Փաշինյանի կանեփն ու Ալիեւի բայրաքթարը

Փաշինյանի կանեփն ու Ալիեւի բայրաքթարը

Թեեւ իշխանության համար պատերազմն ավարտված է, բայց ռազմական դրությունը հանրապետությունում շարունակում է պահպանվել այն հիմնավորմամբ, թե դեռեւս ռազմական վտանգներ կան: Իսկ թշնամին չի էլ թաքցնում, որ նոր պատերազմի է նախապատրաստվում: Թուրքիան զորավարժություններ է իրականացնում Երեւանի «քթի տակ», Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն: Այդ երկրներում նոր` ավելի հզոր անօդաչուների արտադրություն է սկսվել: Հայաստանի իշխանությունը ոչ միայն ոչինչ չի անում բանակի ջարդված ողնաշարը շտկելու, նոր ու մրցունակ զինտեխնիկայով բանակը համալրելու եւ նոր պատերազմին նախապատրաստվելու ուղղությամբ, այլեւ ռազմական բյուջեն պակասեցնում է, եղած փողերը մսխում պարգեւավճարներ տալու վրա:

Սովորաբար բոլոր պատերազմների ժամանակ իշխում է «ամեն ինչ ռազմաճակատի համար» կարգախոսը: Իսկ Փաշինյանի կառավարությունը, ռազմարդյունաբերությունը զարգացնելու, նոր անօդաչուների արտադրություն սկսելու փոխարեն, զարկ է տալիս, ոչ ավել, ոչ պակաս` կանեփի արտադրությանը… Փաշինյանն ու Ավինյանը, որպես տնտեսության զարգացման կարեւոր ուղղություն, նախընտրել են տեխնիկական կանեփի մշակաբույսի արտադրությունը: 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության դեռեւս 2003 թվականի որոշմամբ կանեփ բույսի բոլոր տեսակների շրջանառությունը ՀՀ տարածքում արգելված է: Նույնիսկ բժշկական նպատակներով կանեփի որեւէ տեսակ աճեցնելն ու մշակելն արգելվում են: Գյուղական բնակավայրերի բնակիչները լավ գիտեն, թե ոստիկանությունն ինչ խստացված միջոցառումներ է ձեռնարկում՝ մարդկանց տնամերձ եւ այլ հողատարածքներում պարբերաբար ստուգումներ իրականացնելով: Ու վայը եկել տարել է նրան, ում բակում կամ հողատարածքում առվի ջրի հետ կանեփի մի սերմի հատիկ եկած ու պատահաբար աճած լինի: Տվյալ գյուղացին ընկնում է ոստիկանության դռները, քաշքշուկների մեջ, որպեսզի ապացուցի, որ ինքը ո՛չ թմրամոլ է, ո՛չ էլ` «բառիկ», եւ այդ խոտը պատահաբար է աճել իր հողամասում: 

Հիշենք նաեւ, թե Փաշինյանի իշխանության գալուց հետո կանեփային ինչ քաշքշուկի կամ «քցոցիի» մեջ էր հայտնվել ԱՄՆ-ից Հայաստան ժամանած գործարար Ռուբեն Մկրտչյանը, ով փորձել էր այստեղ զբաղվել HEMP տեսակի կանեփի աճեցմամբ ու մշակմամբ՝ կանեփի յուղ ստանալու նպատակով: Գործարարը դրսից բավականին թանկ գնով ներկրել էր սերմը, ցանել, աճեցրել: Ու քանի որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հետ ունեցել էր համապատասխան պայմանագիր, ոստիկանությունը 24-ժամյա հսկողություն էր իրականացրել այդ ցանքատարածքի նկատմամբ: Սակայն, երբ եկել էր արդեն հասունացած կանեփը հավաքելու ժամանակը, ոստիկանությունն առգրավել էր մշակաբույսը, եւ գործարարի նկատմամբ քրեական գործ էին հարուցել, գործարարը հայտնվել էր ֆինանսական մեծ կորուստների ու քաշքշուկի մեջ: Երբ այս իրողության մասին ԱԺ-ում բարձրաձայնեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Կանեփի բոլոր տեսակների արտադրությունը ՀՀ-ում արգելված է, նույնիսկ` տնտեսական»: Ավինյանը պնդում էր նաեւ, թե այդ արտադրությունը եղել է առանց կառավարության իմացության: Թե ինչպես կարող էր գործարարն առանց կառավարության իմացության այդքան կանեփի սերմ ներկրել, այդքան ժամանակ անթաքույց, նույնիսկ ոստիկանության հսկողության տակ կանեփ աճեցնել, անհասկանալի է: Հայտնի չէ նաեւ, թե ուր գնաց նրա աճեցրած կանեփը…

Իսկ օրերս կառավարության նիստում նույն Ավինյանն ու Փաշինյանը փառաբանում էին կանեփի արտադրության դրական կողմերը. Ավինյանը բերում էր այլ երկրների օրինակներ, որտեղ կանեփի արտադրությունը դրական արդյունք է տվել. «Արտադրական կանեփն էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը»: Եթե փոխվարչապետը մտահոգված է գյուղատնտեսական ոլորտների, մշակաբույսերի զարգացմամբ, ապա հաշվի առնելով, որ իշխանության թեթեւ ձեռքով թշնամուն են տրվել Արցախի ցորենի հսկայական ցանքատարածություններ, եւ մեզ սպառնում է հացի սակավությունը, ապա պետք է զարկ տրվի հենց ցորենի արտադրությանը, պետք է Հայաստանում ոչ մի սանտիմետր հող ազատ չթողնել եւ ցորեն աճեցնել կամ` կարտոֆիլ, որի սակավությունը նույնպես զգալու ենք առաջիկայում: Բայց չէ, կանեփն ավելի կարեւոր է…

Իսկ Փաշինյանն ասաց. «Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարեւոր արդյունաբերական հումք է, եւ տվյալ դեպքում խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որը, իհարկե, իր հետ զուգահեռ ռիսկեր ունի, եւ այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան, եւ այդ ռիսկերի կառավարման մեխանիզմները արդեն փորձարկված են մի շարք երկրներում: Եվ, իհարկե, մենք շատ ուշադիր պետք է ծրագիրն առաջ տանենք»:
Փաստորեն, մինչ թշնամին ավելացնում ու զարգացնում է անօդաչուների արտադրությունը, մերոնք զարգացնում են կանեփի արտադրությունը: Հավանաբար, առաջիկա պատերազմում, երբ Հայաստանի երկնքում կհայտնվեն թշնամու նոր անօդաչուները, բայրաքթարները, մեր կողմից նրանց դեմ մարտնչելու դուրս կգան մեր իշխանավորները, ովքեր իրենց կանեփային քաղաքականության արդյունքում ուրախ ու երջանիկ «կսավառնեն» հայոց երկնակամարում… կանեփը՝ ձրի՜… կյանքը՝ ուրա՜խ…

ՀԳ․ Հիշեցնենք, որ իմքայլականներից շատերի անուններն են մարիխուանա օգտագործելու առիթով հայտնվել մամուլի էջերում: Երիտասարդ իշխանավորները մոտ երկու տարի առաջ անգամ ուզում էին օրինականացնել ու ապաքրեականացնել մարիխուանայի վաճառքը, բայց հասարակության բացասական արձագանքը ստիպեց նրանց ետ կանգնել այդ մտքից: