«Հրապարակ». 7 տարվա ընթացքում 22 տրիլիոն դրամի «կոռուպցիայի պաշար» է կուտակվել

Նախկինների «թալանը» հետ բերելու խոստումով զանգվածներին մանիպուլացրած, սոցիալական արդարություն հաստատելու խոստումներով իշխանության եկած Փաշինյանն իր էլեկտորատին օրեցօր ավելի է հիասթափեցնում։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասին բարի հեքիաթներով հանրությանը կերակրած իշխանությունն ինքն է թաթախվել կոռուպցիայի մեջ։ Եթե նախկինները 30 տարում էին կոռումպացվել, Փաշինյանի իշխանությունը դա արեց ընդամենը 7 տարում՝ առանց մրցույթի գնումներ կատարելուց մինչեւ միլիարդների վատնումներ։ Չնայած փորձում են կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա ստեղծել՝ մանր ու միջին չինովնիկներ ձերբակալելու պատմություններով, բայց ՀՀ քաղաքացու համար ակնհայտ է՝ կոռուպցիան բարգավաճում է։ Սա է պատճառը, որ Փաշինյանը, բառի բուն իմաստով, հունից դուրս է գալիս, երբ կոռուպցիայի մասին հարցեր են տալիս, հիշեցնում ներդրումային տապալումներն ու աղմկոտ կոռուպցիոն փաստերը։ Հավանաբար, նա հասկանում է, որ իր, այսպես կոչված, խաղաղության օրակարգի փուչիկը պայթել է, եւ իր նոսրացող համակիրներին իր կողքին պահելու միակ «կապիտալը» մնացել են նախկինների «թալանն» ու կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիան։
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է արտահայտվի բյուջեում, մինչդեռ բյուջեում դա չի արտահայտվել՝ «Հրապարակ»-ին ասում է նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ «Փաշինյանը վերցնում է 2025-ի բյուջեն եւ համեմատում 2017թ. բյուջեի հետ ու ասում է, թե 2 տրիլիոն ավել փող կա, բայց մենք մաթեմատիկական անալիզ ունենք՝ այդ 2 տրիլիոնը կա գնաճի հաշվին, տնտեսական փոքրիկ աճի հաշվին եւ այն բանի հաշվին, որ իրենք հարկերն են բարձրացրել։ Այսինքն, մենք չունենք ստվերային տնտեսության կրճատում, ունենք չնչին գումարներ, որոնք նախկինում չեն հարկվել, հիմա հարկվում են, բայց եթե հարկվում են, դա կոռուպցիայի հետ կապ չունի։ 97 տոկոսը, այն հավելյալ միջոցների, որն ստացել է բյուջեն, վերը նշված աղբյուրների հաշվին է ստացվել։ Առավել մանրամասն ընթերցողները կարող են ծանոթանալ իմ մասնագիտական ժառանգությանը, որտեղ այս ամենը պրոֆեսիոնալ մեկնաբանվում է»,- ասում է նախկին վարչապետը։
Բագրատյանը շեշտում է՝ Փաշինյանը ոչ միայն տապալել է իր հռչակած՝ կոռուպցիայի դեմ պայքարը, այլեւ ավելացրել է կոռուպցիան։ «Եթե մենք, օրինակ, վերցնենք այն չհավաքագրված հարկային եկամուտները, որ այս 7-8 տարիներին պետք է հավաքվեին, ապա ստացվում է, որ կոռուպցիան մեծացել է։ Տեսեք, օրինակ, ստվերային տնտեսությունը 39-ից 37 տոկոսի է իջել, բայց ամեն տարի Փաշինյանի իշխանությունը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ 7 տարի շարունակ 37 տոկոսը՝ ՀՆԱ-ի համեմատ, կազմում է 260 տոկոս միջոցներ, որոնք կուտակվել են։ Ես այսպիսի գրական արտահայտություն ունեմ՝ կոռուպցիայի պաշար։ Այո, մի 5-10 մլրդ դրամ գուցեեւ բերել է, բայց իրականության մեջ այս ընթացքում կուտակվել է եւս 22 տրիլիոն դրամի կոռուպցիոն միջոց։ Սա մոտավոր գնահատականն է»,- հաշվում է Բագրատյանը։
Մեր զրուցակիցը պատահական չի համարում, որ Փաշինյանը նյարդային վիճակում է հայտնվում կոռուպցիայի մասին խոսելիս, ասում է՝ մասնագետները՝ բժիշկներն ու հոգեբանները, դա կգնահատեն, բայց ակնհայտ է, որ այդ հարցերը նրան դուր չեն գալիս։ «Կոռուպցիան ամենուրեք է՝ կոռուպցիա է 10 միլիոն դոլար վճարելը` ավիաընկերություն ստեղծելու համար, հետո պարզելը, որ այդ փողերը չկան։ Փոքր բաներից ասեմ՝ կոռուպցիա է իրենց ընկերների միջոցով բանակի համար ելակ արտադրելը, կոռուպցիա է Երեւանի ծառատունկը, կոռուպցիա է ՄԱՆ ավտոբուսներ բերելը, որոնցից 3 անգամ ավելի էժան արտադրում էին, բայց մրցույթը տվեցին ՄԱՆ ավտոբուսներին, որտեղ հանրապետությունը կորցրեց 20 միլիոն եվրո։ Կոռուպցիա են Երեւանում շենք կառուցելն ու 1-2 հարկ նվիրելը պետական կառույցներին՝ ի տնօրինություն։ Կոռուպցիա են 17-18 հարկանի շենք կառուցելն ու կայանատեղի չունենալը, երբ Բեռլինում ասում են՝ եթե 100 բնակարան ես կառուցում, 150 հատ կանգառ պետք է ունենաս շենքի տակ։ Այսօր մենք տեսնում ենք, որ Երեւան քաղաքում անհնար է դարձել շարժվելը։ Երկրում տիրող այս քաղաքաշինական բորդելն ամբողջությամբ կոռուպցիա է»,- թվարկում է Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ քաղաքաշինական նորմերը համատարած անտեսվում են, իսկ տարեկան 500-600 միլիարդ դրամի շինարարությունն ամբողջությամբ թաղված է կոռուպցիայի մեջ։
Մեր զրուցակցի համոզմամբ, առաջիկա տասնամյակում սերունդները պետք է զբաղվեն այս իշխանության կոռուպցիոն գործարքներով։ Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների թալանին, ինչի մասին շատ է սիրում խոսել Փաշինյանը, Բագրատյանն արձանագրում է՝ դեռեւս չկա հրապարակված որեւէ դատական ակտ, որով «թալանը հետ կբերվեր»։ «Խոսք է գնում մի «Ռենջ Ռովերի» մասին, որն ուտիլիզացիայի կարիք ուներ, մարդը բերել-տվել է իրենց, ասել՝ տարեք դուք ուտիլիզացրեք։ Ես ուրիշ խոսակցություն չգիտեմ, բացի մեկ-երկու դեպքից, որ պետությանը հյուրանոց-բան են նվիրել։ Դրանք վաճառել են-չեն վաճառել, քանի կոպեկ է մտել պետբյուջե, վերջին 8 տարիների բյուջեներին հետեւել ենք` նման բան չկա։ Տեսեք, թե քանի հոգու են կաշառակերության ու կոռուպցիոն գործերով աշխատանքից ազատել։ Ես չեմ կարող ասել, թե որեւէ լուրջ բան կա, որեւէ տեղ որեւէ հաջողություն կա»,- եզրափակում է ՀՀ նախկին վարչապետը։
Հավելենք, որ օրերս Պետգույքի կառավարման կոմիտեն հրապարակել էր պետությանը վերադարձված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ տեղեկություն, ըստ որի՝ 21 միավոր անշարժ գույք եւ 1 տրանսպորտային միջոց է վերականգնվել, այդ թվում՝ այդքան չարչրկված «Ռենջը», մի ավտոտնակ ու հողամաս։
Կարծիքներ