ՊՆ-ի առողջապահական հարցերով վարչությունն անտերության է մատնված

ՊՆ-ի առողջապահական հարցերով վարչությունն անտերության է մատնված

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն ունեցավ ոչ միայն տարածքային մեծ կորուստներ ու անհաշվելի թվով զոհեր, այլեւ` հազարավոր հաշմանդամներ: Մեզ պատմեցին, որ Պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչությունն անտերության է մատնված:

Բանն այն է, որ վերոնշյալ բաժինն արդեն տեւական ժամանակ է չունի բաժնի պետ, իսկ գաղտնիք չէ, որ ղեկավար չունենալու արդյունքում տվյալ կառույցն արդյունավետ գործել, թերեւս չի կարող: Ինչեւէ, քանի որ պետական մարմինները դժվարանում են արդյունավետ աշխատել հասարակությունն այսպես ասած մնում է ՀԿ-ների եւ այլ մասնավոր կառույցների հույսին:

Տվյալ պարագայում, առողջական խնդիրներ ունեցող, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող զինծառյողներն օգտվում են մասնավոր կառույցներից: «Զինվորի տուն» կազմակերպության տնօրեն Հայկուհի Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Զինվորի տունն» ունի ավելի քան 70 ստացիոնար մահճակալ:

Ըստ նրա` կառույցը միայն  առողջապահական չէ, առկա են նաեւ սոցիալկրթական ծրագրեր: «Հիմնադրման օրից ի վեր ավելի քան 5000 զինհաշմանդամ օգտվել է կազմակերպության ծառայություններից» , - նշում է մեր զրուցակիցը: Հայկուհի Մինասյանի պնդմամբ` մոտ օրերս «Միքայելյան վիրաբուժության կենտրոնում» կբացվի նոր բաժանմունք, որը նախատեսված կլինի գանգուղեղային վնասվածքներ ունեցող զինծառայողների համար, որոնք այսօր բուժում ստանում են արտերկրում: Այն հարցին, թե ի՞նչ կրթական ծրագրեր է իրականացնում «Զինվորի տունը», մեր զրուցակիցն ընդգծեց. «Սա ենթադրում է, որ եթե լուծվել է զինհաշմանդամի առողջական խնդիրն, ապա պետք է սկսել սոցիալական վերականգնման գործընթացը: Այն տղաները, որոնք պատերազմի ժամանակ զրկվել են իրենց մասնագիտությունից, հաշմանդամ են, չեն կարողանում զբաղվել իրենց մասնագիտությամբ, «Զինվորի տունը» վերցնում է մասնագիտական կողմնորոշման փոքրիկ հարցազրույց, որից հետո նրանք ընտրում են նոր մասնագիտություն», - նշում է նա:

Ըստ մեր զրուցակցի` արդեն 600 շահառու օգտվել է կրթական ծրագրից, որից շուրջ 150-ը արդեն աշխատանք ունի: Այն հարցին, թե մեկ ամսվա ընթացքում որքա՞ն զինհաշմանդամ է դիմում ձեզ, մեր զրուցակիցը նշեց. «Զինվորի տունն» ամսվա կտրվածքով ընդունում է ավելի քան 200-300 զինծառայող:

«Մեր կազմակերպությունը բացի բուն վերականգնողական աշխատանքից կատարում է նաեւ այլ առողջապահական ծառայություններ: Օրինակ` եթե տվյալ զինհաշմանդամն ունի աչքի վիրահատության կարիք, մեր սոցիալական աշխատակիցները զբաղվում են նաեւ այդ հարցերով: Հոգեբանական ծառայություններ եւս մատուցվում են»: