Եթե անգամ Արթուր Դավթյանը դատարկ թուղթ բերեր՝ նրա միջնորդությունը ընդունելու են

Եթե անգամ Արթուր Դավթյանը դատարկ թուղթ բերեր՝ նրա միջնորդությունը ընդունելու են

Ո՞վ կսպասեր, որ հեղափոխությունից հետո ձեւավորված խորհրդարանն ավելի շատ է կոճակ սեղմող լինելու, քան 1995 թվականին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, 1998 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կամ 2012 թվականին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ ձեւավորված խորհրդարանները։ Տասնյակ տարիներ մենք գրել ենք, որ պատգամավորների մի հսկա բանակ բացարձակապես տեղյակ չէ, թե ինչին է կողմ կամ դեմ քվեարկում։ Տասնյակ տարիներ այդ պատգամավորները կոճակը սեղմել են իրենց խմբակցության ղեկավարի ուղիղ ցուցումով, կլինի դա Վահրամ Բաղդասարյանը, Գալուստ Սահակյանը, թե Անդրանիկ Մարգարյանը՝ կարեւոր չէ։ Ազգային ժողովի մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարի դերակատարումը շատ մեծ է եղել միշտ՝ նա սաունաներից, ռեստորաններից, աշխատասենյակներից բերման է ենթարկել պատգամավորների մեծ խմբի, որոնք խորհրդարանում են հայտնվել հիմնականում բիզնես եւ այլ նպատակներով։ Ասենք՝ պաշտպանված լինելու, արտոնություններ ունենալու, սրան-նրան տանիք կանգնելու, կամ՝ պարզապես՝ իշխանության ցուցումով են հայտնվել, որ կոճակ սեղմողների բազմությունը խորհրդարանում ապահովված լինի եւ երկրի նախագահը կարողանա իր ուզած քաղաքական որոշումները ընդունել տալ։

Այս եղանակով եկանք հասանք 2018 թվական։ Եղավ ժողովրդի դժգոհությունն ու հուզումը, որի համբերության բաժակը նաեւ նման գործելաոճից էր լցվել՝ այդ նույն կոճակ սեղմողների պահվածքից, ուղղորդված ու նեղ շրջանակի շահերից բխող քաղաքականությունից, հանրային կարծիքն անտեսելուց, մի խումբ մարդկանց անզուսպ հարստանալուց, մեկ այլ խմբի՝ պերմանենտ աղքատանալուց եւ այլն։ Երբ այդ դժգոհությունը հասավ կրիտիկական չափերի, մարդիկ հեղափոխություն արեցին եւ այդ պահին փողոցում գտնվող ամենավճռական մարդուն, որը թվում էր էականորեն տարբերվում է բոլոր նախորդ նախագահներից՝ ազնիվ է, նվիրված է, մարդկային է, դեմոկրատ է, համարձակ է, ազատ խոսքին է ծառայել իր ողջ կյանքում եւ այլն, կարգեց վարչապետ։ 
Բայց ոչ ոք չէր սպասում, որ Շվարցի անմահ գործն է «բեմադրվում» մեր երկրում եւ հրեշին սպանողն արագ հայտնվելու է հրեշի կարգավիճակում։ Այսօր արդեն չնչին հարցերում է Նիկոլ Փաշինյանը տարբերվում մեր կողմից մերժված նախկիններից։ Որոշ հարցերում անգամ գերազանցել է նրանց։ Օրինակ, նախկին իշխանությունները պետական բյուջեն այսպես անզուսպ եւ կամայականորեն չէին ծախսում, ինչպես հեղափոխականները։ Նախկիններն այսքան անթաքույց քաղաքական հետապնդումներ չէին իրականացնում՝ գոնե ձեւի առումով պահպանում էին օրենքը։ Նախկին իշխանություններն այսքան շատ ու այսքան փողոցից բերած լեքսիկոն չէին կիրառում։ Նախկիններն այսքան կոնֆլիկտներ չունեին երկրի ներսում եւ հատկապես՝ դրսում, այլ պետությունների հետ հարաբերություններում։ Նախկիններն այսքան անհանդուրժող չէին այլակարծության եւ քննադատության նակատմամբ եւ այլն, եւ այլն։ 

Բայց հատկապես ուշագրավ է, որ փողոցից եկած իշխանությունը, որը 2018 թվականին հասարակական կարգի պահպանման բոլոր կանոնները քաղաքական նպատակներով խախտեց, ներխուժեց բուհեր ու տարբեր գերատեսչություններ, դռներ կոտրեց եւ պարալիզացրեց երկրի բնականոն կյանքը, կազմալուծեց տարբեր գերատեսչությունների աշխատանքը եւ առնվազն մեկ տասնյակ քրեական հոդվածներով կարող էր դատվել, սակայն ոչ միայն չհետապնդվեց նախկին իշխանությունների կողմից, այլ հասարակությունն էլ համարեց, որ նրանք իրավասու են այդպես գալ իշխանության։ Այսօր այդ նույն մարդիկ թույլ չեն տալիս, որ հանրային բողոքի ակցիաներ իրականացվեն եւ հենց այդ նպատակի համար երկարաձգում են Արտակարգ դրության ռեժիմը, որ մարդիկ օրենքով նախատեսված կարգով չհայտնեն իրենց կարծիքն ու չկարողանան պաշտպանվել։ Այդ իշխանությունը ուժային կառույցները դարձրել է բութ գործիք, որը կիրառում է իր քաղաքական հակառակորդների դեմ։

Ընդ որում, այդ գործիքներից որոշը հնուց «օգտագործվողներն են», որոնք ժամանակին լավ չաշխատեցին Փաշինյանի դեմ, բայց այսօր Փաշինյանի ձեռքում շատ լավ էլ աշխատում են։ Օրինակ, գլխավոր դատախազությունը, որի ղեկավարն այսօր խորհրդարանում փորձում էր հիմնավորել Ծառուկյանի դեմ ուղղված քաղաքական մեղադրանքը։ Մարդկայնորեն կարելի է խղճալ այս մարդուն, ով հայտնվել է ծանր վիճակում եւ ստիպված է ծառայել ու ասել բաներ, որոնց հաստատապես ինքն էլ չի հավատում։ Բայց անգամ եթե նա սպիտակ թուղթ բերեր ԱԺ եւ չկարողանար ընդդիմադիր պատգամավորների տված որեւէ հարցի պատասխանել, միջնորդությունն ընդունելու հարցում որեւէ խնդիր չէր առաջանա, քանի որ «ֆյուրերն» արդեն կարգադրել է եւ կարգադրությունը հնազանդորեն պետք է կատարվի «Իմ քայլը» 88 հոգանոց խմբակցության կողմից։