Արժե՞ ներել դավաճաններին եւ քրեական հանցագործներին

Արժե՞ ներել դավաճաններին եւ քրեական հանցագործներին

Ներելը քրիստոնեության հիմնական առանցքներից մեկն է, սակայն այն չի կարելի համատարած կիրառել, հատկապես պատերազմական դավաճանությունների նկատմամբ: Իհարկե, արցախյան վերջին պատերազմի ժամանակ շատ-շատերի կողմից թույլ են տրվել բազմաթիվ ոչ չգիտակցված սխալներ, որոնց մի մասն անգամ ճակատագրական դեր է խաղացել պատերազմում եւ նվազեցրել մեր հաղթանակի հավանականությունը: Այս կարգի սխալները կարելի է նաեւ ներել, քանզի նրանց գործողություններում միտում չի եղել: Սակայն պատկերը լրիվ այլ է, երբ մարդը գիտակցված է սխալներ թույլ տալիս, այն էլ՝ հայրենիքի փրկության համար մղվող պատերազմում, որի ելքը կարող է ճակատագրական լինել հայրենիքի լինել-չլինելու հարցում:

Նման մարդիկ, միանշանակ, դավաճաններ են, եւ ոչ մի պարագայում նրանց ներել չի կարելի: Այս ներման մասին խոսք լինել չի կարող, երբ մարդիկ դավաճանել եւ մի քանի գրոշի համար նպաստել են, որ սպանվեն մեր ազգակիցները, հայրենիք կորցնենք: Մեր առյուծ հերոսներն իրենց կյանքի գնով փորձում էին պաշտպանել մեր հայրենիքը, որպեսզի թուրքը հանկարծ չմտնի մեր օջախ եւ չպատվազրկի մեր մայրերին, քույրերին ու կանանց: Ստացվում է, որ մեր մատղաշ հերոսներն իրենց կյանքը զոհեցին նաեւ այդ դավաճանների ընտանիքների պատիվը բարձր պահելու համար, իսկ նրանք դավաճանեցին եւ նպաստեցին, որ թուրքը մտնի նրանց օջախներ եւ պղծի մեր երկիրը: Այսքանից հետո ինչպե՞ս կարող է նորմալ հայի մտքով անցնել՝ ներել այդ դավաճաններին: Նրանց նկատմամբ միմիայն մեկ քայլ կա անելու. պետք է օրը ցերեկով նրանց մեկառմեկ կախաղան հանել Հանրապետության հրապարակում եւ նրանց քոքն իսպսռ արմատախիլ անել: 

Իսկ ոչ դավաճաններին, ովքեր կատարել են հանցանքներ, նրանց նկատմամբ պետք է ձեռնարկել համապատասխան իրավական գործընթաց եւ օրենքի տառին համապատասխան կիրառել սահմանված պատժամիջոցներ: Եթե նրանց նկատմամբ չորդեգրվի նման մոտեցում եւ ներում շնորհվի, ապա դրանով հիմք է դրվելու հետագա պատերազմներում դավաճանների թվի էլ ավելի շատացմանը: Եթե համաներման նման որոշման նախագիծ է պատրաստվում, ապա քրեական օրենսգիրքն այդ պարագայում ընդամենը մի թղթի կտոր է դառնում, որով պետք է կանոնակարգվեն քրեական հանցագործությունները: Ստացվում է, որ մենք հասել ենք մի հանգրվանի, երբ պետական մակարդակով փորձ է արվում համաներում կիրառել պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների համար, որոնցում կարող են նաեւ առկա լինել անգամ դավաճանության դեպքեր:

Առիթ չի եղել, որպեսզի իմ կողմից՝ աշխարհի կտրվածքով ուսումնասիրություն կատարվի, թե մյուս երկրներն ինչ վերաբերմունք ունեն իրենց երկրներում պատերազմների ժամանակ քրեական հանցագործություններ եւ դավաճանություններ կատարած անձանց նկատմամբ, սակայն մի բանում հաստատ համոզված եմ, որ բացառված է այն իրավիճակը, երբ քրեական հանցագործի եւ հայրենիքի նկատմամբ դավաճանություն կատարած անձի նկատմամբ կիրառվի համաներում: Դա նույնն է, որ դեռ պատերազմը չսկսված, Հայաստանը եւ Արցախը հայտարարեին, որ առանց պայքարի հանձնվում են, եւ մենք դա հանդուրժեինք:

Դիմում եմ իշխանությանը, որպեսզի սթափվեն եւ զգուշորեն մոտենան այս զգայուն հարցին, քանզի դրանով միմիայն կնպաստեն հետագա դավաճանությունների քանակի ավելացմանը: 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ