Ադրբեջանական ցայտնոտ

Ադրբեջանական ցայտնոտ

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանի  «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարության կապակցությամբ պաշտոնական Բաքուն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Այդ մասին արդեն բացահայտ գրում է ադրբեջանական մամուլը եւ դժգոհում միջնորդներից, որ չեն արձագանքում: ԼՂ կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշման փոփոխություն են արձանագրում նաեւ ռուսաստանցի քաղաքական մեկնաբանները, որոնք, ընդսմին, ակնարկում են, թե Հայաստանը հավանաբար ունի արտաքին հովանավոր, հակառակ պարագայում «գիծ չէր քաշի տասնամյակների բանակցային գործընթացի վրա»: Նման կարծիք է հնչեցրել, մասնավորապես, քաղաքագետ Տրոֆիմչուկը: Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, լրջորեն զգուշացած են, որ Հայաստանը կարող է հռչակագրել Արցախի միացումը, ինչը միջազգային հանրության կողմից կընդունվի իբրեւ կատարված փաստի արձանագրում: Դա է, թերեւս, պատճառը, որ ադրբեջանական ԱԳՆ-ն հանդես է եկել ոչ միայն ծավալուն, այլեւ հիմնավորապես զգացմունքային ձեւակերպումներով հայտարարությամբ, որտեղ խնդրի կարգավորման հեռանկար տեսնելով «Լեռնային Ղարաբաղից բռնատեղահանված ադրբեջանցիների վերադարձի եւ նրանց խաղաղ կեցության երաշխավորման դեպքում տեղաշրջանի ամբողջ բնակչության ինքնակառավարման հարցի շուրջ քննարկումների ձեռնարկումը» ՝ ի վերջո հարցադրում է անում. «Հայաստանը խաղաղությու՞ն է ուզում, թե՞ իրավիճակի սրացում»: Կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Բաքուն պարզապես ցայտնոտի մեջ է, չի կողմնորոշվում, թե ինչ ուղղությամբ կարող են զարգանալ իրադարձությունները, ուստի դիմում է քաջածանոթ քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե Ադրբեջանի «համբերությունն անսպառ չէ»: Ի՞նչ քայլ կարող է ձեռնարկել Բաքուն: Պատերա՞զմ սկսել:

Բայց ո՞վ կերաշխավորի այդ բացահայտ արկածախնդրությունը, որ կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանը: Ուշագրավ է, որ նման բարձրակոչ հայտարարությունից հետո ադրբեջանական ԱԳՆ-ն որեւէ ակնարկ իսկ չի անում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախապատրաստվող հանդիպումից հրաժարվելու մասին: