Թիկնազորը պետք է արգելի, որ Աննա Հակոբյանը մեկնի առաջնագիծ․ ինչ կարգավորում է գործում

Թիկնազորը պետք է արգելի, որ Աննա Հակոբյանը մեկնի առաջնագիծ․ ինչ կարգավորում է գործում

Այսօրվանից Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը 13 հոգանոց կանանց ջոկատով կսկսի զինվորական պարապմունքները։

«Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,- գրել էր Հակոբյանը։

Թե ովքեր են նրա հետ մեկնելու սահման, դեռեւս հայտնի չէ, հայտնի չէ նաեւ այն, թե Աննա Հակոբյանին մշապես ուղեկցող թիկնապահները այս դեպքում էլ հսկելո՞ւ են տիկնոջ անվտանգությունը։ Եթե, այո, ապա նրանք եւս զինվելո՞ւ են եւ մասնակցեն ռազմական գործողություններին։

Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ նրա խոսնակից, սակայն նա չպատասխանեց՝ ասելով․ «Չեմ մեկնաբանում»։

Ազգային անվտանգության ծառայությունից էլ մեր զանգերին չպատասխանեցին։

Բանից պարզվում է, որ կա հստակ կարգավորում, ըստ որի՝ տվյալ իրավիճակում հենց թիկնազորը պետք է արգելի Աննա Հակոբյանին մեկնել առաջնագիծ։ «Հրապարակ»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց հարցը ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։

«Նախ ասեմ․ ես կարծում եմ, որ տիկին Աննան շատ ճիշտ կանի, որ առաջնագիծ չգնա, որովհետեւ դա բացի նրանից, որ կարող է ավելորդ հոգսեր առաջացնել բանակի եւ առաջնագծում կանգնած մեր զորքի համար, որեւէ դրական դերակատարություն  չի կարող ունենալ։ Չեմ կարծում, որ դա տեղին է»։

Ինչ վերաբերում է թիկնազորին, նշեց․ «Ես կարծում եմ՝ թիկնապահների պարտականությունների մեջ մտնում է հետեւյալը․ եթե այն պաշտոնատար անձը կամ պաշտոնատար անձի ընտանիքի անդամները, ովքեր գտնվում են թիկնազորի հսկողության տակ, երբ նրանց կյանքին որեւէ առումով վտանգ է սպառնում, չեն ենթարկվում տվյալ անձին եւ կատարում են իրենց կանոնակարգով նախատեսած գործողությունները։ Այս պարագայում, ես կարծում եմ՝ սպասարկող թիկնազորի տղաները ուղղակի պետք է թույլ չտան, որ տիկին Աննան գնա վտանգավոր գոտի, ուղղակի պետք է արգելել։ Իսկ, եթե իրենք այլ բան կատարեն, կնշանակի, որ չեն կատարել իրենց ծառայողական պարտականություններն այնպես, ինչպս նախատեսված է, ենթարկվել են տիկին Աննայի ճնշմանը, այդ դեպքում իրենք կարող են ուղղակի չսպասարկել։ 

Որովհետեւ այդ ժամանակ հակառակն է, ոչ թե իրենք են ենթարկվում պաշտոնատար անձին, այլ պաշտոնատար անձն է ենթարկվում իրենց հրահանգներին, իսկ չկատարելու դեպքում իրենք կարող են ուժ գործադրել։ Դա ամրագրված է։ Օրինակ՝ տեսել եք երեւի, եթե մի պրեզիդենտի վրա ինչ-որ բան է լինում, թիկնապահները չեն հարցնում՝ պառկե՞լ գետնին կամ խնդրում ենք՝ պառկել, ուղղակի հարձակվում են ու իրեն բռնի կերպով տեղափոխում  են։ Հիմա ի՞նչ, առաջնագծի հրետանու կրակոցի տակ թիկնազորն ի՞նչ պետք է անի»։

Վերջում Գառնիկ Իսագուլյանն ավելացրեց․ «Հիմա ամենեւին դրա ժամանակ չի, որ մենք PR ակցիաներ կատարենք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը տղամարդկանց կոչ էր արել գնալ զինկոմիսարիատներ և զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, իսկ կանանց խնդրեց քաջալերել տղամարդկանց: Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ կանայք էլ կարող են ջոկատներ կազմել և մեկնել ռազմաճակատ, եթե ցանկություն կունենան և ուժ կգտնեն իրենց մեջ: