Առաջին կիսամյակի ավարտին ԿՏԱԿ-ը պարզաբանումներ է անում

Առաջին կիսամյակի ավարտին ԿՏԱԿ-ը պարզաբանումներ է անում

Անցած տարվա սեպտեմբերի 14-ից մեկնարկած ուստարում թղթային մատյաններին փոխարինեցին էլեկտրոնայինները, որոնք, սակայն, մի շարք անհարմարություններ են ստեղծել հատկապես հիմա` առաջին կիսամյակը փակելիս:  

Նախկինում դասղեկն էր թղթային մատյանից հանում իր աշակերտների բացակաները եւ ներկայացնում մանկխորհրդի քննարկմանը։ Հիմա մանկավարժների համար բարդացել է աշակերտների բացակայությունները ստուգելը։ Միայն տնօրենի կամ ուսմասվարի էջով է հնարավոր իմանալ դասարանի ընդհանուր բացակաների թիվը, իսկ անվանական՝ թե տվյալ աշակերտն ընդհանուր քանի բացակա ունի, համակարգը ցույց չի տալիս։ Ինչպես նկատեց մանկավարժներից մեկը, dasaran.am-ն ուներ նման հնարավորություն, իսկ ԿՏԱԿ-ի էլեկտրոնային շտեմարանում չկա այդ հնարավորությունը։ Մինչդեռ թղթային տարբերակով կիսամյակները փակելիս, հաշվելով երեխաների բացակայությունների ժամերը, զգուշացնում էին նրանց ծնողներին, որպեսզի բացառվեն բացակայությունները։

Մեկ այլ խնդիր եւս․ նախկինում դասղեկները հաշվետվություն էին ներկայացնում իրենց դասարանների ամեն մի աշակերտի գնահատականների վերաբերյալ, հիմա, քանի որ դասղեկին միայն իր էջն է հասանելի, այլեւս չի կարող աշակերտների գնահատականները մի թղթի վրա տպել եւ հաշվետվություն ներկայացնել, դրանք նաեւ ծնողին տրամադրել, քանի որ կան ծնողներ, ովքեր չեն կարողանում էլեկտրոնային օրագրում գրանցվել ու տեսնել իրենց երեխայի գնահատականները տարբեր առարկաներից։ Մինչդեռ ճիշտ կլիներ, եթե դրանք հասանելի լինեին մի տեղում: 

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք մատյանները վարում են անհատական տեսքով, որտեղ ուսուցիչները գրանցում են ներկա-բացակաները, իսկ դպրոցի տնօրենը բացակայությունները տեսնում է յուրաքանչյուր աշակերտի հետ կապված.

«Այլ բան է՝ այն ուսուցիչը, որն այդ դասարանի հետ կապ չունի, չի տեսնում այդ երեխայի բացակայություններն ու անհատական գնահատականները: Խնդիրն այստեղ, որը բարձրացվել էր նաեւ դասղեկների կողմից, այն է, որ շատ դեպքերում, քանի որ նրանք չեն դասավանդում այդ դասարանում, բայց տվյալ դասարանի դասղեկն են, չեն տեսնում իրենց դասարանի երեխաների գնահատականները եւ բացակայությունները: Բայց մենք դասղեկների համար կստեղծենք նման հնարավորություն, կտանք առանձին էջ, որպեսզի տնօրենների ու փոխտնօրենների պես, իրենք էլ կարողանան տեսնել իրենց դասղեկական դասարանի աշակերտների անհատական տվյալները: Սա ընթացիկ ծրագրային խնդիր է, որն առաջիկայում կլուծվի, ու այդ հնարավորությունը դասղեկներին կտրվի: Ինչ վերաբերում է, օրինակ, մարզպետարանին, ապա նա տեսնում է աշակերտների թիվը դպրոցում, դասարանում, բայց մինչեւ երեխայի մակարդակ չենք իջել, որովհետեւ դա դպրոցի իրավասությունն է` տեսնել յուրաքանչյուր երեխայի հաճախելիությունը»: 

Ստացվում է` աշակերտի տվյալներին հասանելիություն ունի ուսուցիչը, ով դասավանդում է, դպրոցի տնօրենը, ուսումնական գծով փոխտնօրենը, բայց այն ուսուցիչը, ով չի դասավանդում այդ դասարանում, չունի հասանելիություն տվյալ դասարանի անհատական տվյալներին: Ինչ վերաբերում է ծնողներին, ապա նրանք իրենց երեխաների անհատական տվյալները տեսնում են, բայց «շատ հաճախ ծնողները զանգահարում են մեզ եւ ասում են` ես ուզում եմ մատյանը տեսնել: Մենք նրանց բացատրում ենք, որ ծնողը մատյանին հասանելիություն չի կարող ունենալ, այլ բան է օրագիրը, բայց նրանք հաճախ պնդում են, որ ամբողջ դասարանի տվյալներին եւս ծանոթանան, բայց դրա իրավասությունը ծնողը չունի եւ կարող է տեսնել միայն իր երեխայի անձնական տվյալները»:

Ծնողներից շատերը շարունակում են դասղեկներից թղթային տարբերակով ուզել կիսամյակային գնահատականները, բացակաները. «Մենք նաեւ այդ հնարավորությունն ենք ստեղծելու բոլոր դասղեկների համար, որպեսզի ինքն ավտոմատացված կերպով ստանա ամբողջը եւ երբ ուզենա, տեղեկանքի տրամադրման առումով, կարող է տպել ու տալ, չնայած նրան, որ ամեն ծնող տեսնում է իր երեխայի կիսամյակային գնահատականները էլեկտրոնային համակարգում»: