Մի պատմություն հիշեցի

Մի պատմություն հիշեցի

Ուսանող հայրս ծանոթացել էր հայտնի գրականագետ, արվեստաբան Ռուբեն Զարյանին: Նա պարբերաբար հազվագյուտ գրքեր եւ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի հավաքածուներ էր ուղարկում հորս, տոն օրերին՝ շնորհավորական բացիկներ: Այդպես՝ տարիներ շարունակ: Երբ հայրս չկար, Զարյանը գրքեր էր ուղարկում դպրոցի հասցեով: Ընտիր գրականություն: Հերթական ծանրոցն էր ուղարկել, ուսուցչանոցում բացել՝ նայում էինք գրքերը, ամսագրերը, շքեղ ալբոմները՝ հայ, ռուս, ֆրանսիացի նկարիչների գործերի վերատպություններով:

Ֆիզիկայի ուսուցիչ ունեինք՝ Արամ Շեկյան: Թոշակի անցած էր, բայց որովհետեւ մասնագետը բանակային ծառայության էր, հրավիրել էին, որ փոխարինի: Մոտեցավ, նայեց գրքերը, թերթեց ու դիմեց տնօրենին. «Ընկեր Պողոսյան, էդ մարդուն գրեք՝ թող կարդացող էլ ուղարկի, կարդացող»: Ծիծաղեցինք: Հետո հասկացանք ասածի բուն իմաստը: Իրոք, ո՞վ գլուխ ուներ՝ կարդար Էքերմանի Գյեթեի հետ զրույցները: Հիմա նայում եմ գրականության դպրոցական դասընթացի հեղինակների ցանկը: Ի՞նչ են մտածել ԿԳՄՍ փորձագետները: Մենք Կաֆկա, Մարկես եւ էլի շատ գրողներ կարդացած ուսուցիչներ ունե՞նք: Այդ հանձնարարվող գրականությունը հայերեն թարգմանվա՞ծ, բավարար տպաքանակով տարածվա՞ծ, դպրոցական գրադարաններին հասցվա՞ծ է: Թե ուսուցիչն իր սուղ աշխատավարձից պիտի կտրի՝ Կաֆկա կամ Հեմինգուեյ գնի, կարդա, մարսի, որ աշակերտին ասելիք ունենա՞:

Հույս դնել համացանցի վրա՝ ճիշտ չէ: Մոնիտորի տեքստը «մեռած» է: Գրականություն իմանալու համար թղթի «բույրը» պիտի զգաս: Նայեցի այդ ծավալուն ցանկը, հիշեցի հանգուցյալ ընկեր Շեկյանի խոսքը. «Ասեք, թող կարդացող էլ ուղարկի, արդացող»: Ցանկ կազմելը հեշտ է, մի հեղինակին մյուսով փոխելը՝ նույնպես: (Թեեւ շատ վիճելի է՝ ինչու՞ հայ աշակերտին հանձնարարվում է Չինգիզ Այթմատովի «Կառափնարանը»՝ «գորշ գայլի» սիմվոլիկայով հանդերձ, իսկ Նոդար Դումբաձեի «Հավերժության օրենքը»՝ ոչ կամ ինչու՞ ոչ մի ռուս հեղինակ տեղ չունի, նույնիսկ՝ կիսով հայ Դովլաթովը կամ Նոբելյան մրցանակակիր Բրոդսկին): Խնդիրն այդ գրականությունն իմացող ուսուցիչ ունենալն է, ուսուցչին այնքան վճարելը, որ չխնայի՝ գիրք ձեռք բերի: Մարդիկ, ըստ երեւույթին, միայն  Կենտրոն թաղամասի չափանիշներով են դատել: