Սա դատավարությո՞ւն է, թե՞ գյալաջի

Սա դատավարությո՞ւն է, թե՞ գյալաջի

Մեկ էլ որ չեն ասո՞ւմ՝ «բարձր դատարան», քիչ է մնում փռթկամ: Սա՞ է բարձր դատարանը… Մի դատարան, որի 9 դատավորներից առնվազն 7-ը հստակ քաղաքական պատվերի տակ են, ինչպե՞ս կարող է «բարձր» հորջորջվել: Ես իրավաբանական կրթություն չունեմ, եւ երբ բողոքաբեր կողմն ինձ համոզում է, որ Նիկոլը հանցագործ է, որ իրավունք չուներ վարչապետի պաշտոնում մնալ, որ իրեն խուլիգանի եւ փողոցայինի պես է պահել քարոզարշավից առաջ եւ քարոզարշավի ընթացքում, որ ատելություն է տարածել, որ իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք անգամ «բարձր դատարանում» անհնար է հնչեցնել, ինձ թվում է, որ դատարանը, լսելով այդ ամենը, պետք է անհապաղ միջոցներ կիրառի եւ առնվազն պատասխանատվության կանչի Նիկոլին:

Ի դեպ՝ այնպես էլ չէ, որ մենք բողոքաբեր կողմի հայտարարություններից իմացանք, թե ինչեր է արել Նիկոլն ու ինչ վարք է ցուցաբերել նախընտրական շրջանում: Բայց «բարձր դատարանը», հասկանում ես, պարզվում է՝ ոչնչից տեղյակ չէ: Էս բոյի էլ ցինի՞զմ:

Սրանց ինչպե՞ս հասկացնես, որ երբ մարդը հրապարակում մուրճ է թափահարում, թեկուզ գույնզգույն թելեր կապած, անցորդներն ակամա զգուշանում են, փորձում «ուխոդ» անել: Իսկ որքա՞ն մեծ է լինում այդ անցորդների զարմանքն ու վախը, երբ մուրճ թափահարողը ոչ այլ ոք է, եթե ոչ իրենց երկրի գերագույն գլխավոր հրամանատարը: Ուրիշ տեղ կասեին «դուռդոմ», բայց մեր ՍԴ 9 դատավորներից 7-ի կարծիքով՝ ոչ մի արտառոց բան չկա հրապարակում մուրճ թափահարելու մեջ: Հարց է ծագում՝ այդ դատավորները դարձյալ նույնկե՞րպ էին մոտենալու հարցին, եթե Նիկոլը ոչ թե մուրճ, այլ, ասենք, կացին թափահարեր կամ եղան: Պատասխանը մեկն է՝ այո, որովհետեւ ՍԴ 7 դատավորները գտնվում են Նիկոլի քաղաքական պատվերի տակ եւ այդ պատվերից այն կողմ ոչինչ չեն տեսնում:

Բոլորն են լսել, որ էդ այլասերվածն ասել է՝ բռնելու ենք շինենք: Եվ բանը, ինչպես տեսնում ենք, հասել է դիվան բաշուն: Մեկնաբանեք, պարոնայք, կարո՞ղ էր սա ազդել ընտրությունների արդյունքների վրա: Նկատի ունենանք, որ այս անգամ մուրճ չի թափահարել հանրության երեսին, այլ իր «ժողգործիքը»: Չուզեցա այդ բառով ասել՝ խնայելով բարձր դատարանի նրբազգա լսելիքը: Իսկ հիմա պատկերացնենք, որ մի շարքային քաղաքացի հայտարարած լիներ՝ Նիկոլին բռնելու եմ՝ շինեմ: Դատախազով, ԱԱԾ տնօրենով, ՀՔԾ-ով, ՔԿ-ով, ՔՊ-ով, ՍԴ-ով վրա կտայիք ու կուտեիք այդ մարդուն, չէ՞: Բա ինչո՞ւ Նիկոլին չեք ասում, որ իր այդ արտահայտությունն ուղղակի զզվեցրել ու հիասթափեցրել է հազարավոր ՀՀ քաղաքացիների, որոնք այդպես էլ տնից դուրս չեկան ընտրությունների օրն ու չիրականացրին ընտրելու իրենց իրավունքը:

Տիգրան Մուկուչյանը ՍԴ դատավոր չէ, բայց բոլոր դատավորներից առաջ է ընկել, թե՝ եկեք արդյունքները հաստատեք, որովհետեւ ընտրախախտումների մասին բողոքաբեր կողմի փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ արդեն նկարված թվերը վերանկարելու համար: Պարոն Մուկուչյան, ես Ձեզ միշտ լուրջ մարդու տեղ եմ դրել եւ չէի սպասում, որ այսպես կընդդիմանայիք երկիրն այս ապաշնորհներից փրկելու գործին: Հասկանալի է, պատասխանող կողմ եք, պարոն Մուկուչյան, բայց կարելի՞ է այսպես թքած ունենալ հայոց պետության ու պետականության վրա եւ պաշտպանել իշխանությունը զավթած խունտայի շահերը: Իսկ գուցե վախենում եք Փաշինյանի «բռնելու եմ շինեմ» սպառնալիքի՞ց: Արդեն երեք տարի է՝ բոլոր պետական կառույցներին շինում է՝ դուք նո՞ր եք վախենում, պարոն Մուկուչյան:

Մի պատասխանող կողմ էլ ՀՀ ոստիկանությունն է՝ հարյուր հազարներով նոր անձնագրերի բաժանման, խայտառակ ընտրացուցակների եւ այլ կասկածելի արարքների համար: Նիկոլի քաղաքական պատվերի տիրույթում գտնվող այս կառույցը, սակայն, որեւէ մտահոգություն չունի, որ «բարձր դատարանը» կբռնի իր ցավոտ տեղերից եւ դեմ կտա պատին: Իսկ նման մտահոգություն չունի, որովհետեւ վստահ է, որ 9 դատավորներից 7-ը պարում են Նիկոլի դուդուկի տակ եւ հարկ եղած դեպքում կսվաղեն բոլոր թերությունները, ինչպես դա արվեց Հրայր Թովմասյանի այն արձանագրումից հետո, թե իր անունը չկա ընտրացուցակում, բայց ինքն ընտրել է: Իսկ ինչո՞ւ են էլեկտրոնային սարքերը հազարավոր կտրոններ տրամադրել առանց ընտրողի լուսանկարի, հոգնա՞ծ են եղել: Վատ է, շատ վատ: Բայց այս ամենով հանդերձ՝ նոր որակի ոստիկանություն եք ստեղծում: Ընտրակաշառք չէ՞ր, որ այդքան մարդու ընդունեցիք աշխատանքի՝ յանի նոր ոստիկանություն ենք շինում:

Ինչո՞ւ «բարձր դատարանը» չցանկացավ լսել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Մի՞թե իսկապես ոչ մեկին հետաքրքիր չէր իմանալ, թե ինչու է Արմեն Սարգսյանն ընտրության օր նշանակել Փաշինյանի լեզվից թռած ամսաթիվը՝ հունիսի 20-ը: Փոխարենը, սակայն, «բարձր դատարանն» աճապարել է ՔՊ-ի պատվիրակությանը ներգրավել որպես երրորդ կողմ, քանզի այդ մասին «խնդրել է» Փաշինյան Նիկոլը: Կասեք՝ չի՞ եղել նման բան: Լավ, էլի… Էդ Վահագն Հովակիմյանն ո՞վ եղավ, որ առանց Նիկոլի հրամանի դառնա ՍԴ-ում ՔՊ-ի իրավախախտումների ու հանցագործությունների մալյար-սվաղչի: Արամ Վարդեւանյանի ու Դավիթ Հակոբյանի բերած փաստերի տակ արդարադատության քինդեր սյուրպրիզն ու մեծն սահմանադրագետ Վահագն Հովակիմյանն ակնհայտորեն ճկռում են, բայց դու տես, որ նրանց օգնության են հասնում ամենակարող ցինիզմն ու ՍԴ 9 դատավորներից 7-ի հովանավորությունը:

Ճիշտը որ ասեմ, ես սկզբում հույս ունեի, որ ՍԴ-ն գոնե արտաքուստ կփորձի անաչառ երեւալ: Բայց նույնիսկ այդ հասարակ բանը չեն կարողանում ապահովել: Եթե երկու դատավոր նույն փաստերի առկայությամբ տարբեր կերպ են հասկանում օրենքն ու տարբեր կերպ մեկնաբանում, էլ ի՞նչ անաչառության մասին կարող է խոսք լինել: ՍԴ 9 դատավորներից 7-ի տենդենցիոզությունն ու քաղաքական կանխավարկածին անշեղորեն հետեւելու վարքը հուսահատեցնում են ինձ ու ինձ նման հազարավորների, թե ի վերջո կարող է հաղթել արդարությունը: