Ամեն «բուդկա» կայք ունի, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը՝ ոչ

Ամեն «բուդկա» կայք ունի, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը՝ ոչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը 2019-ի հունիսի 14-ին նշանակվել է Սփյուռքի հանձնակատար։ Դրանից հետո ձևավորվեց հանձնակատարի գրասենյակը։ Անցել է գրեթե 1 տարի 2 ամիս, օգոստոսի 14-ին կլրանա 14-րդ ամիսը, բայց հանձնակատարի գրասենյակը դեռ պաշտոնական կայք չունի։ Մոտ երկու ամիս առաջ հանձնակատարի գրասենյակի լրատվության պատասխանատուն «Հրապարակին» հայտնել էր, որ կայքը վերաթարմացման փուլում է։ Փաստորեն, դեռ վերաթարմացվում է։ Այն դեպքում, երբ ամեն մի նորաբաց ԱՁ, խանութ, սրահ, վարսավիրանոց, «բուդկա» ունի կայք, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, որի շահառուներն աշխարհի 10 միլիոն հայերն են, ոչ։ Իհարկե, այս առնչությամբ անցած անգամ մեկնաբանել էին, որ գործում է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։ Բայց փաստ է, որ մարդիկ մեկ տարում մի կայք անգամ չեն կարողանում կամ չեն ցանկանում գործարկել, բայց 7 ամսվա համար շուրջ 174 հազար դոլարի կամ 83 միլիոնի պարգևավճար են իրենց գրել։

Հիշեցնենք, որ Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել և խնդրել, որպեսզի տեղեկություններ տրամադրեն, թե որքան է կազմել գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 01.07.2019 թ. մինչև 31.01.2020թ.։ Լիներ այդ կայքը, միգուցե այնտեղ գիտականորեն հիմնավորված տեղեկատվական նյութեր լինեին, թե ինչու է պետք Հայաստանի Հանրապետություն հրավիրել ասորիների ու արաբների։ Բայց չկա։

«Հրապարակը» փորձեց պարզել, թե կառավարությանն առընթեր մարմիններից է՞լ որը չունի պաշտոնական կայք։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունի կայք, նորմալ գործում է, պարբերաբար թարմացումներ են լինում՝ մոտ ամսաթվերով։ Նույնը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Կադաստրի կոմիտեն, Կրթության տեսչական մարմինը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, Պետական եկամուտների կոմիտեն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Վիճակագրական կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Անվտանգության խորհուրդը և ՊՎԾ-ն ևս ունեն։