Տեր-Պետրոսյանը ճիշտ չէր, Փաշինյանը սխալվեց, զորիբալայանիզմը հաղթեց
Հայաստանի պարտության, Ղարաբաղի հանձնման հետպատերազմական այս ժամանակաշրջանում, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը Ռուսաստանն ու Թուրքիան լուծել են կացնահարմամբ՝ գլխատելով հայ ժողովրդի վերջին 30 տարվա հաղթանակները, երբ աշխարհաքաղաքական փոփոխությունները վտանգավոր զարգացումներ են նախանշում, ահա այս բարդ ժամանակահատվածում, ներհայաստանյան կյանքում փոթորկվել է Ղարաբաղը փրկելու՝ առաջարկների, ծրագրերի անկանգ հեղեղը: Այդ հեղեղը ողողել է սոցցանցերը՝ փլուզելով հայ ժողովրդի վիրտուալ եւ իրական՝ պաշտպանական ամբարտակները: Ֆեյսբուքյան տիրույթում քննարկվող՝ Ղարաբաղը հանձնելու պատճառները եւ փրկելու առաջարկները ստանում են պարզունակ լուծումներ: Հայաստանի բացակա քաղաքական մտքի պայմաններում ֆեյսբուքյան վիրտուալ հարթակը դարձել է Ղարաբաղի փրկության ծրագրի դրոշակակիրը:
Ժամանակը կբացահայտի, թե որո՞նք են եղել Ղարաբաղի եւ Հայաստանի ինքնիշխանության հանձնման գլխավոր պատճառները՝ ներքին եւ արտաքին դավադրությո՞ւնը, ռազմաքաղաքական իշխանությունների վտանգավոր կարճամտությո՞ւնը եւ հաղթանակի ծրագրի բացակայությո՞ւնը, թե՞ այլ պատճառներ: Այս մեծ պարտության բոլոր մասնակիցները ոչ թե միայն պատմության, այլ այժմ են պարտավոր պատասխան տալ:
Եվ այժմ Ղարաբաղի կորստի դեմ իրավացի ցասումը հայ ժողովրդին վերադարձնում է այն ժամանակները, երբ Խորհրդային Միությունում պայթեց ղարաբաղյան Շարժումը: Մենք այժմ վերադարձել ենք հենց այդ ժամանակները՝ 88-90 թվականները, երբ Ղարաբաղի ազատագրումը դարձավ համահայկական կարեւորության խնդիրը: 1988-ի եւ 2020-ի նմանությունը նաեւ այն է, որ Ղարաբաղի ազատագրումը հայ ժողովուրդը ստիպված է սկսել զրոյական կետից:
Ե՞րբ սկսվեց ձախողումը, ո՞վ հանձնեց Ղարաբաղը եւ Հայաստանի ինքնիշխանությունը: Այժմ հայոց համազգային քննարկումների ասպարեզ նետված հարահոսում հարկ է վեր հանել այն երեք քաղաքական ուղղությունները, որոնք գաղափարապես եւ հոգեբանորեն պատրաստեցին Ղարաբաղի հանձնումը՝ մարդկային, տարածքային, քաղաքական կորուստների մատնելով հայ ժողովրդին: Այդ երեք ուղղությունների վրա կառուցվեց հայ ժողովրդի մեծ պարտության երկնաքերը: Այդ ուղղությունների հեղինակներն են՝ Զորի Բալայանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը: Ի սկզբանե այդ երեք ուղղություններն էլ Հայաստանն ու հայ ժողովրդին տանում էին մեծ պարտության:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջին ծրագիր-ուղղությունը մշակվել էր 30 տարի առաջ՝ Զորի Բալայանի կողմից: 30 տարվա ընթացքում այդ ծրագիրը փոխակերպումների ենթարկվեց. վերամիավորման ծրագրից փոխակերպվելով Ղարաբաղի անկախացման եւ դրա միջազգայնացման, ի վերջո, երբ ամեն ինչ տանուլ էր տրված՝ Ղարաբաղը Ռուսաստանին հանձնման ծրագրի: Զորի Բալայանը, որ մի ողջ քաղաքական ուղղությունն է ներկայացնում՝ «զորիբալայանիզմ» բացասական բնութագրմամբ, հայտնի է հայ-ռուսական հարաբերությունների հավերժացման գաղափարախոսությամբ եւ Արթին պապի պես ռուսաց թագավորին նամակ գրելու վարքագծով: Զորիբալայանիզմը բնազդորեն պատրաստ է անգամ Հայաստանը զոհաբերել Ղարաբաղի փրկության համար:
Հրաժարվելով վերամիավորման գաղափարից՝ առաջ տանելով Ղարաբաղի անկախության անհեռանկար ծրագիրը, զորիբալայանիզմն ի վերջո հաղթեց մի մասով. Ղարաբաղն անկախություն չստացավ, սակայն մի մասը Ռուսաստանի կազմ մտավ: Այդ ուղղության աջակիցներն էին ղարաբաղյան ծագման ՀՀ եւ ԼՂՀ նախկին ղեկավարները, ինչպես նաեւ՝ Ղարաբաղի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Զորիբալայանիզմը թեպետ հաղթեց, սակայն այդ ուղղության քաղաքական սնանկությունն ի հայտ եկավ արդեն ղարաբաղյան այս պատերազմում, երբ Թուրքիան ներգրավվեց պատերազմի մեջ, ապա եւ՝ Ռուսաստանի հետ տիրացավ պատերազմի արդյունքներին՝ հետեւանքները թողնելով Հայաստանի վրա: Բալայանիզմը պանթուրքիզմի երդվյալ հակառակորդն է եւ Ռուսաստանին է համարում պանթուրքիզմի հաղթարշավը կասեցնելու պատվար: Սակայն այս պատերազմն ավելիով վկայեց, որ Ռուսաստանը չի կարող այդ հաղթարշավն արգելակել:
Զորիբալայանիզմի պատճառով Հայաստանը չկարողացավ նաեւ հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան անընդունելի նախապայմաններ է առաջադրում միջպետական հարաբերությունների կարգավորման համար, այլ նաեւ այն պատճառով, որ Մոսկվան այդ դեպքում կորցնում էր Հայաստանը որպես ռազմաքաղաքական ֆորպոստ: Զորիբալայանիզմի քաղաքական ուղղությունը հաղթեց՝ հայ ժողովրդի մեջ վերարթնացնելով օտարին ապավինելու եւ զոհի բարդույթով տառապելու վտանգավոր բացիլները:
Այս վտանգավոր քաղաքական ուղղությունը, մյուս երկուսի հետ, Հայաստանը տարավ պարտության, սակայն հաղթեց որպես գաղափարախոսական ծրագիր: Զորիբալայանիզմի հաղթանակին զոհաբերվեցին Հայաստանի անկախությունը եւ Ղարաբաղի տարածքի մեծ մասը:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թղթապանակը թերթելիս մեկ անգամ եւս պարզ է դառնում, որ թե՛ հիմնախնդիրը, թե՛ մեր ռազմական հաղթանակները աստիճանաբար դարձել են բեռ, եւ ՀՀ տարանուն իշխանությունները Հայաստանին պատրաստել են պարտության: Ոչ միայն պարտությունը, այլեւ հաղթանակը կարող է բեռ դառնալ, մանավանդ որ այդ հաղթանակն ամրապնդելու համար ամեն օր պետք է վաղ արթնանալ եւ տառապալից աշխատել: Ղարաբաղյան հաղթանակները բեռ էին դարձել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, որի կառավարման ժամանակահատվածում էր ազատագրվել Ղարաբաղը:
Այս պատերազմը տանուլ տալուց հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շրջանառում են 1997թ. նրա աղմկահարույց հոդվածը՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը»՝ ցույց տալու, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր կանխատեսում, իսկ մյուսները սխալվեցին: Իհարկե, կարելի է նաեւ կանխատեսել, որ հիվանդ մարդը, ի վերջո, մահանալու է, բայց այդ մահն արագացնել ամեն օր դիմադրողականությունը թուլացնող դեղահաբեր տալով, եւ, ի վերջո, խորագետ կանխատեսումն իրականություն կդառնա: Իրականում կանխատեսողը ճիշտ չէր: Նախ, կարգավորման՝ Տեր-Պետրոսյանի տարբերակը նույնպես պարտության մոդել էր, որ հայ ժողովրդին հետ էր պահում հաղթանակներից, թուլացնում նրա դիմադրողականությունը՝ առաջարկելով ազատագրված տարածքների հանձնումը փուլային եւ «կարգավիճակը՝ ամենավերջում» տարբերակով: Մերժելով «քաղաքական արկածախնդրությունը»՝ Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդին պարտության էր նախապատրաստում՝ նրան զրկելով մեծ նպատակներից եւ Հայաստանը հրելով փոքր խնդիրների ճահճուտը: Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին թեպետ Ղարաբաղն ազատագրվեց, սակայն Հայաստանի պարտությունների սկիզբը դրվեց նաեւ՝ ընտրակեղծիքներով եւ հայ-ռուսական Մեծ պայմանագրի ստորագրմամբ: Տեր-Պետրոսյանը ճիշտ չէր: Հայ ժողովուրդը չէր ուզում պարտվել:
Հայաստանի հաջորդ երկու կառավարիչները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թեպետ դեմ էին կարգավորման փուլային տարբերակին, սակայն կողմ էին ազատագրված տարածքները հանձնելու, Ղարաբաղի կարգավիճակն ամրագրելու փաթեթային տարբերակին: Նրանց կառավարման տարիներին խորացան Հայաստանի ներքին եւ արտաքին պարտությունները եւ երկրի կողոպուտը: Կարգավորման առաջարկվող տարբերակները՝ Քի Վեսթից մինչեւ Կազան՝ հանգում էին Ղարաբաղի տարածքների վերադարձին՝ հանուն Ղարաբաղի անստույգ կարգավիճակի: Այդ քաղաքականությունը խտացված էր Սարգսյանի՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» ձեւակերպման մեջ: Քոչարյան-Սարգսյանը կարգավորման նոր քաղաքական ուղղություն չբերեցին՝ տարրալուծվելով Բալայանի եւ Տեր-Պետրոսյանի ուղղությունների մեջ:
Առաջին երկու ուղղությունները նախապատրաստել էին պարտության այն հոգեբանական նշաձողը, որը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ պետք է պարտադրվեր հայ ժողովրդին: Իշխանության գալով հիմնախնդրի կարգավորման՝ Տեր-Պետրոսյանի թեզերով՝ Նիկոլը դրանց ավելացրեց սեփականը՝ «կարգավորումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»:
Պատերազմի ընթացքում այդ թեզերին ավելացան նորերը՝ «ցավոտ փոխզիջումներով», «անջատում՝ հանուն փրկության» բանաձեւով եւ Ղարաբաղի հնարավոր կապիտուլյացիայի մերժմամբ: Փաշինյանը թեպետ հայ ժողովրդին խոստացել էր չտանել պարտության, սակայն ինքն արդեն սկսել էր պարտության պատրաստվել, ինչի վկայությունն էին նրա ելույթները: Նա հասկացել էր նաեւ, որ հայ ժողովրդի մեծ մասը մերժում է պարտությունը: Այդ պատճառով նախ փակեց հայկական կողմի պարտության մասին տեղակատվությունը, ապա ստիպված բացահայտեց տարածքային կորուստների քարտեզը: Քաղաքական եւ ռազմական սակավ գիտելիքները, աշխարհաքաղաքականության չիմացությունը դարձան Փաշինյանի ճակատագրական սխալների պատճառները: Նա նախ չընկալեց ռուս-թուրքական դավադրությունը, ապա եւ՝ պոպուլիզմը թույլ չտվեց հայտարարել, որ կարգավորման նրա ուղղությունը պարտվում է:
Հայաստանն ու հայ ժողովուրդը ծանր կորուստներով վճարեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման այս 3 ուղղությունների համար:
Իրադարձությունների հետագա զարգացման հեռանկարում ուրվագծվում է ղարաբաղյան նոր Շարժմամբ, նրա արժեքների եւ սկզբունքների հաղթանակով Ղարաբաղի եւ նրա ազատագրված տարածքների վերադարձման, Հայաստանի անկախության վերականգնման, Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման, հիմնովին նոր իշխանությունների ձեւավորման դժվարին ճանապարհը:
Կարծիքներ