Արժանապատիվ չէ

Արժանապատիվ չէ

Հերթական անգամ ամոթի զգացում եմ ապրում երկրի վարչապետի համար:  Ռուսաստանյան RBK-ին տված հարցազրույցում լրագրողը խնդրում է անդրադառնալ RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի` մեծ աղմուկ հանած ֆեյսբուքյան գրառմանը, Նիկոլ Փաշինյանը հարցերին պատասխանելուց առաջ ասում է, թե գրառման բովանդակությանը… ծանոթ չէ: Դժվարանում եմ ասել, թե ինչի՛ համար է այս ակնհայտ կեղծիքը, բայց ախր չափազանց պարզունակ է` մանկամտության չափ:

Դա նաև անհավատալի է ֆեյսբուքի հետ «օրգանապես» կապված մարդու պարագայում: Եթե գրառումը չկարդացած վարչապետն իր պատասխանով կամեցել է ակնարկել, թե ինքն այնքան զբաղված է, որ ինչ-որ Մարգարիտայի ֆեյսբուքյան գրառմանը ժամանակ չի ունեցել ծանոթանալու, ապա դա նույնիսկ վտանգավոր է այն երկրի համար, որտեղ վարչապետ է Ն. Փաշինյանը: Նա հստակ գիտի` ո՛վ է Մարգարիտա Սիմոնյանը, նա հստակ գիտի՝ ո՛վ է բարբառում վերջինիս շուրթերով, և զարմանալի չէ՞, որ իմանալով, իր իսկ բնորոշմամբ, «Հայաստանում ու հայկական շրջանակներում հսկա ռեզոնանս առաջացրած» գրառման մասին, ինքն ահա չի կարդացել՝  իր համար, առավել ևս` իր երկրի համար գոնե որոշ «նյուանսներ» պարզելու համար:

Մանավանդ որ համարյա սառեցված են հարաբերությունները Ռուսաստանի քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ:

Մյուս խնդիրը: Մ. Սիմոնյանի գրառմանն «անծանոթ» Փաշինյանի համար ռուս ճարպիկ լրագրողը, արագ կողմնորոշվելով և օգտվելով առիթից, «լուսավորական» ընթերցանություն է կազմակերպում, չնայած մեր վարչապետի ընդդիմանալուն: Մի՞թե Փաշինյանը չէր նախատեսել այդպիսի անհարկի ընթերցման հավանականությունը: Եվ եթե նախատեսել էր, ինչո՞ւ էր առիթ ստեղծում, որ Մ. Սիմոնյանի՝ ռուսական լայն լսարանի համար հաստատ անծանոթ գրառումը հնչի այս անգամ էլ եթերով՝ ի լուր և ի ծանոթություն:
Հաջորդ անսպասելի քայլը վարչապետի կողմից արձանագրվում է, երբ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Սիմոնյանի խոսքերը՝ Փաշինյանը նկատում է. «ՌԴ-ում պետք է հասկանան, որ Հայաստանում ՌԴ դաշնակիցը ոչ Փաշինյանն է, ոչ Պետրոսյանը, ոչ Պողոսյանը, ոչ Սարգսյանը, ոչ Քոչարյանը։ Դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր նյուանս է»: Նախ` ռուս մարդը (կամ ռուսերեն մտածող մարդը) հայկական «պողոս-պետրոսի» դարձվածքային արժեքին տեղյակ չէ. նա ուղղակի չի հասկանա` ի՛նչ ասել է «Պետրոսյանը… Պողոսյանը»: Եվ հետո, ինչի՞ համար է վարչապետի խրատական-ուսուցողական տոնը՝ «Ռուսաստանում պետք է հասկանան…»: Ուրեմն`Ռուսաստանում մինչև հիմա չե՞ն հասկացել մեր դիվանագետ վարչապետի ասած «նյուանսը»:  

Բացի այդ: Եթե միջպետական հարաբերություններում պետական բարձրաստիճան պաշտոնյաների (ներկա կամ նախկին) միջանձնային հարաբերությունները կարևոր չեն, էլ ինչո՞ւ է վարչապետը երբեմն-երբեմն գլուխ գովում այս կամ այն երկրի առաջին դեմքի հետ ընկերական հարաբերություններով: Եվ ի՞նչ է նշանակում հայտարարությունը, թե ՌԴ դաշնակիցը «հայ ժողովուրդն» է: Հայ ժողովուրդը ռուս (Ռուսաստանի) ժողովրդի բարեկամն է, բայց դաշնակիցը չէ. դաշնակիցը Հայաստանի Հանրապետություն պետությունն է՝ ի դեմս իր առաջին դեմքերի` այսօրվա, թե երեկվա, Փաշինյանը ուզի, թե չուզի:

Եվ Մ. Սիմոնյանը, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, հարցրել է թեև նախկին նախագահ, սակայն այսօր էլ ՌԴ դաշնակիցը համարվող մարդու ճակատագրի մասին: Ու ձև անել, թե այս ամենը չես հասկանում, պարզապես արժանապատիվ չէ: