Նիկոլի սյուրռեալիզմը, մեր թյուր-ռեալիզմը

Նիկոլի սյուրռեալիզմը, մեր թյուր-ռեալիզմը

Կերպարափոխությունը, որ կրում է վարչապետը, վտանգավոր է երկրի և պետության համար, բայց ողբերգական է մարդու համար․ նա կորցնում է իր տեսակային տարբերությունը և գնում-միանում է բոլոր բռնապետներին, որ տեսել է աշխարհը։ 

Իսկ բոլոր բռնապետներին հատուկ է եղել, թերևս առաջին հերթին, անհանդուրժողականությունը, անհանդուրժողականություն այլակարծության հանդեպ, քննադատության հանդեպ։ Հատուկ է եղել անսխալականության բարդույթը, բացառիկության մարմաջը։ Նիկոլը, ճիշտ է, այդ բարդույթներով էլ լույս աշխարհ է եկել, բայց դրանք հասարակական վտանգավորություն են ձեռք բերել վերջին երկու-երեք տարիներին, երբ գործառնվելու բացառիկ հնարավորություններ են ստացել՝ իշխանական լծակների տեսքով։ Ընդհանրապես իշխանության ղեկին հայտնված ցանկացած ոք վտանգավոր է նախ իր անկանխատեսելիությամբ, սակայն Նիկոլը վտանգավոր է առավել ևս, որովհետև ինքն է արդեն բազմաթիվ ապացույցներ բերել առ այդ։ Եվ ստացվել է այնպես, որ նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օր դառնում է ինքնին մի ապացույց։ Եվ ինչպե՛ս կարող է վտանգավոր չլինել բարձրագույն պաշտոնյան, որը կորոնավիրուսից 1200 մահ ունենալու իրողության ֆոնին հայտարարում է, թե համավարակի դեմ պայքարելիս՝ «ինչ արել ենք՝ 100 տոկոս ճիշտ ենք արել»։ Նիկոլի «ճիշտը» 1200 մահ արժե, և անհայտ է, թե այսուհետ է՛լ ինչ «ճշտի» է բախվելու պետությունը։ Այո, Նիկոլից այլևս պետք է վախենալ։ 

Ն․ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումն էլ է վախեցնող։ Գրառման անդրադարձներն, ի դեպ, շատ-շատ են, և անհնար է չկրկնել ուրիշների։ Հաստատ ինձնից առաջ մեկն էլ ասած կլինի, որ վարչապետի գրառումը ֆենոմենալ էր՝ արժանի իմաստասերների, քաղաքագետների, հոգելեզվաբանների, բայց առավել՝ հոգեվերլուծաբանների ուշադրությանը կամ ուշադիր հետազոտությանը։ Հատկապես որ Նիկոլն իր գրառմամբ ցույց տվեց մի բան, որ իսկապես աննախադեպ է․ մարդը, ամբողջ երկիրը պրծած, հիմա էլ մանիպուլացնում էր․․․ ինքն իրեն։ Եվ դա անում է այնպիսի հմտությամբ, ինքնահմայվածի այնպիսի անկեղծությամբ, որ ի վերջո կարողացավ իրեն էլ խաբել։ Իսկ նրա «սխալների տեսությունը» հայ իմաստասիրական մտքի մերօրյա նվաճումն է, արժանի, որ այսուհետ գրվի չակերտներում՝ քաղաքագիտական շրջանառության մեջ մտցվելով որպես «Նիկոլի տեսություն»։ Իսկ միտքը, թե իրենք (ՔՊ-ականները) դիտավորյալ էին գնում սխալների ճանապարհով, որ «նոր մտածողություն» ձևավորեն, ուղղակի սյուրռեալիստական պնդում է, որը, ինչպես հեգնեց բանասեր ընկերս, Նիկոլի դեպքում հավասարազոր է թյուր-ռեալիզմի։ 
Թյուր-ռեալիզմ, որի մեջ ենք հիմա բոլորս։