Ռազմական դրությունը վերացնելու համար պատգամավորները կարող են ՍԴ դիմել

Ռազմական դրությունը վերացնելու համար պատգամավորները կարող են ՍԴ դիմել

Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը երեկ հերթական անգամ տապալեց ռազմական դրությունը վերացնելու ընդդիմադիր ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նախաձեռնությունը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի ցանկանում վերացնել Հայաստանում դեռեւս սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը։

Այդ մասին կառավարությունը որոշում ընդունեց՝ ելնելով նրանից, որ «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ դրանով պայմանավորված` քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, եւ այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու», ուստի սահմանվում է ռազմական դրություն՝ «ելնելով ՀՀ զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից»։ 

Ուշագրավ է, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռազմական կամ արտակարգ դրություն չի հայտարարվել, իսկ սեպտեմբերի 27-ի որոշման մասին իշխանականների գլխավոր փաստարկն այն էր, որ արվում է ընդհանուր զորահավաք կազմակերպելու նպատակով։ Պատերազմի ավարտից եւ հրադադարի հաստատումից հետո անցել է ավելի քան երեք ամիս, սակայն իշխանությունը պահպանում է ռազմական դրությունը, քանի որ այդ ռեժիմի պարագայում ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս խորհրդարանին վարչապետի անվստահության նախագիծ ներկայացնել։

Նոյեմբերի 10-ից սկսած՝ խորհրդարանական ընդդիմությունը պարբերաբար առաջարկում է հանել ռազմական դրությունը, սակայն «Իմ քայլի» պատգամավորները կա՛մ դեմ են քվեարկում, կա՛մ տապալում են նիստերը։ Նրանց հիմնավորումն այն է, որ ռազմական դրությունը հայտարարվել է Զինված ուժերի առաջարկով, ուստի հենց կառավարության եւ Զինված ուժերի գնահատականի հիման վրա էլ պետք է հանվի։

Ուշագրավ է, որ դեռեւս նոյեմբերի 25-ին ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը խորհրդարանում հայտարարեց, որ իրենք եւս ցանկանում են վերացնել ռազմական դրությունը, սակայն դրան պետք է նախապատրաստվել։ Բաղդասարյանը նշեց, որ արդեն նախագիծ են ներկայացրել կառավարություն, եւ միայն այդ նախագծի հաստատումից հետո առաջարկում են վերացնել ռազմական դրությունը։ Սակայն ռազմական դրությունը հանելու փոխարեն իշխանությունը գնաց սահմանափակումները վերացնելու ճանապարհով՝ հույս ունենալով այդպիսով փակել ընդդիմության բերանը։

Վերացվեցին հավաքների, գործադուլների, ինչպես նաեւ հրապարակումների եւ հաղորդումների սահմանափակումների արգելքը, Հայաստանի տարածք հատուկ մուտքի եւ ելքի ռեժիմն ու սահմանափակումները։ 

Նիկոլ Փաշինյանը չի վստահում նաեւ իր թիմակիցներին եւ ունի կասկածներ, որ ռազմական դրությունը հանելուց հետո շատերը կմիանան իրեն անվստահություն հայտնելու նախագծին։
Սակայն, մյուս կողմից, ընդդիմության զինանոցում կա չկիրառված եւս մի գործիք, այն է՝ Սահմանադրական դատարան դիմելը։ Սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը, հղում կատարելով մայր օրենքի 168-րդ հոդվածին, հիշեցնում է, որ ԱԺ պատգամավորների 1/5-ը՝ 27 պատգամավոր, կարող է վիճարկել կառավարության սույն որոշումը․ «Ռազմական դրության մասին օրենքը նախատեսում է բոլոր հիմքերը, թե երբ է հայտարարվում ռազմական դրությունը, Սահմանադրությունը եւս տալիս է  օրենքով սահմանված կարգերը։ Այսինքն՝ եթե օրենքով սահմանված կարգը պահպանված չէ, ուրեմն ռազմական դրության մասին կառավարության որոշումը հակասահմանադրական է։ Հենց այս հիմքով էլ կարելի է վիճարկել»։ Իսկ կարո՞ղ է ծանրակշիռ հակափաստարկ լինել այն, որ դեռեւս պատերազմի վտանգ կա։ «Կներեք, բայց 90-ականներից սկսած՝ ամեն օր էլ պատերազմի ռիսկը եղել է, ինչո՞ւ նախկին իշխանություններից եւ ոչ մեկի ժամանակ ռազմական դրություն չէր հայտարարվում, անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատերազմի տարիներին չի հայտարարել նման դրություն։ Ավելին, ապրիլյան պատերազմը դադարեց ոչ թե հրադադարի պայմանավորվածությամբ, այլ պաշտպանության նախարարների համաձայնությամբ։ Հիմա հարց՝ ո՞ր ժամանակ էր ավելի շատ պատերազմի ռիսկը»։ 

ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի բացառում, որ առաջիկայում կքննարկեն ՍԴ դիմելու հարցը։ «Եթե մեր կողմից կիրառվող մեխանիզմն արդյունք չտա, կարելի է մտածել այդ տարբերակը», -ասաց նա՝ հավելելով, սակայն, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիմումն օրերս ՍԴ-ն կարճեց այն հիմքով, որ իրենք՝ պատգամավորները, իբր նման իրավազորություն չունեն․ «Հիմա մենք եթե գիտենք, որ ՍԴ-ն ինչ-որ բան ասելու է այդ կապակցությամբ, նորից դիմենք՝ նորից մերժում ստանանք, այստեղ խնդիր կա։ Բայց կրկնում եմ՝ կարելի է քննարկել, եթե տեսնենք, որ խորհրդարանական լծակը չի աշխատում, գուցե մի օր որոշենք այդ ճանապարհով գնալ՝ հույս ունենալով, որ ՍԴ-ն մի քիչ լայն կմեկնաբանի, ոչ թե վերջին որոշման պես»։