«Վստահություն» կուսակցությունը կլուծարվի՞

«Վստահություն» կուսակցությունը կլուծարվի՞

Արցախի «Վստահություն» կուսակցության առաջնորդ Գրիգորի Սահակյանն այսօր ֆեյսբուքյան անսպասելի գրառում է կատարել եւ տեղեկացրել, որ թողնում է նորաստեղծ քաղաքական այդ կառույցի ղեկավարի պաշտոնը եւ դադարեցնում անդամակցությունը: Ժամեր անց նույն բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Վստահության» ազդեցիկ դեմքերից Սեւակ Հակոբյանը իր որոշումը՝ պատճառաբանելով ներկուսակցական տարաձայնություններով: Վստահելի աղբյուրներն ասում են, որ ներքին վեճ ծավալվել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի շուրջ, Գրիգորի Սահակյանին չի հաջողվել համաձայնեցնել առաջին եռյակի թեկնածուների անունները:

Սահակյանի որոշումը ֆեյսբուքում ողջունել են Մասիս Մայիլյանի համակիրները: Իրազեկ շրջանակներից, սակայն, հերքեցին այն տպավորությունը, թե պաշտոնաթող գնդապետ Գրիգորի Սահակյանն իր համակիրներով կարող է միանալ Մայիլյան-Բաբայան դաշինքին:

Ոչ ոք չգիտի՝ «Վստահություն» կուսակցությունը կլուծարվի՞, թե կկարողանա վերակազմավորվել եւ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ի դեպ, բավական երկիմաստ վիճակում է հայտնվել նաեւ «Արդարություն» կուսակցությունը, որի համանախագահներից երկուսը հեռացել եւ ներկայումս համագործակցում են Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի հետ: Այդուհանդերձ, նրանք Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին քառյակում տեղ չեն ստացել: