Փաշինյանի դատախազությունը Հայաստանում գտնվող հանցագործներին պատժել` անցել է արտերկրում գտնվողներին

Փաշինյանի դատախազությունը Հայաստանում գտնվող հանցագործներին պատժել` անցել է արտերկրում գտնվողներին

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է վերսկսել այն վարույթները, որոնք կասեցվել էին մեղադրյալների` քննությունից միտումնավոր խուսափելու հիմքով: Եվ մի ծավալուն տեքստ է տարածել, թե հարկավոր է օրենքը փոխել եւ կիրառել հեռակա վարույթների պրակտիկան։ Այսինքն՝ այդ գործերով քննությունները կարող են իրականացվել մեղադրյալների բացակայությամբ, այսպես կոչված՝ հեռակա վարույթներով: Հիմքն օգոստոսի 28-ին ուժի մեջ մտած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքն է, դրանով ներդրված՝ մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու կարգը:

Դատախազները պետք է քրքրեն թղթապանակները եւ վեր հանեն ու քննարկման դնեն մեղադրյալի բացակայության հիմքով կասեցված գործերը: Դավթյանը բացատրում է, որ ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու, տուժողների համար արդարադատության մատչելիություն ապահովելու համար է սա արվում, բայց կարելի է վստահաբար ասել, որ հանձնարարականը քաղաքական ենթատեքստ ունի, եւ առաջին հերթին դրա «տակ են ընկնում» հետախուզվողները, ասենք՝ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդիները, ՀՀ երրորդ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանը, նրա մյուս եղբոր որդիները, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Սամվել Մայրապետյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Ռուբեն Հայրապետյանը եւ այլք:

Որքանո՞վ է արդյունավետ լինելու նման քննությունը, արդյո՞ք չեն խախտվելու անձանց իրավունքները: Փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ այդ հարցը կախված կլինի նրանից, թե որքանով է տվյալ անձից կախված եղել իր վարույթին չմասնակցելը: «Եթե մարդը կարող էր վարույթին մասնակցել եւ միտումնավոր է խուսափել, ապա ես իրավունքի խախտում չեմ տեսնում»: Ինչո՞ւ է սա արվում, ո՞րն է նման վարույթների արդյունավետությունը, սա չի՞ արվում հատուկ հետախուզվողների դեմ: «Պարզ է, որ առաջին հերթին իրենց հարցն է այստեղ, բայց, իմ կարծիքով, հիմնական խնդիրը, որն ուզում են լուծել՝ որ հետո բռնագանձումը տարածեն այդ մարդկանց ունեցվածքի վրա: Որովհետեւ, եթե իրենք չեն կարողանում անձին գտնել, որ մասնակցի դատավարությանը, դատավճռից հետո էլ այն չի կատարվի: Այս իմաստով ոչինչ չի փոխվում, միայն փոխվում է այն, որ կարող են բռնագանձում տարածել անձի գույքի վրա: Հավանաբար, սա է իրենց հեռահար նպատակը»,- ասում է Ալումյանը: 

Փաստաբան, իրավապաշտպան Լեւոն Բաղդասարյանը կարծում է, որ եթե անգամ դատավճռից հետո էլ անձը չներկայանա, եւ դատական ակտը ի կատար չածվի, այն հետագայում կգործի, երբ անձը հայտնաբերվի: Բաղդասարյանը հիշեցրեց, որ հեռակա վարույթի ինստիտուտը միջազգային իրավանորմ է, ռոմանոգերմանական եւ անգլոսաքսոնական համակարգերում ընդունված, սակայն թե ինչպես այն կգործի հայկական իրականության մեջ, դժվարացավ ասել: Չե՞ք կարծում, որ սա կոնկրետ հետախուզման մեջ գտնվող նախկինների դեմ է ուղղված։

«Ցանկացած իրավանորմ սուբյեկտիվ առումով կարող է ինչ-որ նպատակ հետապնդել, գուցեեւ Ձեր նշածը լինի հիմքում, չեմ կարող հաստատել կամ հերքել, բայց արդար դատաքննության իրավունքը ենթադրում է, որ անձին պետք է հասու լինի՝ ներկայացնելու իր դիրքորոշումը, նաեւ ներկա գտնվելու դատական պրոցեսներին: Ասվում է, որ միտումնավոր խուսափելու դեպքում է հեռակա վարույթ իրականացվելու, բայց ինչպե՞ս պետք է գնահատական տրվի, ո՞նց են ապացուցելու միտումը: Դա խնդիր է: Օրինակ, մարդն ասում է, որ Ռուսաստանում բուժումներ է ընդունում, ո՞նց են ապացուցելու միտումը: Քանի դեռ մեր իրականության մեջ  իրավունքը գերակա չէ, վարույթն իրականացնող մարմինները, նաեւ դատարանը մեխանիկական աշխատանք են կատարում՝ առերեւույթ օրենքներով ղեկավարվելով: Իրավունքը գերակա չէ, եւ նման պայմաններում մենք ունենալու ենք այս խղճուկ պատկերը»: 

Որքանո՞վ է պահանջված այս պահին տվյալ նորմը, ո՞րն է դրա անհրաժեշտությունը հենց հիմա: Լեւոն Բաղդասարյանը կարծում է, որ ավելի գերակա հարցեր կան՝ օրինակ, կալանքների հարցը, որ վերջին ամիսներին չափից դուրս հաճախ են կիրառում: «Ուղղակի, վերացական դատողությունով ասում են, որ կարող է մարդը խուսափել քննությունից, մեկ փաստ չեն ներկայացնում ու կալանքի միջնորդությունը բերում են, դատարանն էլ դակում է: Դրա ծանր հետեւանքները մենք մոտ ապագայում զգալու ենք: Մի բան կարող եմ արձանագրել՝ որպես իրավապաշտպան․ ցավոք, ՀՀ-ում գործում է ընտրովի արդարադատություն եւ փողոցի արդարադատություն, ինչն անթույլատրելի է»: 

Հեռակա վարույթների ինստիտուտի ներդրումը բացատրում են քննության ողջամիտ ժամկետների ապահովման նպատակով: Բայց այսօր ե՛ւ վարույթ իրականացնող մարմինը, ե՛ւ դատարանը ողջամիտ ժամկետները խախտում են: «Եթե առերեւույթ խախտված իրավունքն անձը ցանկանում է դատարանով վերականգնել, քաղհայց է ներկայացնում, ու դատարանը դա լսում է 6-7 տարի, խոսք անգամ չի կարող լինել արդարադատության մասին: Այստեղ դատական իշխանության գաղափարը, իմաստը վերանում է: Կամ՝ բազմաթիվ գործեր ունենք, որ ուղարկում ենք փորձաքննության, տարիներով փորձագետները նայում են, փորձագետների ինստիտուտն է խայտառակ վիճակում, այն մարդկանց ճակատագրեր է խաթարում՝ միանշանակ ազդելով ողջամիտ քննության վրա: Կամ՝ եթե դատավորի վարույթում կա 2 հազարից ավելի գործ, լավագույն ցանկության դեպքում դատավորը չի կարող արդարադատություն իրականացնել»,- արձանագրում է փաստաբանը: