«Հայ զինվոր»-ը՝ ընդդեմ Արուս Սուրենի

«Հայ զինվոր»-ը՝ ընդդեմ Արուս Սուրենի

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին

Ցանկանում եմ անդրադառնալ բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ Արուս Սուրենի՝ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսին ուղարկած երկու «ակնարկներին» առնչվող պատմությանը: Վստահ եմ` բանաստեղծուհու «մտորումները» Ձեր ընթերցողներին ներկայացնելուց առաջ չեք կարդացել հիշատակված նյութերը, որոնք տեղ չեն գտել մեր հանդեսի էջերում, այլապես անմիջապես կհասկանայիք, թե դրանք ինչու չեն հրապարակվել: Միանգամից ասեմ, որ տիկնոջ նյութերը, որոնք միջակ աշակերտի դպրոցական շարադրություն են հիշեցնում, որակապես ցածր են ինչպես լրագրության ստորին նշաձողից, այնպես էլ «Հայ զինվոր» հանդեսի  տարիներով ձեւավորված չափանիշներից: 

Հանդեսը հրապարակվում է շաբաթը մեկ անգամ, երեսուներկու էջով, որտեղ մեր լրագրողներն ու արտահաստիքային թղթակիցները (Հայաստանից եւ արտերկրից), մտավորականները հոդվածներով անդրադառնում են Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ու վերջին պատերազմում հերոսացած քաջորդիներին: Անդրադառնում են գեղարվեստական ակնարկի, պատմվածքի եւ այլ ժանրերում, այդ նյութերը մրցանակներ են շահում համահայկական ու միջազգային մրցույթներում: Սա այն որակն է, որին պաշտպանության նախարարության հանդեսը հասել է իր քսանութամյա կենսագրության ընթացքում: 

Քանի որ հանդեսն ունի նյութերի մեծ հոսք, ուստի մեզ հարկավոր է որոշակի ժամանակ՝ բոլոր նյութերը կարդալու եւ հեղինակներին պատասխանելու համար: Եթե բանաստեղծուհի Արուս Սուրենը համբերեր, ես նրան կպատասխանեի, իհարկե, հնարավորինս նրբորեն տեղեկացնելով, որ իր նյութերը չեն կարող հրապարակվել ՊՆ հանդեսում՝ ցածր որակի պատճառով: 
Պետք է խնդրեմ, որ Արուս Սուրենի՝ «Հայ զինվոր» հանդեսին ուղարկած նյութերը հրապարակեք իմ այս գրության հետ՝ առանց խմբագրելու եւ սրբագրելու, որպեսզի ընթերցողն ավելի լավ հասկանա, թե ինչի մասին է խոսքը: 

Հարգանքով՝ «Հայ զինվոր» հանդեսի գլխավոր խմբագիր Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


ԱՇԽԱՐՀԻԿ ՀՐԵՇՏԱԿԸ

Մորիս Գագիկի Խումարյանը ծնվել է 2000թ.-ին, ՀՀ Երեւան քաղաքում: Սովորել է Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում՝ բացարձակ գերազանցությամբ, ապա՝ Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում՝ կրկին լավագույն արդյունքներով, մաթեմատիկական  գիտելիքների պատկառելի պաշարով՝ որպես ապագա հաշվապահ:

Ավարտելուն պես ընդունվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Ձեռնարկատիրություն եւ բիզնես» բաժինը: Մեկ կիսամյակ ուսանելուց հետո զորակոչվել է բանակ՝ տարկետման հիմունքներով։

Ծառայության է անցել Իջեւանի զորամասում՝ 3-րդ գումարտակի հակատանկային հատուկ վաշտում,  մասնակցել է բազմաթիվ զորավարժությունների՝ ներկայացնելով նաեւ զորամասի կատարած ահռելի աշխատանքը:

Մորիսի մայրը՝ մասնագիտությամբ հրաշալի մանկավարժ, նույնքան հրաշալի մարդ Ալինա Գրիգորյանը, նաեւ իմ կոլեգան է: Պատերազմի առաջին օրվանից ես եւ մյուս մանկավարժները մեր օրն իմաստավորել ենք Մորիսի զանգերով ռազմաճակատից: Հետո լռեցին զանգերը: Ալինան գալիս էր նախակրթարան: Նախադպրոցական տարիքի մանուկների հետ աշխատանքն էր, որ կտրում էր նրան սեւեռուն մտքերից, չխենթանալուց: Մորիսն այլ էր՝ պարզ, զուլալ ու միեւնույն ժամանակ՝ իմաստուն: Երեկոներին աշխատակիցներով զանգում էինք միմյանց, փորձում լուր իմանալ, ոչ միայն Մորիսի, այլ նաեւ Ալինայի հոգեվիճակի մասին: Մորիսը ողջ ընթացքում դարձավ բոլորիս համար հաղթանակի խորհրդանիշը: Ալինան շարունակում էր գալ աշխատանքի: Ժպիտի անկյուններում լացն էր թրթռում: Նախադպրոցական տարիքի ծիծաղկոտ մանուկները պաշտում են պարզապես ընկեր Ալինային: Նրանք ոչինչ չէին զգում այդ օրերին: Զվարթունների նման խմբվում էին  շուրջն ու շարունակում վայելել նրա հոգատարությունը, սերը:

Վերջին անգամ, երբ Մորիսը հեռախոսով  խոսել է  Ալինայի հետ, ասել է.
- Մա՛մ ջան, գնում ենք, ես եմ ասում, որ ուրիշից չիմանաս:
- Շա՜տ ես բարձրահասակ, տղա՛ս, խնդրում եմ, մի քիչ ցածր մնա...
- Մա՛մ ջան,- պատասխանել է,- հե՛չ չվախենաս, չոչ կանեմ:

Ծիծաղել են մայր ու որդի՝ առանց ենթադրելու, որ վերջին զանգն է լինելու ու վերջին լիաթոք քրքիջը միասին: Մորիսն այն որդին էր, որ ծնողների առաջնեկը լինելով՝ նաեւ նրանց ընկերն է եղել, հավասարն ու խորհրդատուն: Եղբայրն ու քույրը զույգ են: Աստված է այդպես կամեցել, որ կարողանան ավագ եղբոր մեծ փառքն ու ոսկետառ, անբասիր կենսագրությունը ողջ կյանքում կրել, հավասարակշռել երկու սրտում:

Ամբողջ ընթացքում ինքս եմ վստահ եղել, որ Մորիսը կա՛, գալո՛ւ է, գնալու եմ ու գրկեմ Ալինային, ասեմ՝ տեսա՞ր, որ եկավ: Հիմա էլ եմ ասում՝ տեսա՞ր, որ եկավ, եկավ ավելի՛ շուքով, եկավ ապրելու եւ ապրեցնելու, եկավ հարատեւելու համար: Մորիսի ծնողները՝ Գագիկն ու Ալինան, հետո կգիտակցեն, թե որքան մեծ երջանկություն է սրբադասի ու անաղարտի հայր ու մայր լինելը: Բոլոր կոչումներից ու մեդալներից առաջ՝ նրանք են, որ Մորիսին փոխանցել են անխռով, խաղաղ խառնվածք, ազնվագույն սիրտ ու քաջի, աննկուն մարտիկի կամք:

Մորիսը, լսելով «նահանջ» հրամանը, չի ենթարկվել, որովհետեւ շուրջը՝ ռազմի դաշտում, վիրավոր զինակիցներն են եղել՝ անօգնական ու անկարող տեղաշարժվելու:

Կույր էր թշնամու արկը, բայց ո՛չ ճակատագիրը: Մորիսը մեր պահապան հրեշտակն է այսուհետեւ՝ իր լուսավոր ճակատագրով ու գերմարդկային արարքներով:

Արուս Սուրեն
Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ, «Իմ զինվորը» կամավորական նախագծի հեղինակ