Ավելի անհեթեթ բան դժվար է պատկերացնել

Ավելի անհեթեթ բան դժվար է պատկերացնել

«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանն ասում է, որ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը նոր ոչինչ չպարզեց, որ «պայմանավորված պատերազմի» գաղտնիքը պահում են նաեւ նոր իշխանությունները, եւ անցումային արդարադատությունը մի օր բոլոր «դավաճաններին պատժելու է»: Ավելի անհեթեթ բան, քան «պայմանավորված պատերազմ» ասվածն է, դժվար է պատկերացնել: Այսինքն՝ ինչպե՞ս: Վարուժան Ավետիսյանի ասելով՝ «գերագույն գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարին ասել է, որ լինելու է ադրբեջանական հարձակում, դիմադրություն չպիտի՞ կազմակերպվի»:

Այդ դեպքում հակառակորդն ինչու՞ չի հասել Սարսանգի ջրամբարին, Հադրութի մատույցներին: Դիրքապահ զինվորները հերոսաբար դիմադրե՞լ են: Այո: Իսկ ո՞վ է կազմակերպել այդ դիմադրությունը: Միայն բանակը՝ կամավորների հե՞տ: Այդ դեպքում ապրիլի 5-ին, հրադադարի հաստատմանը հաջորդած առաջին իսկ ժամերին բանակը պետք է դներ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց: Իրականացներ զինվորական հեղաշրջում:  Նման խմորումներ չեն եղել: Ապրիլյան քառօրյայից ամիսներ անց «ապստամբել են «ծռերը» եւ գրավել ՊՊԾ գունդը: Այ դա արդեն հետաքրքիր է: Մանավանդ որ ժամանակային առումով մեկը-մեկին համընկնում է Թուրքիայում «ռազմական հեղաշրջման փորձի» ՝ Էրդողանի կողմից բեմադրված «դրամային»: Հիմա «ծռերն», ասում են, որ դրանով կանխել են «հողերի հանձնումը»: Այսինքն, թուլացնելով Հայաստանի իշխանությունը, իրենք «նպաստել են հակահայկական ծրագրի տապալմանը»: Արտառոց տրամաբանություն է: Սովորաբար ներքին անկայունություն ստեղծվում է այնտեղ, որտեղ արտաքին ուժերն  ձգտում են ինչ-որ նպատակի, բայց հանդիպում իշխանության դիմադրությանը: Եւ որպեսզի վերջինս ենթարկվի, նրա դեմ գործի են դնում «հինգերորդ զորասյունը»: Սա է ապրիլյան քառօրյայից հետո իրավիճակի ինտրիգը, որ, ցավոք, մնում է չբացահայտված: Այն է՝ «ծռերի  ապստամբությունն» ինքնաբու՞խ էր, թե՞ արտաքին հովանավոր ունի: Եթե Սերժ Սարգսյանի ասուլիսն ներկա լինեի, այս հարցն անպայման կուղղեի նրան: