Ո՞ւմ եւ ինչո՞ւ էին խանգարում նրանք

Ո՞ւմ եւ ինչո՞ւ էին խանգարում նրանք

Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Հայոց բանակի կազմավորման օրը: 44-օրյա պատերազմից հետո բանակի մասին խոսել եւ բանակ բառն արտաբերելն առհասարակ վերքի վրա աղ լցնելու պես մի բան է։ 2018-ից հետո առհասարակ շատ բարձրաստիճան զինվորականներ, կարծես, քաղաքական հետապնդումների սկսեցին ենթարկվել։ Թե ինչու, այս հարցի պատասխանը թերեւս 2020-ի չարաբաստիկ պատերազմից հետո հասկանալի դարձավ։ «Հրապարակը» ներկայացնում է այն բարձրաստիճան զինվորականներին, որոնք վերջին 3 տարվա ընթացքում տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ստացան եւ պաշտոնաթող եղան։

Օնիկ Գասպարյան 

2021-ի գարնանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Թեեւ վերջինս ըմբոստացավ, անգամ դիմեց ՍԴ, սակայն դատարանը սահմանադրական ճանաչեց վերջինիս պաշտոնանկության փաստը։ Իշխանական շրջանակներից էլ մինչս օրս կարելի է տարատեսակ մեղադրանքներ լսել Գասպարյանի հասցեին։ 

Միքայել Հարությունյան

Դեռ 2018-ին ՀՀ պետական և ռազմական գործիչ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընրտվեց կալանքը եւ հայտարարվեց միջազգային հետախուզում։ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է եւ ըստ ռուսական լրատվամիջոցների ՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է:

Յուրի Խաչատուրով

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը նույնպես մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար։

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ. հուլիսի 26-ին։ Երկու օր անց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին եւ օրեր անց վերադարձել Հայաստան։

Մանվել Գրիգորյան

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր լուսահոգի Մանվել Գրիգորյանն ունի գեներալ-լեյտենանտի կոչում։ Գրիգորայնը տեւական ժամանակ անազատության մեջ էր։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Լևոն Երանոսյան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն ունի գեներալ-մայորի կոչում։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ քննության տվյալների՝ 2018թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ Երևանում անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տարբեր անձինք մարմնական վնասվածքներ են ստացել հենց Լևոն Երանոսյանի գործողությունների հետեւանքով։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եղել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև՝ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրա վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։

Վիտալի Բալասանյան 

2020-ին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցության իրականացրած միջոցառման դեպքով քրեական գործ հարուցվեց։ Կուսակցությունն էլ իր հերթին հայտարարություն տարածեց, նշելով, որ իշխանությունները գործել են ոչ իրավաչափ, խախտել ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքն՝ իրականացնելով քրեական հետապնդում կուսակցության նկատմամբ։ Նկատենք նաեւ, որ 2019-ին էլ Բալասանյանը հրավիրվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների մասով հարցաքննության։ Դե իսկ 44-օրյա պատերազմից հետո էլ, իշխանական տարբեր շրջանակներից կարելի էր լսել ամենազավեշտալի մեղադրանքներն ուղղված Բալասանյանին։ 

Սեյրան Օհանյան 

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, այժմ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում է շնորհվել 2007 թ. մայիսին` ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Սեյրան Օհանյանը մեղադրյալի կարգավիճակ ունի 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող գործով։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։ Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: