Արենիի քարանձավում խաղողի զարգացման անվան տակ լոլիկի և բիբարի տնկիներ են ցանում

Արենիի քարանձավում խաղողի զարգացման անվան տակ լոլիկի և բիբարի տնկիներ են ցանում

Նախօրեին ԿԳՄՍՆ Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն իր էջով տեղեկացրեց, որ ազատվել է աշխատանքից։ Նշել էր, որ, ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն, նախարարությունում այլեւս չի աշխատում, բայց ոչ միայն իր ազատման հրամանը չի տեսել, այլեւ պատշաճ ձեւով չի ծանուցվել, ինչը եւս օրենքի խախտում է:

Աբրոյանն ասում է՝ նախարարությունը, օգտվելով օրենքով նախատեսված կառուցվածքային փոփոխությունների հանգամանքից, չերկարացրեց իր պաշտոնավարումը, ավելին՝ իր համար պարզ էր, որ վաղ թե ուշ իր ազատման հրամանը պետք է լիներ, այն էլ՝ նման գործելաոճով։ «Հրամանով նոր պաշտոնի պետք է նշանակվեի, այսինքն՝ իրենց առաջարկած ավելի ցածր պաշտոնին, կամ էլ՝ ազատվեի, բայց չեն սպասել անգամ իմ պատասխանին, եւ այն ժամանակ, երբ ես ասուլիս էի տալիս, այդ հրամանով ինձ ազատել են աշխատանքից եւ սահմանափակել են համակարգից օգտվելու իմ իրավունքը։ Դա եղել է իմ՝ պատասխանելու սահմանված ժամկետի խախտումով, այսինքն՝ չեն սպասել մի քանի ժամ էլ, որ այդ օրը վերջանա։ Այդուհանդերձ, խնդիրն այն չէ, որ ինձ ազատել են աշխատանքից կամ չեն ազատել, խնդիրն այն է, թե իրենք ինչու են ոչ միայն ինձ, այլ նաեւ մեր գործակալության աշխատակիցներին, ովքեր կամակատարներ չեն, ցածր պաշտոններ առաջարկում եւ անգամ այդ դեպքում չեն էլ համբերում, փակում են համակարգը, եւ նույնիսկ տեխնիկապես հնարավոր չի լինում տեսնել հրամանը։ Այդ գործելակերպն է ցավալի, եւ դա եւս մի փաստ է, որը ցույց է տալիս, որ իրենք ոչ միայն չեն ուզում բնագավառը կանոնակարգել, այլեւ այդ ձեռագրով չեն էլ կարող կանոնակարգել, իսկ այն, ինչ անում են, իրենց անձնական էմոցիաների դաշտից է, եւ չեն էլ համբերում, որ գոնե սահմանված ժամկետը լրանա»,-ասում է Աբրոյանն ու հավելում, որ իր հրամանը ո՛չ էլեկտրոնային, ո՛չ թղթային տարբերակով մինչ օրս հնարավորություն չի ունեցել տեսնել։

Նա ընդգծում է՝ ո՛չ ծառայողական քննություններով, ո՛չ կարգապահական խախտումներով չեն կարողացել իրեն ազատել, միակ օրենսդրական հնարավորությունն այն էր, որ գործակալությունը վերակազմակերպեին վարչության ու նշանակեին ում ուզում են․ «Իրենց անմիջական, գործուն մասնակցությամբ տեղի ունեցավ բնագավառի թուլացումը, որին նպաստեց նաեւ կառուցվածքային փոփոխությունը։ Հիմա, փաստորեն, կձեւավորեն նոր կազմ՝ ոչ մասնագետներով, ովքեր, այսպես ասած, թերություններ ու ապօրինություններ ունեն իրենց հետեւում եւ չեն ընդդիմանա, կկատարեն նրանց կամքը։ Մի օրինակ բերեմ․ արդեն հետ են կանչել նախկին աշխատակցի, ով ծառայողական քննությամբ ազատվել էր աշխատանքից, եւ ով իր գործելակերպով պետությանը ֆինանսական վնաս էր հասցրել։ Այդ գործելակերպը նման է նաեւ նախկին գործելակերպին։ Համենայնդեպս, միտումը դա է՝ շարունակում են նախկին ծրագրերը, ու քանի որ նախկին «ներդրում» անողներին գոնե թե իմ կողմից թույլ չի տրվել ապօրինություններ անել, այդ մարդկանց ակտիվացնում են, իսկ դա իրենից մեծ վտանգ է ներկայացնում»։

Գործակալության նախկին պետը շեշտում է, որ իր արած ցանկացած գրառում-ահազանգ իր անձի շուրջ չէր, այլ՝ հետագա վտանգների մասին․

«Մեկը Ֆիրդուսն է, վաղը կլինեն մյուսները, որոնց համար պայքարելով՝ մասնագիտական կամ վարչական գործիքներով չեմ թողել, որ դրանց պահպանության գործառույթին դեմ որեւէ բան իրականացվի։ Փաստերը շատ են, օրինակ, «գիտնական, հնագետ» Բորիս Գասպարյանին թույլ տալ, ինչպես նաեւ մի խումբ մարդկանց, Արենիի քարանձավը հանձնել օգտագործման, որտեղ Արենի խաղողի զարգացման անվան տակ լոլիկի եւ բիբարի տնկիներ են ցանում, այն էլ՝ արգելոցի տարածքում՝ միանգամից իմանալով, որ Աբրոյանը չի կարող ոչինչ անել, ավելին՝ գանձագողություններ են սկսվում: Արամի 23-ի գործը սկսվում է նոր ռազմավարությամբ ձգձգվել, այսինքն, ասում են՝ բերեք նոր նախագիծ անենք, այն դեպքում, որ նախագիծն արված է, եւ շինթույլտվությունը տրված է։ Խմբային շահեր սպասարկելը, Ֆիրդուսում շենքեր քանդելն ու սուտ խոսելը՝ սրանք ահազանգ են եւ ցույց են տալիս իրավիճակն ու այդ մարդկանց ոչ մասնագետ լինելը, ոչ պատշաճ գործելակերպը։ Այն դեպքում, որ ես դա հաստատ չէի թողնի, որ անեին, հիմա մեկ ուրիշը, որ չի հասկանում, չի ասի՝ դուք վատն եք։ Ավելին՝ որոշ շահեր սպասարկելով, կփորձեն թուլացնել այդ հիմնարկը, նրա խոսքն ու ինքնուրույնության կարգավիճակը։ Սա է խնդիրը։ Ինչու եմ ասում՝ շահեր սպասարկել, որովհետեւ քաղաքացին երբ ասում է՝ ես հուշարձանի պատուհանը մեծացնում եմ, որը հասնում է մինչեւ նախարարին, ու ստիպում են անգամ գիտամեթոդական խորհրդին, որ տա դրական եզրակացություն, եւ այդ եզրակացությունը լինում է օրենքի խախտումով․․․ այսինքն՝ այդ բոլոր գործընթացները կվերսկսվեն, որովհետեւ արդեն գիտեն, որ Աբրոյանն այնտեղ չէ։ Անգամ նախարարին ասել էի, որ ես դուրս եմ գալու, բայց կարգավորեք այս խնդիրները, որովհետեւ չեմ ուզում, որ չկարգավորված լինի բնագավառը»,- ասում է Արմեն Աբրոյանը։