Մեր այլընտրանքը ո՞րն է

Մեր այլընտրանքը ո՞րն է

Հայաստանում կրկին ակտուալացել է «Ռուսաստանի՞ հետ, թե՞ ոչ» դիսկուրսը: Ոմանք համարում են, որ 2018թ. իշխանափոխությունից հետո ռուս-հայկական հարաբերությունները, մեղմ ասած, դրական դինամիկա չեն ունեցել:

Ոմանք գտնում են, որ Հայաստանը բարձրացրել է ինքնիշխանության նշաձողը եւ ներկայումս Մոսկվան եւ Երեւանը գտնվում են «արժեքների վերագնահատման փուլում»: Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին, կառույցներ, որ ձեւավորվել են Ռուսաստանի շուրջ եւ գնահատվում են որպես ամերիկյան միաբեւեռ աշխարհարհակարգի հակակշիռ: Իրավիճակը, որում Հայաստանն է(ԼՂ խնդրի չկարգավորվածությամբ եւ պատերազմից հինգ րոպե պակաս սպառնալիքով), պահանջում է մասնագիտական խոր եւ համակողմանի վերլուծություն:

Այստեղ չեն օգնի Չինաստանից օգնության փաթեթների վրա Արարատի պատկերի մասին «աշխարհաքաղաքական» իլյուզիաները, ոչ էլ՝ Իրանի հետ ռազմավարական համագործակցության թեմայով շաղակրատանքները: Օրերս երկու նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Չինաստանն ընդունեց Հոնկոնգի մասին օրենք, թեեւ մինչեւ 2047թ. քաղաքը պետք է պահպաներ բացառիկ ինքնավարության կարգավիճակը: Պեկինի այդ միակողմանի քայլը, որով ուղղակի իրավազորություն է հաստատվում Հոնկոնգի նկատմամբ, արեւմտյան աշխարհն ընդունեց ըմբռնումով: Ոչ մի քննադատական հայտարարություն չհնչեց անգամ Լոնդոնից, որը Հոնկոնգի հատուկ կարգավիճակի երաշխավորն էր: Հարցը, կարելի է ասել, փակվեց: Արեւմուտքում ոչ ոք Չինաստանի հետ հարաբերություններ սրելու ցանկություն չունի, որովհետեւ գերազանց են հասկանում՝ այլընտրանքը չին-ռուսական աշխարհաքաղաքական բեւեռի ձեւավորումն է: Իսկ դա լուրջ մարտահրավեր կլինի: Երկրորդ վճռական քայլն արեց Թուրքիան:

Երկրի Գերագույն դատարանն օրինական համարեց, որ նախագահ Էրդողանը կարող է հրամանագրով Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից կրկին վերածել մզկիթի: Մի կողմ թողած Հունաստանի՝ հասկանալիորեն բնական, արձագանքը, միակ երկիրը, որ անհանգստություն հայտնեց, Միացյալ Նահանգներն էր՝ պետքարտուղարության մակարդակով: Իսկ ի՞նչ հետեւեց դրան: Թուրքիան Վաշինգտոնին պատասխանեց ԱԳՆ խոսնակի միջոցով եւ ասաց, որ Սուրբ Սոֆիան պատկանում է իրեն, գտնվում  է թուրքական հողի վրա եւ նրա վերաբերյալ ցանկացած որոշում Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է: Խնդրին անդրադարձավ նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցին՝ զգուշացնելով, որ Սուրբ Սոֆիայի վերածումը մզկիթի կսրի քրիստոնյաների եւ մուսուլմանների հարաբերությունները: Մեկնաբաններն իսկույն արձանագրեցին Վաշինգտոնի եւ Մոսկվայի վերաբերմունքի տարբերությունը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն դիվանագիտական լռություն է պահպանում: Դա հասկանալի է: Ներկայումս ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը «պատերազմում են» Թուրքիայի համար: Եւ ցանկացած քայլ, որ Թուրքիային հեռացնում է Արեւմուտքից, Ռուսաստանի համար ողջունելի է: Եթե ավելի հստակ, ապա Ռուսաստանի համար միեւնույն է, թե քաղաքակրթական ինչ արժեքներ դավանող-չդավանող երկրի հետ կարող է հասնել երկբեւեռ աշխարհի կառուցման:

Եթե դա Թուրքիան պիտի լինի՝ Մոսկվան ոչ մի խնդիր չի տեսնում: Իրականությանը պետք է նայել բաց աչքերով: Մի կողմում ակնհայտի ծանրքաշային Թուրքիան է (Ռուսաստանի եւ հետխորհրդային տարածքի ներքին «Թուրքիայով» հանդերձ), մյուսում՝ «հայկական հարցը»: Մեկը՝ իրական, մյուսը՝ վիրտուալ: Հույս պահել, որ ԱՄՆ-ը, ինչպես քաղաքագետներն են ասում, ֆրագմենտացնելու է Մերձավոր Արեւելքը եւ մասնավորաբար՝ Թուրքիան եւ այդ տեսլականի վրա պետական քաղաքականություն կառուցել՝ պարզապես դոնքիշոտություն կլինի: Մի դեպքում ունենք փաստացի անվտանգային «հովանոց»՝ ՀԱՊԿ-ով եւ հայ-ռուսական ռազմական համագործակցության առանձին պայմանագրով, մյուսը՝ Թուրքիայի մասնատումը եւ պատմական արդարության վերականգնումը, սոսկ տեսլական է: Այս իրավիճակում ո՞վ եւ ինչու՞ է դիսկուրս սադրում, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի հետ մեկ դար առաջ կնքած պայմանագրից:

Իշխանությունը կոչված է որոշում կայացնելիս հիմք ընդունել ոչ թե «էլիտար» ինչ-որ խմբի, այլ՝ ժողովրդի մեծամասնության կամքը: Թեման, որ Ռուսաստանը «մեզ ինչ-որ չհատուցած պարտք ունի»՝ որպես ներկայացնում են ոմանք, մեր ինքնիշխանությանը ոչինչ չի տալիս: Ընդհակառակը, մի բան էլ նվազեցնում է, որովհետեւ ինքնիշխանությունը բացի առարկայական բաղադրիչներից, նաեւ հոգեկերտվածք է: Մի բան անվիճելի է. հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամին այլընտրանք Մոսկվան ունի՝ ռուս-թուրք-ադրբեջանական լայն ռազմաքաղաքական այլյանս: Մեր այլընտրանքը ո՞րն է: 

Հ. Գ. Հարց քաղաքագիտական մտավարժանքներով զբաղվողներին, «Դուք բացառու՞մ եք պոստխորհրդային տարածքում Ռուսաստանի դոմինանտությամբ ինչ-որ կոնֆեդերացիա ստեղծելու հավանականությունը: Ընդ որում՝ հենց Արեւմուտքի լուռ համաձայնությամբ, գուցե նաեւ՝ գործուն աջակցությամբ»: