Երևանում բժիշկը և պացիենտը թշնամիներ են, բժիշկն այն մարդն է, ում մոտ ավելի լավ է չընկնել

Երևանում բժիշկը և պացիենտը թշնամիներ են, բժիշկն այն մարդն է, ում մոտ ավելի լավ է չընկնել
Բժիշկ, պացիենտ, մանկաբարձ-գինեկոլոգ, Ելենա Գևորգյան

Մանկաբարձ-գինեկոլոգ Ելենա Գեւորգյանը հետաքրքիր դիտարկումներ ունի ոչ միայն առողջության եւ մանկաբարձության խնդիրների հետ կապված, այլեւ հանրային հոգեբանության շուրջ։ Նրա հետ զրույցի սկզբում նախ հետաքրքրվեցինք, թե հիմա որտեղ է աշխատում։

- Աշխատել եմ Մոսկվայում՝ 15 տարի, առաջին բժշկականում (ամենահեղինակավոր բուհը եւ հիվանդանոցն են Ռուսաստանում), ընդ որում՝ ոչ թե գինեկոլոգիայում, այլ հոգեբուժարանում։ Այն կանանց հետ, ովքեր հնարավորություն չունեին հիվանդանոցից դուրս գալու եւ բժշկի դիմելու, որը չափազանց կարեւոր փորձ էր եւ իմ այսօրվա աշխատանքում շատ է պետք լինում։ 10 տարուց ավելի աշխատել եմ չբերության խնդիրներով զբաղվող մասնագիտացված կլինիկայում՝ «Не вынашиваю»։ Պատկերացրեք՝ 10 տարի աշխատել եմ բացարձակ հուսահատված զույգերի հետ։ Ասենք, 10 անհաջող ԷԿՈ անցած, 5 վիժում ունեցած զույգերը բազում կորուստներից հետո գալիս էին մեր կլինիկա, եւ մենք զրոյից սկսում էինք աշխատել եւ այդպիսի անհույս դեպքերում արդյունք էինք ստանում։ Դրա համար հղիության դրական թեստն ինձ համար այնպիսի հաջողություն է, ուղղակի անհավանական։ Մարդիկ, որոնք երեխա ունենալու համար վաճառել են ամեն ինչ, ծախսել են մի ամբողջ կարողություն, տեսնում են արդյունքը․ ի՞նչը կարող է ավելի արժեքավոր լինել։ Ու երբ տեսնում ես, թե ինչպես են խնդիրներ չունեցող կանայք վերաբերվում հղիությանը, դա խորապես վիրավորում է, քանի որ հասկանում ես, որ այս պահին հսկայական թվով կանայք այս արդյունքի համար կտային բացարձակ ամեն ինչ։ 

- Իսկ ինչպե՞ս եք հայտնվել Երեւանում։

- Ես, իհարկե, Մոսկվան շատ եմ սիրում, իմ կայացման, իմ գիտելիքների համար ես Մոսկվային եմ պարտական, բայց ինչ-որ պահի հասկացա, որ ազատ ժամանակս ծախսում եմ միայն բուժվելու ու վերականգնվելու վրա, եւ չի հաջողվում ուղղակի ապրել։ Այնպես որ, 4 տարի առաջ տղայիս հետ նստեցինք մեքենա ու եկանք Երեւան, քանի որ այստեղ իմ տունն է։ Մոսկվայում ինձ աշխատանքից չհեռացրեցին, ասացին՝ եթե հոգնել ես, մի տարի հանգստացիր ու վերադարձիր։ Ու առաջին տարին Հայաստանում ես գիտական հոդվածներ էի գրում, տեսարժան վայրերն էի ուսումնասիրում եւ բարեգործությամբ զբաղվում։ Հիանալի տարի՝ մի խոսքով։ Մի տարի անց, երբ պետք է վերադառնայի Մոսկվա, ես հասկացա, որ պատրաստ եմ Հայաստանում ապրել, եւ, ինչն ավելի կարեւոր է՝ այստեղ իմ գիտելիքներն ավելի անհրաժեշտ են, քան Մոսկվայում։ Հնարավոր է՝ ես սովորել եւ փորձ եմ ձեռք բերել հենց իմ հայրենիքում աշխատելու համար, այստեղ անծայրածիր աշխատանք կա անելու։ Երբ հասկացա, որ չեմ պատրաստվում վերադառնալ Մոսկվա, Երեւանում աշխատանքի տեղավորվեցի «Նոր-Մեդ» կլինիկայում, հիմա զբաղվում եմ ամբուլատոր ընդունելությամբ։ Հիմնականում աշխատում եմ մեր հասարակության մեջ մեծ վախ առաջացնող ոլորտում՝ հորմոնների հետ։ Այդ հարցում մեզանում ամեն ինչ շատ ողբերգական է․ կա անհասկանալի վախ, համարվում է, որ հորմոնների նշանակումը քաղցկեղի պատճառ կարող է լինել, ու շատ ուրիշ անբացատրելի կասկածամտություն կա։ Ընդհանրապես, հորմոնոֆոբիան հասարակության անհասության ցուցանիշներից է․ ինչքան հասարակությունը վախենում է հորմոններից, այնքան այն հետամնաց է եւ ոչ հասուն։ Իհարկե, այս վախը թե՛ մասնագետների քիչ քանակից է, թե՛ այդ մասնագետների վերաբերմունքից, բայց աշխարհը վաղուց առաջ է գնացել եւ հորմոններից անբացատրելի վախեր չունի։ Հիմա ես աշխատում եմ կանացի օրգանիզմի բոլոր հորմոնալ խախտումների հետ, իրականում գրեթե բոլոր խնդիրները, բացի վիրահատություն պահանջող հիվանդություններից, հորմոններից են։ Զբաղվում եմ  առհասարակ կանացի առողջության հետ կապված բոլոր հարցերով, օրինակ՝ մենապաուզայի ժամանակ կնոջ վիճակը թեթեւացնելով։ Չգիտես ինչու, համարվում է, որ կինը պետք է տանջվի սկզբում դաշտանային ցավերից, հետո՝ կլիմաքսի տարբեր դրսեւորումներից․ իմ աշխատանքն այդ տանջանքներից ազատելն է։ Իրականում ցանկացած ցավ եւ դիսկոմֆորտ նորմալ չէ, բայց մեր մեջ ի ծնե սերմանված է, որ ցավը նորմալ է, որ կին լինելը տառապանք է։ Ու հենց հաջողվում է մի կնոջ ազատել ցավից, տառապանքից, նա արդեն վարակվում է եւ հետո արդեն ինքն է իր շրջապատում քարոզում, բացատրում, որ՝ գիտեք, պետք չէ տանջվել, պետք է բժշկի գնալ, դեղ կնշանակի։ Արդյունք ստացած կինն արդեն ունի բավականին գիտելիքներ ու կարողանում է բացատրել, որ վախենալու բան չկա։ Ինֆորմացիան այսկերպ տարածվում է ու հասնում այն կանանց, ում իսկապես անհրաժեշտ է։

- Իսկ կա՞ տարբերություն Երեւանի ու Մոսկվայի հիվանդների միջեւ։

- Միանշանակ՝ կա։ Մոսկվայում բժիշկը պոտենցիալ թշնամի չի դիտարկվում, այլ օգնության աղբյուր է, արդյունքում գործընկերային հարաբերություններ էին հաստատվում, որը հնարավորություն էր տալիս համատեղ ուժերով գալ մեր նպատակին։ Իսկ Երեւանում բժիշկը եւ պացիենտը թշնամիներ են, առհասարակ՝ բժշկի կերպարը հեղինակազրկված է, բժիշկն այն մարդն է, ում մոտ ավելի լավ է չընկնել։ Բժիշկը կարող է նշանակել ավելորդ դեղեր, սխալ դիագնոզ դնել՝ այդ ամենի մեջ ունենալով ֆինանսական շահ։ Այդ իսկ պատճառով այստեղ պացիենտը լիարժեք չի վստահում բժշկին։ Ես ընդհանրապես առաջարկում եմ «ատկատները» վերացնել թե՛ հետազոտություններից, թե՛ ուղգրերից, ես անձամբ մի անգամ չէ, որ հանդիպել եմ իրավիճակի, երբ կնոջն ի սկզբանե սխալ դիագնոզ է դրվում՝ փողի համար։ Արդյունքում առողջ կինը հասնում է վիրաբույժի մոտ, իրեն ինչ-որ վիրահատություն են անում, եւ բոլորը գոհ են։ Կինը գոհ է, քանի որ ժամանակին հասցրել են ախտորոշել եւ հեռացնել, բժիշկներն էլ իրենց հերթին են գոհ, քանի որ առանց մեծ ռիսկերի հաջողվեց փող աշխատել։ Սա, իհարկե, բոլոր բժիշկներին չի վերաբերում, իմ շրջապատում համաշխարհային մակարդակի մասնագետներ կան․ ուղղակի անհավանական է, բայց քանի դեռ գեթ մեկ այդպիսի անբարեխիղճ բժիշկ կա, մենք փայլուն ապագա չենք ունենալու, իսկ բժիշկներն էլ հեղինակազրկվելու են։ 

- Կա՞ վիճակագրություն, թե արդյոք չբերության դեպքերն աճե՞լ են, մեզ մոտ կարծիք կա, որ 90-ականներին մեծացած աղջիկները ցուրտ ու մութ տարիների պատճառով ավելի հաճախ են հղիության հետ խնդիրներ ունենում։

- Իրականում այդ թիվը չի փոխվում, ամեն սերունդ ունի հաստատուն տոկոս չբերության, տարբերությունը դիագնոստիկայի ու բուժման մեջ է։ 50 տարի առաջ ինչ-որ գյուղում կինը չէր կարողանում հղիանալ, նրան լուռումունջ վերադարձնում էին հարազատներին, ուրիշի հետ ամուսնանում։ Հիմա այլ իրավիճակ է։ Վատ էկոլոգիան, ուտելիքը, ցուրտ ու մութ տարիները ռեալ ազդեցություն չեն ունենում։ Դեռ ավելին՝ հիմա մենք իդեալական պայմաններում ենք ապրում․  համաճարակներ չկան, պատերազմ չկա, ապրում ենք շատ ավելի երկար, քան նախորդ սերունդները։ Չբերությունն ավելի շատ էվոլյուցիայի կանոններին է ենթարկվում եւ այդքան արագ չի կարող փոխվել՝ երկրի սահմաններով կամ սերնդով պայմանավորված։ Բնությունը կարող է ինչպես շատ արդար լինել, օրինակ՝ հիվանդությունների գենը կրող մարդկանց հնարավորություն չտալով համատեղ երեխա ունենալ, այնպես էլ կարող է շատ անտակտ լինել՝ ամբողջովին պատահականություն է, զույգը կարող է առանց որեւէ տեսանելի պատճառի երեխաներ չունենալ ու վերջ։ 

- Իսկ ի՞նչն է ավելի բարդ չբերության ժամանակ, հղիանա՞լը, թե՞ այդ հղիությունը բարեհաջող ավարտին հասցնելը։    
- Իրականում թե՛ հղիանալը, թե՛ հղիության 9 ամիսները բարեհաջող ավարտին հասցնելը կարող են դժվար լինել, մեզ ի՞նչ է պետք, որ հաջողվի առողջ երեխա ունենալ։ Իսկ չբերությունն ավելի հաճախ կնոջ խնդիրներով է պայմանավորված, քան թե տղամարդու։ Չբերությունը 3 մասից է բաղկացած․ կնոջ չբերությունը մեկ երրորդի դեպքում է, այստեղ տղամարդը լիարժեք առողջ է եւ անգամ երեխաներ ունի։ Մյուս մեկ երրորդը տղամարդու չբերությունն է, իսկ վերջին մասնաբաժինը անհամատեղելիությունն է կամ անհաղթահարելի գործոնները, օրինակ՝ առողջ կինն ու տղամարդը երեխա չեն ունենում, քանի որ ծեր են։ 

- Իսկ տարիքի գործոնն ինչքանո՞վ է կարեւոր՝ առաջ 27 տարեկանում ունենալն արդեն ուշ էր, հիմա ինչպե՞ս է։

- Հիմա մենք մինչեւ 35 տարեկանը կնոջը համարում ենք պտղաբերության առողջ տարիքում։

- Իսկ ինչքանո՞վ է ավելանում պաթոլոգիաների հավանականությունը 35 տարեկանից հետո։

- Տարիքի հետ քրոմոսոմային պաթոլոգիաների հավանականությունն աճում է, օրինակ՝ Դաունի սինդրոմի հավանականությունը։ Բայց պետք է հասկանալ, որ այս պաթոլոգիաները ոչ միայն մեծ տարիքի գործոնով են պայմանավորված, այլեւ շատ երիտասարդ տարիքում հավանականությունը նույնպես ավելանում է։ 15-17 տարեկան զույգերի մոտ նման խնդիրներով երեխա ունենալու հավանականությունը նույնքան է, ինչ 40-45 տարեկան զույգի մոտ։ 

- Իսկ ի՞նչ է հարկավոր անել՝ 35-ից հետո առողջ հղիություն ու երեխա ունենալու համար։

- Բոլորը, անկախ տարիքից, նույն նախապատրաստությունը պետք է անցնեն։ Պլանավորելու գործընթացը բոլորի մոտ նույնն է․ առաջին հերթին պետք է կայունացնել օրգանիզմի վիճակը՝ բուժել ամեն ինչ՝ սկսած ատամներից, վերջացրած ներքին օրգանների խնդիրներով։ Հետո գալիս է ստանդարտ հետազոտությունների հերթը․ արգանդի վզիկն ենք հետազոտում, կուրծքն ենք հետազոտում, մի խոսքով՝ այն, ինչ պիտի անի առողջ կինը տարին մի անգամ՝ պրոֆիլակտիկայի համար։ Հաջորդ քայլով հրաժարվում ենք հակաբեղմնավորիչներից ու սկսում ֆոլաթթու խմել։ Վերջ՝ սա է պլանավորման էտապը, իսկ հղիության առաջին օրից գոյանում է մարդ, ում առողջությամբ պետք է զբաղվել։ Հղիության ժամանակ կա մի հիանալի հետազոտություն՝ պռենատալնի սկրինինգ, որի միջոցով 12 շաբաթականում ախտորոշվում են պաթոլոգիաները։ Ցավոք, Հայաստանում այս հետազոտությունը լիարժեք չեն կատարում, հաշվի չեն առնում ծնողների անհատական առանձնահատկությունները, արյան եւ սոնոգրաֆիկ հետազոտությունները չեն համադրվում՝ ավելի լիարժեք պատկեր ստանալու համար։ Այս հետազոտությամբ մենք կնոջն ընտրության հնարավորություն ենք տալիս՝ ընդհատե՞լ պաթոլոգիկ հղիությունը, թե՞ շարունակել։ Մեր երկրում սա ցավոտ հարց է՝ մի բան է հղիության սկզբում ախտորոշել հիվանդությունն ու կնոջ առողջության համար մինիմալ վտանգներով ընդհատել հղիությունը, մի բան է ծննդաբերել ու չպատկերացնել՝ ինչ անել այդպիսի երեխայի հետ։ Մեզանում խնդիրներ ունեցող երեխաներին թաքցնում են, մենք դեռ ամաչում ենք հատուկ պահանջներով երեխա ունենալու փաստից։ Եթե նայենք, փողոցներում ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հաշմանդամ երեխա չենք տեսնի։ Դա նրանից չէ, որ նրանք չկան, այլ նրանից է, որ մենք համատարած թաքցնում ենք։ Նման երեխաներին, եթե ունենում են, շատ հաճախ ուղարկում են գյուղ՝ հարազատների մոտ, ու  ինվալիդների թիվը քաղաքում շատ ավելի քիչ է, քան գյուղերում։ 

- Իսկ կա՞ ինչ-որ ցուցանիշ․ պաթոլոգիաներով երեխաների ծնունդից հետո ինչքա՞ն մեծ է 2-րդ անգամ նման խնդիրներով երեխա ունենալու հավանականությունը, եւ արդյոք կինը չի՞ վախենում 2-րդ անգամ հղիանալուց։

- Ցանկացած խնդիր թողնում է իր հետքը, անգամ շատ փոքր հղիությունը կորցնելը կամ այլ՝ առաջին հայացքից անտեսանելի խնդիրները միշտ հետեւանքներ են ունենում։ Սա ավելի շատ հոգեբանական ֆակտոր է, ու նայած ինչ ընտանիքում է ապրում կինը, ինչ միջավայրում, ինչպես է նրա շրջապատն այդ ամենին վերաբերվում՝ շատ բան է դրանից կախված։ Իսկ հետագայում հոգեկան ապրումները կարող են էական ազդեցություն ունենալ ֆիզիկական վիճակի ու հղիության վրա։