Խաղից առաջ Ջեկոն ինձ ասել էր, որ պարտավոր եմ գոլ խփել․ Մխիթարյան

Խաղից առաջ Ջեկոն ինձ ասել էր, որ պարտավոր եմ գոլ խփել․ Մխիթարյան

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի A սերիայի 7-րդ տուրում «Ջենուայի» հետ արտագնա խաղում երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Խաղից հետո Մխիթարյանը խոսել է իր տպավորությունների մասին, անդրադարձել առաջատար հարձակվող Էդին Ջեկոյի հետ նախախաղային զրույցին, որի ընթացքում Ջեկոն Մխիթարյանին ասել է, որ նա պարտավոր է գոլի հեղինակ դառնալ։
«Խաղից առաջ խոսել եմ Ջեկոյի հետ, և նա ասաց, որ ես պետք է գոլ խփեմ: Նա մեզ շատ է պետք: Հուսով եմ՝ շուտ կվերադառնա: Ցանկացած խաղացող կարևոր է մեզ համար: Առաջին խաղակեսում մենք պահեր ունեինք, սակայն ոչ պարտադիր սխալներ էինք թույլ տալիս: Լավ է, որ մինչև ընդմիջում կարողացանք մեկ գնդակ խփել: Երկրորդ խաղակեսում, չնայած որոշ դժվարությունների, կարողացանք հաղթանակ կորզել»,-ասել է Մխիթարյանը: 

Նշենք, որ Ջեկոն չէր մասնակցում հանդիպմանը կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։

«Իմ ազգի համար, Իմ «Ռոմայի» համար»,- խաղից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր հայազգի ֆուտբոլիստը։

Վերջին անգամ Մխիթարյանը մեկ խաղում 3 գնդակ խփել էր Հայաստանի հավաքականում՝ 2016 թվականի մայիսին՝ Գվատեմալայի հավաքականի դեմ խաղում (7-1): 

Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությանը մասնակցած առաջին ֆուտբոլիստն է, որ WhoScored հեղինակավոր կայքի կողմից առավելագույն՝ 10 գնահատականն է ստացել մրցաշարի որևէ հանդիպման համար: 
Ֆուտբոլիստը 3 գնդակ մրցակցի դարպասն ուղարկելուց բացի երեկ կարողացել է 6 հարված  կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, աչքի է ընկել 5 առանցքային փոխանցումով, 4 անգամ դրիբլինգի միջոցով շրջանցել  է մրցակիցներին։