Հետկորոնավիրուսային աշխարհում իրավիճակը լինելու է բազմաթիվ փոփոխականների ու անհայտների հավասարում, և սա վերաբերում է նաև արցախյան խնդրին

Հետկորոնավիրուսային աշխարհում իրավիճակը լինելու է բազմաթիվ փոփոխականների ու անհայտների հավասարում, և սա վերաբերում է նաև արցախյան խնդրին

Առաջին անգամը չէ, որ Արցախում նախագահական ընտրություններ են անցկացվում, սակայն տպավորություն է, որ երբևէ միջազգային հանրությունն այսքան կոշտ չի արձագանքել։

Հայտարարություններից թերևս ամենակոշտը Թուրքիայում Կանադայի դեսպանության թվիթերյան պաշտոնական էջինն էր։ Այն մասին, որ Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Lեռնային Ղարաբաղի ընտրությունները։ Պատճառի մասին «Հրապարակը» զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Արտակ Զաքարյանի հետ։

-Պարոն Զաքարյան, ինչո՞ւ այս անգամ այսքան կոշտ արձագանք եղավ միջազգայնորեն չճանաչված Արցախում անցկացված ընտրություններին։

-Ընդհանուր առմամբ, նորություն չէ, որ արցախյան բոլոր ընտրություններում էլ պետություններն ու միջազգային կազմակերպություններն այդ հանգամանքով առանձնապես ոգևորված չեն եղել և փորձել են կամ լոյալություն պահել, կամ ուղղակի հայտնել իրենց դիրքորոշումը չճանաչելու վերաբերյալ՝ ավելի շատ հղում անելով այն հանգամանքին, որ չխանգարեն Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցություններին։ Բայց այս ընթացքում, այո, ճիշտ եք նկատել, որոշակի նոր ու կոշտ շեշտադրում կա։ Ես դա կպայմանավորեի նրանով, որ երևի թե մեր դիվանագիտությունն այնքան էլ լավ չի աշխատել էդ ուղղությամբ, և այս կորոնավիրուսային խառնաշփոթների հետ կապված, ըստ էության, փորձեր չեն եղել` ուղերձներ ուղարկելու որոշակի մայրաքաղաքներ՝ մեղմելու կոշտ դիրքորոշումը։ Ինձ համար հատկապես տարօրինակ է Կանադայի դեպքը։

-Նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի ու Ջասթին Թրյուդոյի ջերմ հարաբերություննե՞րը։

-Այդ ջերմ հարաբերությունները շատ մեծ հարցական են, թե դրանք ջե՞րմ են, թե՞ ոչ,բայց ես նկատի ունեմ, որ Հայաստանի ու Կանադայի միջև միշտ եղել են շատ լավ հարաբերություններ։ Սակայն այսօրվա իրավիճակով, ըստ էության, նման վերաբերմունք է ցուցաբերվում։ Ես կարծում եմ, որ նախկինում, հաստատ, նման ձևով չէր արտահայտվի Կանադայի դիրքորոշումը՝ Թուրքիայի դեսպանատան թվիթերյան էջում նման գրառում անելով։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի միջազգային դիրքերը բավականին թուլացել են, և նախկին ակտիվ, նախաձեռնողական, հավասարակշռող արտաքին քաղաքականությունը , ցավոք, հիմա մեծ անկում է ապրել: Եվ, բնականաբար, դա բացասական է անդրադառնալու նաև ղարաբաղյան կարգավորման և հարակից այլ գործընթացների վրա։ Այնուամենայնիվ, կարևոր է, որ Արցախում մենք ունենանք ժողովրդավարական նորմալ ընտրություններ, որ դրանք ընդունելի լինեն Արցախի բոլոր քաղաքական ուժերի ու հասարակության համար և դրանք լինեն կայուն ու առանց ցնցումների։ Միջազգային հանրության դիրքորոշումը ևս էական է:

-Կա տպավորություն, որ հիմա արտաքին քաղաքականությունը հետնապլանում է, երբ դուրս գանք կորոնավիրուսի այս ճգնաժամից, արցախյան կարգավորման բանակցություններից ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել։ 

-Դա, իհարկե, այդպես է․ աշխարհում այսօր թիվ մեկ խնդիրը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարն է, կառավարումը, վերահսկումը, նվազեցնելն ու հետո արդեն դուրս մղելը։ Դեռ պարզ չէ, թե կորոնավիրուսից հետո իրավիճակը  երբ կկարգավորվի, բայց փաստ է, որ հետո աշխարհում շատ ու շատ վերադասավորումներ են լինելու․ և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական, և՛ ֆինանսական։ Այս առումով ես չգիտեմ, իհարկե, թե մեր իշխանությունները որքանով են կարողանում հաշվել, թե ինչ զարգացումներ են լինելու, բայց պետք է ասել, որ դա էական ազդեցություն է ունենալու նաև արտաքին քաղաքականության վրա։ Այն կարող է նոր հարաբերությունների, նոր համագործակցությունների ու նոր միջպետական հարաբերությունների իրավիճակներ ստեղծել, և ժամանակ է պետք լինելու՝ հասկանալու, թե ինչ նոր դաշինքներ և շահեր են ձևավորվում։ Շատ կարևոր է, որովհետև դրանով պայմանավորված՝ եթե մենք կորցնենք զսպումների, հավասարակշռումների  մեխանիզմն արտաքին քաղաքականության մեջ, մենք անմիջականորեն կանգնելու ենք նոր պատերազմի սպառնալիքի առաջ։ Սրա վրա անհրաժեշտ է շատ լուրջ ուշադրություն դարձնել։ Եթե մենք կորցնենք տարածաշրջանում հավասարակշռությունը և զսպումները, ուղիղ կանգնելու ենք տարածաշրջանում շատ լուրջ վտանգի առաջ։

-Բայց դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ կարգավորման սկզբունքների, պայմանավորվածությունների վրա։

-Բայց մենք գիտե՞նք, թե Մինսկի խումբը այս կորոնավիրուսից հետո ինչքանով թուլացած ու իր հետաքրքրությունները պահպանած է դուրս գալու։ Մենք գիտե՞նք, թե Ռուսաստանն իր հետկորոնավիրուսային տնտեսությամբ որքանով է կարողանալու ազդեցիկ գործոն մնալ տարածաշրջանի տարբեր օղակներում։ Միացյալ Նահանգներին արդյոք այլևս հետաքրքրելու՞ են Հարավային Կովկասն ու այստեղ կայունություններն ու զարգացումները։ Արդյո՞ք Եվրոպան կամ ԵՄ-ն ընդհանրապես ի զորու են լինելու զբաղվել ընդլայնման կամ «Արևելյան գործընկերության» խնդիրներով։ Սրանք հարցեր են, չէ՞։ Սրանք շատ լուրջ հարցեր են։

-Այսինքն՝ նկատի ունեք, որ երկրներից յուրաքանչյուրը զբաղված է լինելու իր ծանր խնդիրներով։

-Յուրաքանչյուրը զբաղվելու է իր ներքին սոցիալական խնդիրներով։ Ֆինանսական, տնտեսական, բավականին բարդ խնդիրներով։ Եվ դրա համար մենք պետք է հիմիկվանից փորձենք հասկանանք և ապագայի արտաքին քաղաքականության ռազմավարության օրակարգերը մշակենք, որովհետև այս իրավիճակից հետո մենք անակնկալ հայտնվելու ենք մի նոր իրավիճակում, և դրանում շատ բարդ է լինելու ճիշտ որոշումներ կայացնելը։ Իրավիճակը լինելու է բազմաթիվ փոփոխականների ու բազմաթիվ անհայտների հավասարում։