Մխիթար Զաքարյանին բերել են Երևան՝ Քննչական կոմիտե

Մխիթար Զաքարյանին բերել են Երևան՝ Քննչական կոմիտե

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն արդեն Երևանում է, նրան հավանաբար տանում են Քննչական կոմիտե։ Այս մասին Hraparak.am-ին ասաց Զաքարյանի շահերի պաշտպան Գայանե Պապոյանը։ Նա նախ պատմեց, որ ինքը երեկ գիշերը Զաքարյանի հրավերով եղել է Մեղրիում, որտեղ ոստիկանները Զաքարյանին՝ առանց պատճառաբանության տարել են նախ ոստիկանության Մեղրիի բաժին, ապա՝ Կապանի բաժին, այնտեղից էլ, պարզվել է, որ բերում են Երևան։ Իրենք էլ իրենց մեքենայով հետևել են 065 II 01 ոստիկանական պետհամարանիշով սև Toyota Corolla-ին, որի մեջ գտնվում էր Մեղրիի քաղաքապետը։ Լուսադեմին նոր՝ քիչ առաջ, հասել են Երևան։

Ի դեպ, նա ասաց, որ Մխիթար Զաքարյանի բնակարանը երեկ գիշերը չեն խուզարկել։

«Երեկ ամբողջ մամուլով թնդում էր, թե Մխիթար Զաքարյանի տունը խուզարկում են,բայց այդ պահին նման բան չկար, ես՝ ինքս այնտեղ եմ եղել՝ որպես Մխիթար Զաքարյանի փաստաբան, և նման բան չեմ տեսել։ Մենք միասին գնացինք ոստիկանության Մեղրիի բաժին, խնդրեցինք,որ պազրաբանեն՝ ինչումն է խնդիրը, մեզ պարզաբանեցին, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված որևէ գործողություն չունեն կատարելու, որից հետո մենք վերադարձել ենք տուն։ Այնուհետև, մեկ ժամ անց մեզ այցելում են ոստիկանության ծառայողները՝ ասելով, որ Զաքարյանին հրավիրում են ոստիկանության բաժին, սակայն չեն նշում, թե ինչ դատավարական կարգավիճակով, ինչ քրեական գործի շրջանակներում և, առհասարակ, ինչ անհետաձգելի գործողություն կատարելու համար, քանի որ գիշերային ժամ էր՝ 3 անց 20, իսկ այդ ժամին արգելված են քննչական կամ դատավարական գործողությունները՝ բացառությամբ անհետաձգելի գործողությունների, սակայն ասացին՝ էդպես է պետք, տեղում կիմանաք»,-ասաց Գայանե Պապոյանը։

Գնացել են Մեղրիի ոստիկանություն, որից հետո Զաքարյանին ոստիկանական մեքենայով տարել են Կապանի բաժին, այնտեղից էլ, ինչպես նշեցինք, որոշել են բերել Երևան։

Պապոյանն ասաց, որ այս պահին իրենք արդեն Երևանում են, մեր զրույցի պահին Արաբկիր վարչական շրջան էին հասել՝ «Հաղթանակի» այգու մոտ էին, և ասաց՝ ենթադրում է, որ Քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով վարչություն են տանում Զաքարյանին։

Հարցին՝ ինչ-որ քրեական գործ կա՞ հարուցված, իրենց տեղեկացրե՞լ են, փաստաբանն ասաց՝ ոչ, իրենց որևէ բան չեն ծանուցել։