Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը դատարանում Արա Մինասյանի որդին է

Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը դատարանում Արա Մինասյանի որդին է

Գրիգոր Մինասյանի «AM» իրավաբանական ընկերությունը ստանձնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շահերի պաշտպանությունն ընդդեմ Բժշկական համալսարանի ռեկտորի։ Այս մասին մեր տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց Գրիգոր Մինասյանը։ «Մեր իրավաբանական գրասենյակն է Արսեն Թորոսյանին խորհրդատվություն տրամադրում, իսկ փաստաբան-բաժնետեր Դավիթ Հունանյանը կոնկրետ գործով փաստաբանն է»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ զրպարտության համար։ Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 2-ին: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: «Մուրադյանը Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում»,- ասաց Մինասյանը։

Հիշեցնենք, որ նախարար Թորոսյանն իր պաշտոնավարումը սկսեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին ազատելու գործից եւ այդ ընթացքում ոչ մի միջոցի մեջ խտրականություն չէր դնում՝ սկսած քրեական հետապնդումից մինչեւ նրա բանկային արկղերը բացելն ու հեռուստատեսությամբ ցուցադրելը, նրան կոռուպցիոներ ու հանցագործ անվանելը։ Երկարատեւ ստուգումներից հետո պետպատվերի հոդվածների խախտումներ հայտնաբերվեցին ԲԿ-ում, եւ Արա Մինասյանին ազատեցին աշխատանքից, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվեց եւ հետախուզում հայտարարվեց։ Հիմա, փաստորեն, Գրիգոր Մինասյանը ստանձնել է հոր նկատմամբ հետապնդում նախաձեռնած նախարարի շահերի պաշտպանությունը դատարանում։ 

Ի դեպ, Բժշկական կենտրոնում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով՝ ուղիղ եթերը վերնագրելով «տուշոնկեքի մասին», որից հետո Արա Մինասյանը փաստաբանների միջոցով քաղաքացիական հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով հերքել Թորոսյանի արած արտահայտությունները: 

Երեկ մենք հետաքրքրվեցինք Գրիգոր Մինասյանից, թե արդյոք իրեն չե՞ն կաշկանդել Թորոսյանի՝ իր հոր՝ Արա Մինասյանի հետ ունեցած հարաբերությունները, նա ասաց․ «Գիտեք, մեր ընկերությունում հարյուրավոր գործեր են, ու նմանատիպ անձնական ինչ-որ բաներով չեմ առաջնորդվում»։ Այս թեմայով Գրիգոր Մինասյանը չցանկացավ այլ բան ասել։ Հարցրեցինք նաեւ, թե Թորոսյա՞նն է դիմել իրենց կազմակերպություն՝ օգնության համար, թե՞ ընկերությունն է առաջարկել իր ծառայությունները, Գրիգոր Մինասյանն ասաց․ «Ճիշտն ասած, մեր ընկերությունը մեծ է, տարբեր գործեր կան, գործով զբաղվող փաստաբանը գործի շրջանակներում ամեն ինչ կասի Ձեզ»։ Գրիգոր Մինասյանը միայն տեղեկացրեց, որ իրենց վստահորդ Արսեն Թորոսյանին ներկայացնում են ոչ միայն Բժշկականի գործով։

Փաստաբան Դավիթ Հունանյանից տեղեկացանք, որ նախաձեռնությունը գալիս է Արսեն Թորոսյանից, այսինքն` նախարարն է դիմել իրենց իրավաբանական գրասենյակ։ Ինչ վերաբերում է մյուս դատական հայցերին, որոնցով պաշտպանում են նախարար Թորոսյանին, ապա մեկը վերաբերում է ԱՆ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանի, մյուսը՝ առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հայցին։ Դավիթ Գրիգորյանը դատի էր տվել  ՀՀ առողջապահության նախարար Թորոսյանին՝ պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել: Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ևս պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանող Թորոսյանին` զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակային հերքել։ Իսկ երրորդ քաղհայցով՝ արդեն Թորոսյանն է դատի տվել Երևանի ավագանու ԵԾ նախկին անդամ Մարինա Խաչատրյանին, ումից պահանջում է պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: