Արցախի ճանաչման համար պետք է մեկտեղել բոլոր ջանքերը

Արցախի ճանաչման համար պետք է մեկտեղել բոլոր ջանքերը

Հայկական սփյուռքում շարունակվում են Արցախի անկախության ճանաչման հարցով բողոքի ակցիաները տարբեր երկրներում, սփյուռքի մեր հայրենակիցները փակում են միջպետական ճանապարհներ, պահանջում ճանաչել Արցախը։ ՀՀ եւ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ պետք է ամեն կերպ հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանին հարցրինք, թե ինչ ձեւաչափով է մեկնարկել Արցախի ճանաչման գործընթացը, եւ ինչ են անում իրենք։

«Մենք պետք է մեկտեղենք բոլոր ջանքերը, որովհետեւ այսօր իրականում այնպիսի ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել, որ Արցախի ճանաչման հարցը դարձել է հրատապ եւ հրամայական։ Չկա մի առանձին կառույց, որի վրա է այդ պարտականությունը։ Իհարկե, որպես այդպիսին, կան արտաքին գործերի նախարարություն, կառավարություն, հանրապետության նախագահ եւ ԱԺ, որոնք իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու շրջանակներում զբաղվում են նաեւ արտաքին քաղաքականության ոլորտով։ Մասնավորապես, ԱԺ-ն խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում բարեկամական խմբերի եւ միջազգային խորհրդարանական հարթակների շրջանակներում ամեն ինչ անում է եւ անելու է, որպեսզի Արցախի ճանաչման հրատապ թեման լինի քննարկվող․․․պետք է այդ կարեւոր քաղաքական որոշումը կայացնեն։ Թե ինչքանով կստացվի, ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ՝ բավականին ակտիվ աշխատանք անում ենք։ Սփյուռքը՝ որպես մեկ միասնական մարմին, Հայաստանի ժողովրդական դիվանագիտության շատ կարեւոր ներկայացուցիչներ եւ առանձին-առանձին՝ իր կառույցներով, անհատ մարդկանցով՝ սկսած ճանապարհ փակողներից, ավարտած ազգային, հոգեւոր կառույցներով, բոլորը պետք է ջանքերը մեկտեղեն, որովհետեւ դա շատ կարեւոր խնդիր է այս պահին, եւ տա Աստված, որ մեր ջանքերը եւ միջազգային հանրության ցանկությունները, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական միջավայրը համընկնեն, եւ այդ հարցը լուծվի»,- պատասխանեց նա։

Իսկ ի՞նչ է անում կոնկրետ Ազգային ժողովը՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։ «Կոնկրետ ես կարող եմ ասել այն, ինչ ես եմ անում, որպես ԱԺ պատգամավոր եւ Հայաստան- Բելգիա բարեկամական խմբի ղեկավար․ բոլոր բարեկամական խմբերի ղեկավարներն ու անդամներն իրենց հերթին, համապատասխան բարեկամական խմբերի հետ ապահովում են շատ սերտ եւ հաճախակի կոնտակտներ, մենք նրանց ներկայացնում ենք իրավիճակը, տարբեր լեզուներով, հանգամանորեն, համապարփակ․․․ հումանիտար աղետի շեմին կանգնած չճանաչված երկրի իրավիճակը, ադրբեջանաթուրքաահաբեկչական եռյակի անմարդկային գործողությունները, պատերազմական հանցագործությունները խաղաղ բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների դեմ։ Հիմնավորում ենք Արցախի Հանրապետության ճանաչման հրամայականը, անընդհատ նրանց հետ կապի մեջ ենք եւ հաճախ նույնիսկ հասնում ենք նրան, որ նրանք արտահայտվում են այդ կապակցությամբ։ Օրինակ՝ Բելգիայի խորհրդարանի պատգամավորները մասնակցել են Բրյուսելում հայերի կազմակերպած  ցույցերին, հայանպաստ ելույթներ են ունեցել եւ իրենց էջերում հանդես են եկել հայկական արդարացի դիրքորոշումը պաշտպանող գրառումներով, տեսանյութերով եւ իրենց խորհրդարաններում հանդես են եկել Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանող ելույթներով»։