Տաքսիստներին մտցնում են հարկային դաշտ, տաքսիները թանկանալու են
Գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տաքսիների ոլորտը հարկային դաշտ չի մտցնի` մարդիկ ընտանիք են պահում: Այժմ հարկային «արձակուրդն» ավարտվել է, եւ տաքսիները եւս բերվում են հարկային դաշտ։ Սեպտեմբերի 1-ից բոլոր տաքսի վարողները, անկախ տարիքից ու կարգավիճակից, «օնլայն» եւ ոչ «օնլայն», անհատներ եւ պարզ «գրդոնչիներ»` բոլորը պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառեն` հաշվիչներ տեղադրեն, եւ պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային կտրոն։ Կտրոն չեն տրամադրի միայն էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրում իրականացնողները։
ՊԵԿ-ից վստահեցնում են, որ այժմ տաքսի ծառայությունների եւ անհատ տաքսիստների հետ քննարկումներ են անցկացվում՝ նոր կարգավորումների շուրջ։ Կանխիկ վճարումների դեպքում 2024 թ․ սեպտեմբերից յուրաքանչյուր ուղեւորության արժեքի 2 տոկոսը տաքսի վարողները պետք է պետությանը փոխանցեն, քարտով ստանալիս՝ 1,5 տոկոսը։ Օրինակ, եթե ուղեվարձը կազմի 1000 դրամ, տուրքը կլինի 20 կամ 15 դրամ։ Պետտուրքը տարեցտարի ավելանալու է։ 2025-ից հասնելու է 35 եւ 25 դրամի՝ ուղեվարձի 3,5 եւ 2,5 տոկոսի, իսկ 2026-ից՝ 50 դրամ՝ կանխիկի, եւ 40 դրամ՝ անկանխիկի դեպքում (5 եւ 4 տոկոս)։
Անշուշտ, այս դրույքաչափերի կիրառման դեպքում տաքսի ծառայությունը Հայաստանում, որն առանց այդ էլ մատչելի չէ, ավելի է թանկանալու։ Բայց գլխավոր խնդիրն այն է, որ էլեկտրոնային ՀԴՄ-ների մասին օրենքը վաղուց ընդունված է, իսկ հավելվածը, որի միջոցով անհատ վարորդները պետք է էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրեն քաղաքացիներին, դեռ գոյություն չունի։ «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն ասում է․ «Անհատ անձը, ով տաքսի է վարում, պետք է ներբեռնի բջջային հավելված, որի միջոցով կիրականացնի ծառայությունը, բայց այդ հավելվածը դեռ չկա»։
Օրենքի կիրառման մեկնարկին մնացել է ընդամենը 9 օր։ Այս 9 օրվա ընթացքում ՊԵԿ-ը պետք է հասցնի ներկայացնել հավելվածը, իսկ 50-ն անց տաքսիստները եւ բոլոր նրանք, որոնց համար համակարգիչն ու գաջեթը մութ անտառ են, պետք է հասցնեն սովորել այդ հավելվածից օգտվել։ Ի՞նչ է լինելու նրանց հետ։ «Այդ հարցն ինձ չպետք է տաք, այլ՝ կառավարությանը։ Նախկինում ընկերություններն ու անհատները տարեկան տուրք էին վճարում եւ աշխատում էին, այժմ այդ տուրքը հաշվարկվելու է ավելի համաչափ։ Եթե շատ շահույթ ստանաս, շատ կվճարես, եթե քիչ շահույթ ստանաս, քիչ կվճարես։ Անկանխիկ կիրականացնես ծառայությունը, ավելի թափանցիկ կլինես, ավելի քիչ կվճարես, կանխիկ կիրականացնես, ավելի շատ կվճարես»,- բացատրում է Քեյանը։ Ըստ նրա՝ անվտանգ ու քաղաքակիրթ տաքսի ծառայություններ ունենալու համար այլ, ավելի առաջնային կարգավորումներ են պետք, համապատասխան չափանիշների ներդրում, բայց կառավարության համար ամենակարեւորը հարկման դաշտ մտցնելն էր։
Ի՞նչ կփոխվի տաքսիստների կյանքում։ «Մեզանում անհատ տաքսիներն այնքան շատ չեն, մի քիչ մարզերում են մնացել, մի քիչ՝ օդանավակայանում։ Հիմնականում տաքսիստները բջջային հավելվածի միջոցով միացված են ոլորտում ծառայություն իրականացնողներին՝ «Յանդեքս», «ՋիՋի» եւ այլն, եւ այս դեպքում ՀԴՄ տալու պարտականությունը դրված է ընկերությունների վրա։ Ձեր ասած՝ 50-60 տարեկան մարդու կյանքում ոչինչ չի փոխվելու, բացի պետությանն ավել վճարումներից։ Նրանց կյանքում է փոխվելու, ովքեր միացված չեն օնլայն ծառայություններին, կանգնում են որոշակի տեղերում ու մարդկանց Ա կետից Բ կետն են տանում։ Նրանք պետք է միանան ՊԵԿ հավելվածին, որը միանալուց հաշվեհամար կգեներացնի, որի միջոցով արդեն վճարումներն ու շրջանառությունը ցույց կտա»,- պատասխանում է ՀԿ նախագահը։ Ըստ նրա՝ արդյունքում տաքսու գները կբարձրանան։ «Ոչ ոք բարերար է, այս ոլորտի աշխատողները վտանգավոր, պատասխանատու ու տանջալից աշխատանք են կատարում, եւ մարդիկ չեն ցանկանա, որ իրենց եկամուտները նվազեն։ Ավելին ասեմ՝ տաքսին չի թանկանա 2-3 տոկոսով, այլ կթանկանա ավելի շեշտակի։ Եթե տաքսու ծախսն ավելանում է, տարիֆներն էլ բարձրանում են, սա բնական է»:
Կարծիքներ