ԵԿՄ-ն կռիվ է գցել Մարությանի եւ իմքայլականների միջեւ․ լարվածությունը խորանում է

ԵԿՄ-ն կռիվ է գցել Մարությանի եւ իմքայլականների միջեւ․ լարվածությունը խորանում է

Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության եւ քաղաքապետ Հայկ Մարությանի հարաբերությունները գնալով սրվում են, հակասություններն արդեն խանգարում են նրանց  շփումներին։ Իմքայլականները շարունակում են դժգոհել քաղաքապետ Հայկ Մարությանից, հատկապես վերջին նիստից հետո, երբ քննարկվում էր ԵԿՄ-ին անհատույց կերպով տարածքներ տրամադրելու հարցը, եւ իմքայլականները բաժանվել էին 2 թեւի․ մի մասը՝ կողմ, մյուսը՝ դեմ։ Անգամ նիստի ժամանակ ավագանու անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկել էր օրակարգից հանել անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին նախագիծը: Ասել էր՝ առաջարկվող տարածքները բավականին վիճահարույց են ու ավելի խորն ուսումնասիրության կարիք ունեն։ Պապիկյանի այս առաջարկը միանշանակ չէր ընդունվել հենց թիմակիցների կողմից։ Մեզ տեղեկություններ են հասել, որ նիստի ընդմիջմանը ավագանու իշխանական անդամները բոլորվել են Հայկ Մարությանի շուրջ, քննարկել ԵԿՄ-ին վերաբերող հարցը, դժգոհություն հայտնել, քաղաքապետն էլ կիսաբարկացած ասել է՝ ոնց գիտեք, այդպես էլ քվեարկեք։ Նիստից մեկ օր առաջ նույն՝ ԵԿՄ-ի թեմայով նիստ են արել, բուռն քննարկումներ ու վեճեր են ունեցել մինչեւ ուշ գիշեր, սակայն հարցը մտցվել է օրակարգ։ Թեպետ քվեարկել են, եւ որոշումն ընդունվել է, սակայն թիմում լարվածությունը մնացել է։

Քաղաքապետն անգամ խմբակցության մշտական նիստերին չի մասնակցում․ երբ անհրաժեշտ է լինում որեւէ հարցով հրահանգ տալու, միայն այդ ժամանակ է գնում իշխող խմբակցության նիստին։ Նույն այդ տեղեկություններով՝ ավագանու անդամները Մարությանից դժգոհում են նաեւ ահռելի չափով պարգեւավճարներ բաշխելու համար։ Դրա վերաբերյալ իմքայլականները միշտ էլ կուլիսներում իրենց դժգոհությունը հայտնել են։

Ավագանու «Իմ քայլի» անդամ Արմեն Գալջյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Մարությանը մասնակցում է նիստերին, ապա, անդրադառնալով լարված մթնոլորտին, նշեց․ «Ինչպես ցանկացած կոլեգիալ մարմնում՝ հատկապես քաղաքական մարմնում, որը բաղկացած է 57 հոգուց, չի կարող բոլոր հարցերի վերաբերյալ լինել մեկ կարծիք, եւ շատ հաճախ բանավեճեր են լինում քաղաքային տարբեր հարցերի վերաբերյալ, բայց դրանք բնականոն պրոցեսներ են, որոնք միայն դրական կերպով են ազդում մեր խմբակցության աշխատանքների վրա, եւ այդ ամենը որակել որպես լարված հարաբերություններ, ամենեւին չի արտացոլում քննարկումների այն մթնոլորտը, որն իրականում առկա է խմբակցությունում։ Այդ բանավեճերը տեղի են ունենում ոչ միայն քաղաքապետի հետ, այլ նաեւ խմբակցության մյուս անդամների միջեւ՝ քաղաքային նշանակության տարբեր խնդիրներ քննարկելիս»։

Ավագանու մեկ այլ անդամ՝ Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն էլ ասաց, որ Մարությանը նիստերին երբեմն գալիս է, երբեմն՝ ոչ՝ ելնելով զբաղվածությունից։ Ինչ վերաբերում է լարված մթնոլորտին,  նախկին ռեկտորն ասաց․ «Իմ անունից կարող եմ ասել, որ որեւէ լարվածություն չունեմ քաղաքապետի հետ, չեմ բացառում եւ տեղյակ չեմ, որ գուցե որոշ անդամներ ունենան աշխատանքային խնդիրներ, որի հետեւանքով միգուցե լարվածություն առաջացած լինի․․․ ԵԿՄ-ի վերաբերյալ․ քվեարկությունն անգամ ցույց է տվել, որ եղել է տարակարծություն այդ հարցում, որեւէ գաղտնիք չի եղել։ Այստեղ շատ բնական եւ նորմալ է, որ կա տարակարծություն, միգուցե դրա հետեւանքով առաջանա աշխատանքային լարվածություն»։  
Նշենք նաեւ, որ արդեն մի քանի օր է՝ քաղաքապետն աշխատանքի չի ներկայանում, աշխատում է հեռավար եղանակով։ Պատճառը գործավարուհու մոտ հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդությունն է։ Քաղաքապետարանի շենք ուշ-ուշ են մտնում նաեւ 3 խմբակցության ավագանու անդամները։