էժան ներկայացում, փնթի բեմականացում դատարանի բակում

էժան ներկայացում, փնթի բեմականացում դատարանի բակում

Այսօր Վարչական դատարանում Մուրադ Փափազյանի հայցի քննության առաջին նիստն էր: Նա դիմել է դատարան՝ իրեն անցանկալի անձ հայտարարելու որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Դատարան էին եկել մեծ թվով դաշնակցականներ: Փափազյանին ներկայացնում են փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանը: Դատական նիստը սկսվեց մի փոքր «կաբինետում», որը նախատեսված է ընդամենը երեք հոգու համար: Հայցվոր կողմը դատարանից խնդրեց, հաշվի առնելով գործի հնչեղությունը, նիստերը տեղափոխել այլ՝ ավելի ընդարձակ դահլիճ: Դատավոր Մհեր Պետրոսյանն ասաց, որ ազատ դահլիճ լինելու դեպքում կտեղափոխեն: Այնուհետեւ ասաց, որ այս գործը պարունակում է պետական գաղտնիք, դատական նիստը պետք է լինի դռնփակ: 

Բայց պարզվեց, որ «պետական գաղտնիք» պարունակող այս դատավարության մասին նախապես իմացել է «դաշնակցությունից» բռնաբարված մի աղջկա հայր եւ որոշել է գալ դատարան: Նա դատարանի բակում զայրացած աղմկում էր, ինչ-որ բան էր ուզում հավաստիացնել Արծվիկ Մինասյանին, խոսում էր բռնաբարությունից, Մուրադ Փափազյանից ու էլի ինչ-որ բաներ էր ասում: Արծվիկ Մինասյանը մի կերպ կարողացավ «պոկվել» բողոքող տղամարդուց: Լրագրողական հետաքրքրասիրությունը դրդեց ինձ մոտենալ եւ հարցուփորձ անել: Տղամարդը ոգեւրորվեց, որ իրեն լսող լրագրող կա, ոգեւորվեց նաեւ նրա հետ դատարանի բակ եկած, քայլասալյակի մեջ նստած նրա համր աղջիկը: Հարցիս ի պատասխան տղամարդն ինչ-որ խառը բաներ ասաց. հերոսի աղջիկ, ով մեկնել է Ֆրանսիա, այնտեղ նրան հաշմանդամ են դարձրել, որպեսզի հիվանդության համար փողեր վերցնեն ու ուտեն, դրանից առաջ եւ հետո աղջկան բռնաբարել են:

Հարցին, թե` ով է բռնաբարել, տղամարդը պատասխանեց. «Մուրադ Փափազյանը»: Մինչ ես փորձում էի ընկալել բռնաբարողի կերպարը եւ այն համադրել ՀՅԴ բյուրայի անդամի ու CCAF-ի ղեկավարի պաշտոնների հետ, իսկ տղամարդը փորձում էր մանրամասներ պատմել, դատարանի բակ եկավ Կիրո Մանոյանը՝ մի քանի դաշնակցականների հետ: Նրան տեսնելով, տղամարդը բռնաբարության «հոդվածը» դրեց նաեւ Կիրո Մանոյանի վրա: Պարզվեց, որ նա էլ է բռնաբարել քայլասալյակի վրա նստած աղջկան: Մինչ ես ուզում էի պարզել՝ Կիրո Մանոյանն ու Մուրադ Փափազյանը խմբակայի՞ն բռնաբարության են ենթարկել աղջկան, թե դրանք առանձին դրվագներ են, պարզվեց, որ ոչ այնքան հմայիչ ու ոչ այնքան «անուշաբույր»  հիվանդ աղջկան բռնաբարել է ողջ դաշնակցությունը: Իսկ «բռնաբարության» աշխարհագրությունն ընդհանրապես շատ ընդարձակ է՝ աշխարհասփյուռ դաշնակցությունը:

Այնուհետեւ տղամարդը շարունակեց գոռալ, իսկ նրա աղջիկը ինչ որ ձայներ էր արձակում: Հայրն անպատիվ խոսքեր էր ասում Կիրո Մանոյանին: Վերջինս արդեն ափերից դուրս էր գալիս եւ կուսակից ընկերները հազիվ էին զսպում, իսկ դատարանի անվտանգության աշխատակիցները հանգիստ հետեւում էին այդ տեսարանին: Ավելի ուշ պարզեցի, որ այս մարդը տարբեր դատարանների առաջ իր աղջկան բռնաբարելու մեջ մեղադրել է Ռոբերտ Քոչարյանին, նրա որդի Սեդրակին, Սաշիկին, փեսա Միշիկին, Սերժ Սարգսյանին, մի շարք հոգեւորականների, բժիշկների: Նա ճշգրիտ իմանում է ընդդիմադիրների դատական նիստերի տեղերն ու ժամերը եւ ակցիա անում: 

Հիշեցի Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկին՝ 2018-ի «հեղափոխական» հրապարակում, ախուրյանցի «բնորդուհի» Անոյին, ով որդի չի ունեցել, բայց որպես զոհվածի մայր փողոց էր դուրս, փակել ընդդիմադիրների ճանապարհը եւ սպառնում էր. «Նիկոլը սաղ հայերի հախից պտի գա»: Հիշեցի մարտի 1-ին՝ իբր սպանված երեխայի կոշիկը, հետո պարզվեց, որ ոչ մի երեխա էլ չի զոհվել: Ձեռագիրը նույնն է` էժան ներկայացում, փնթի բեմականացում…