Ամերիկան նախագահ է ծնում, Հայաստանն է «ցավ քաշում»
Նիկոլը մոռացվել է։ Բուդապեշտում «հեծանիվ քշելով իրեն կոտորեց»՝ մեկ է, թեման Թրամփն է։ Ոնց որ Հայաստանում Թրամփն է ընտրվել նախագահ։ Մի մասը հրճվում, մյուս մասը սուգ է պահում։ Մի մասն ասում է, որ՝ վա՜յ Հայաստանին, մյուս մասն էլ թե՝ Վա՜յ Զելենսկուն ու Նիկոլին։ Հայաստանի օրակարգը Թրամփն է։ Լիֆտն էլ ես կանչում՝ Թրամփն է գալիս։ Սերժ Սարգսյանը ժամանակին մի անեկդոտ էր պատմում։ Ինչքան հիշում եմ՝ Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում։ Խոսքը այն մասին էր, որ երբ դրսից զանգում էին, հարազատները համատարած ասում էին՝ վատ ենք։
Հիշեցնեմ անեկդոտը․ «Մեկը Լոս-Անջելեսից զանգահարում է Երևան, ասում՝ բարև, ինչպե՞ս եք: Ասում են՝ շնորհակալություն, լավ ենք: Օվկիանոսից այն կողմ զարմանում են՝ կարո՞ղ է սխալ ենք ընկել, դա Երևանը չէ»:
Հիմա կարո՞ղ է սխալ ենք ընկել, սա Հայաստանը չի, Ամերիկան է։ Ամերիկան իր համար նախագահ է ընտրել, Հայաստանում մեծ ու փոքր քաղաքական գործիչներով գլուխ են կոտրում՝ բա մենք ի՞նչ ենք անելու։ Բա որ Թրամփը այսպես անի, մեկ ի՞նչ ենք անելու։ Բա որ Թրամփը փռշտա, ո՞վ է թաշկինակ հասցնելու․․․ Բա որ Թրամփը Նիկոլին չուզի, ո՞նց ենք հաջողացնելու նրան պահել․․․․ Բա որ․․․ ենթադրական կասկածների, գուշակությունների վրա ողջ ազգը խենթացել է։ Սխալ չեմ չէ՞ հիշում, որ Բուդապեշտում գտնվող անձը ասում էր, որ Հայաստանը ինքնիշխան է։ Ինքնիշխանը այդպե՞ս է լինում, որ Ամերիկան նախագահ է ծնում, Հայաստանն է «ցավ քաշում»։ Բնական է, չէ՞, որ Հայաստանը միայն Թրամփից է խոսում։ Ինքնիշխան Հայաստանի ղեկավարը երբ հեծանիվ է քշում, աշխարհի մեծերն էլ իր երկիրը պիտի քշեն․․․
Կարծիքներ