Հասարակություն

«Հրապարակ». Քամին է մեղավոր, մենք մեղավոր չենք. Աղբավայրի տնօրեն

«Հրապարակ». Քամին է մեղավոր, մենք մեղավոր չենք. Աղբավայրի տնօրեն

Երեւանցիներն արդեն մի քանի օր է, մեղմ ասած, խելագարվում է Նուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհի ծխից ու հոտից։ Հատկապես ծանր է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների վիճակը։ Գրեթե ամեն տարի` ամռան ամիսներին, աղբավայրում մեծ հրդեհ է բռնկվում, որը լուրջ վնաս է հասցնում մայրաքաղաքի էկոլոգիային, մարդականց առողջությանը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանությունները աղբավայրը փակելու, նորը բացելու, վերամշակման գործարան կառուցելու խոստումներ են տալիս, սակայն չեն կառուցում։ «Երեւանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ տնօրեն Վահե Վարդապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նոր աղբավայր, վերամշակման գործարան կառուցելու ժամկետներ չկա։ Ի դեպ, նման գործարան կառուցելու առաջին նախապայմաններից մեկը աղբի սորտավորումն է բնակչության կողմից, իսկ մեզանում այդ ուղղությամբ ոչ մի քայլ դեռ չի արվել:

Սակայն անգամ եթե գործարան չի կառուցվել, իշխանությունը պարտավոր է հրդեհների կանխմամբ զբաղվել եւ թույլ չտալ, որ բանը դրան հասնի: Ո՞վ է հրդեհի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, ըստ Վարդապետյանի՝ քամին: Նրա խոսքով՝ ուժեղ քամի է եղել, դրանից է հրդեհ բռնկվել։ Որպեսզի հրդեհ չառաջանա, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները կանխարգելիչ աշխատանքներ պետք է տանեն։
«Քամին է մեղավոր եղել, որի ուժգնությունը 16 մ/վ է եղել։ Հրդեհի բռնկումը եղել է անկառավարելի։

Քաղաքապետարանն ամեն ինչ արել է, որ հրդեհ չբռնկվի, կանխարգելիչ գործողություններ է արել, հողային աշխատանքներ, բայց քանի որ քամին շատ ուժեղ է եղել, 3 տեղամասով հրդեհ է առաջացել։ 1 տեղամասն ամբողջությամբ հրդեհաշիջված է` այս պահին կրակ չկա, բայց ծուխ կա»,-ասաց Վարդապետյանը։

Առաջացած հրդեհն անակնկալ է եղել քաղաքապետարանի համար, մինչ այդ, ըստ Վարդապետյանի, փոքր օջախներ են եղել, որոնք չեզոքացվել են։ «Կանխարգելիչ միջոցառումները հունիս, հուլիս ամիսների օգտակար են եղել, շոգ օրերին նման լայնամասշտաբ հրդեհներ չենք ունեցել, եղել են փոքր օջախներ, քաղաքապետարանը 24 ժամյա հերթապահություն է սահմանել, ջրատար մեքնաներով չեզոքացրել է օջախները, կանխել է տարածումը։ Բայց քանի որ կիրակի օրը քամու ուժգնությունը շատ բարձր է եղել, որի հետեւանքով նույնիսկ ծառեր են քոքահան լինում, վերահսկվող հատվածը դարձել է անկառավարելի, իսկ բնության տարերքների դեմ մենք անզոր ենք»,-հավելեց նա։
Իշխանության ներկայացուցչին հիշեցրինք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էին աղբի վերամշակման գործարան բացել, ինչո՞ւ են խաբել երեւանցիներին, պատասխանեց, թե այս պահին նոր աղբավայրի կառուցման տարբեր ներդրումային ծրագրեր կան, որոնք քննարկման փուլում են։ Քննարկումներն իրականում երկար տարիներ ընթանում են, եւ պարզ չէ, թե դեռ որքան կտեւեն, ինչը նշանակում է, որ գոտնի վրա դեռեւս որեւէ գործընթաց չկա։ 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի կեսերին Երեւանի քաղաքապետարանը հայտնել էր, թե նոր աղբավայրի տեխնիկա–տնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է եւ մշակվել է Նուբարաշենի ու Աջափնյակի աղբավայրերի փակման նախագիծ։ Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանն էլ ասել էր, որ վարկային ծրագրի մասով բանակցություններ են վարում տարբեր ներդրումային բանկերի հետ` նոր աղբավայր կառուցելու համար։ 
«Հին աղբավայրն իրեն սպառել է, այն պետք է փակվի և ռեկուլտիվացվի, դրա փոխարեն կառուցվի ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, որի ազդեցությունը քաղաքի էկոլոգիայի վրա կլինի նվազագույն»,– ասել էր Հովհաննիսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image