Վստահությունս պակաս է, քանի դեռ․․․

Վստահությունս պակաս է, քանի դեռ․․․

2019 թ-ի դեկտեմբերի 18-ին Անահիտ Բախշյանը ստացել էր ծանուցում, որ գլխավոր դատախազը 15 տարի անց վերացրել է «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների մասով նախաքննությունը կարճելու մասին որոշումը, և Դատախազությունը դեկտեմբերի 25-ին նյութերն ուղարկել է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ, որպեսզի այնտեղ  նոր քննություն իրականացվի։

Ի՞նչ է կատարվել այս ընթացքում։ Անահիտ Բախշյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ուրբաթ օրը՝ հունվարի 10-ին պաշտոնապես ստացել է քրեական վարույթ հարուցելու որոշումը։
Անահիտ Բախշյանից հարցրեցինք նաև՝ տեղյա՞կ է՝ տուժողի մյուս իրավահաջորդներն ինչ դիրքորոշում ունեն կազմակերպիչների մասով գործը վերսկսելու առնչությամբ։

Հիշեցնենք, որ երբ Արման Բաբաջանյանը նոր-նոր էր բարձրաձայնել Նաիրի Հունանյանի հետ իր հանդիպման մասին ու զոհերի հարազատներին հրավիրել իր հետ հանդիպման, վերջիններս բավականին սառը դիրքորոշում էին ցուցաբերել և հրավերը չէին ընդունել։ Իսկ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, նաև Դեմիրճյանները բաց տեքստով հայտարարեցին, որ իրենց համար ինչպես անընդունելի էր տարիներ առաջ գործի պարտակումը, այնպես էլ հիմա անընդունելի կլինի գործի՝ ինչ-ինչ կոնյուկտուրային շահերով՝ դատավարության քաղաքականացումը և որ երկրորդ անգամ իրենք այդ ճանապարհով չեն անցնի։ Քանի որ Դեմիրճյանների փաստաբան Աշոտ Սարգսյանը կոտրած լինելով կոնքոսկրը՝ գտնվում է հիվանդանոցում, նրա հետ իր վստահորդների դիրքորոշման մասին խոսել չհաջողվեց, այս հարցը տվեցինք Անահիտ Բախշյանին։ Վերջինս ասաց․ «Իրենց կարծիքը չեմ հարցրել, որովհետև իրենք գիտեին ի սկզբանե, որ ես այդ քայլին դիմելու եմ»։

Անահիտ Բաշխյանը համամիտ չէ, որ զոհերի մյուս հարազատները դեմ են գործի վերաբացմանը։ Բայց ասաց, որ նրանց կարծիքը իրենցից հարցնենք։

Իրեն՝ Անահիտ Բախշյանին հարցրեցինք՝ ի՞նչ հույս ունի գործի նախաքննությունից։ Նա ասաց․ «Հիմա չեմ կարող ոչ մի հույսի մասին խոսել, քանի դեռ պետությունն ինքը իրեն որպես տուժող իրահավաջորդ չի ճանաչել։ Որ օրը կասի՝ ես եմ առաջին տուժողը՝ ի դեմս կառավարության և ԱԺ-ի, այ այդ ժամանակ ես կսկսեմ լիարժեք հավատալ։ Այսօր էլ չեմ ասում՝ չեմ հավատում, բայց քանի գործընթացը գնում է հին նախաքննական որոշումներով՝ տուժողների մասով, վստահությունս պակաս է»։