Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արցախի հարցի կարգավորման իր տեսլականը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արցախի հարցի կարգավորման իր տեսլականը

Նիկոլ Փաշինյանն այսօրվա շնորհավորական ուղերձում՝ Արցախի անկախության հռչակման 31-ամյակի կապակցությամբ, ըստ էության, հրապարակել է Արցախի խնդրի կարգավորման իր տեսլականը։ Չէ, իհարկե, ուղերձը նորմալ տեքստ է, բարի ցանկություններ, Արցախի Հանրապետություն եզրույթն օգտագործելով եւ այլն։ Բայց մի նախադասություն մատնում է, թե ՀՀ իշխանության գլուխ կանգնած անձը ինչպիսին է պատկերացնում Արցախի հարցի լուծումը եւ ինչ բանակցություններ է վարում մոսկվաներում ու բրյուսելներում։

Ահա այդ ձեւակերպումը․ «Եվ նրանք (Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցները) իրավունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանված կլինեն իրենց իրավունքները։ Ըստ էության, սրանում է կայանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը»։

Հաջորդ նախադասության մեջ այս միտքը զարգացնում է եւ անգամ ԼՂ կարգավիճակ եզրույթն է օգտագործում, սակայն կրկին շեշտը անվտանգության եւ իրավունքների պաշտպանության վրա է դրվում․

«Անտեղին են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի  հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները, և ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը»։ 

Այսինքն, եթե Ադրբեջանը տա այդ երաշխիքները, որ արցախցիների անվտանգ գոյությունն ապահովում է Արցախում, դա, ըստ Փաշինյանի, կլինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում։
Անշուշտ, այս քաղաքականությունը նորություն չէ, վաղուց է հայտնի եւ կարգավիճակի նշաձողի իջեցման մասին Փաշինյանի նախկին հայտարարություններն էլ հենց սա էին նշանակում։ Եւ պարզ է, որ ինքը, Արմեն Գրիգորյանը եւ Արարատ Միրզոյանը հենց այս նոտաներով են բանակցում ադրբեջանցիների հետ՝ տարբեր մայրաքաղաքներում։ 

Բայց մի միամիտ դիտարկում անենք՝ եթե մտել եք փակուղի եւ Ալիեւն ու իր կողքի աղվեսները ձեզ պատին են դեմ տվել ու դուք չեք կարողանում այլեւս արցախցիների անվտանգ ապրելուց բացի որեւէ այլ հարց բարձրացնել, ինչին դեմ են եւ Հայաստանում, եւ Արցախում, ինչո՞ւ չեք հրաժարական տալիս ու հեռանում։ 

Նախկին նախագահներն ամեն ինչ արեցին, որ նման զիջումների չգնան եւ կարողանում էին նույնիսկ պատերազմները կանխել ու աղետ չբերել երկրին, բայց հեռացան իրենց պաշտոններից հենց Արցախի հարցն ունենալով խնդիրների խորքում․ Տեր-Պետրոսյանն ուղիղ Արցախի հարցով պայմանավորված 1998-ին հրաժարական տվեց՝ ընտրվելուց 2 տարի անց, Ռոբերտ Քորչարյանը կարող էր 10 տարի պաշտոնավարելուց հետո մնալ, բայց հեռացավ, Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որ մնա, բայց Արցախի հարցը նրա կոկորդում էլ մնաց եւ այսօր շատերը կարծում են, որ նա կամովին հանձնեց իշխանությունը, որ Արցախը չհանձնի։ Հիմա շատ ավելի արդարացված եւ պատճառաբանված կլինի ձեր հեռանալը՝ թողեք հայ ժողովուրդն ինքն իր ճակատագիրը վճռի՝ կամ կործանվի, կամ այս վիճակից ելքը գտնի։