզորությունից չխելագարվել: Ոչ մի նորմալ մարդ չի կարող լսել, որ ՀՀ վարչապետը մեր հաշվին թուրք լրագրողներ է բերել Հայաստան, մի քանի օր պահել, տարել կառավարություն, հարցազրույց տվել (երեւի Արագած լեռան նկարի տակ), եւ չտագնապել, թե ինչե՜ր կարող է ասած լինել մեզ ներկայացնող թիվ 1 պաշտոնյան` ցեղասպանության, իրական Հայաստանի, Արցախի մասին: Սրանք մեզ դանդաղ մահվան դատապարտող իրողություններ են: