Համբալ` համբալը դու ես

Քաղաքական պայքարի կուլտուրան, չափի զգացումը, խոսքի էթիկետը շատ քչերն են կարողանում պահել: Իսկ երբ դիտողություն են ստանում, արդարանում են, թե` իմ ընտրողները դա են ուզում լսել, ես իմ լսարանի վրա եմ աշխատում: Դա, իհարկե, դեմագոգիա է, սեփական տգիտությունն ու չարությունը կոծկելու փորձ: Մի քանի օրինակ բերեմ: Ոչ ոք դեմ չէ, որ Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարարին նաեւ ինչ-որ ակցիաներով ու հիշեցումներով դիմավորեն, Ռուսաստանին ուղղված հայ ժողովրդի դժգոհությունները բարձրաձայնվեն: Բայց երբ դա արվում է նման մակարդակի ակցիաներով` ՌԴ նախագահին մարդասպան անվանելով եւ հայտարարելով, թե Ռուսաստանից ոչ մի անձ չպետք է մուտք գործի Հայաստան, պարզ է դառնում, որ խնդիրը ոչ թե դաշնակցային պարտավորությունների մասին հիշեցնելն է, այլ դաշնակցին վիրավորելն ու Հայաստանից վռնդելը` հօգուտ թուրք-ադրբեջանական գծի: Եթե խորհրդարանում կիրթ բանավեճ ընթանա` նույնիսկ փոխադարձ մեղադրանքներով, թե` դուք ժամանակին չլուծեցիք Արցախի հարցը, մենք էլ չկարողացանք պատերազմում հաղթել, իսկ մյուս կողմից ասվի` չհաղթեցիք, որովհետեւ ապաշնորհ եք, թերագնահատեցիք թշնամու, գերագնահատեցիք ձեր ուժերը, սադրեցիք նրան` հանգեցնելով պատերազմի, եւ ժամանակին չկարողացաք կասեցնել այն, դա կտեղավորվի քաղաքական բանավեճի կանոնների մեջ:
Բայց երբ բանավեճի մեջ լսվում են անհեթեթ նոտաներ, թե` դուք 90-ականներին տվել էիք Արցախը կամ` դուք էլ 5 միլիարդով ծախեցիք Արցախը, բանավեճը դուրս է գալիս քաղաքականության եւ բանականության շրջանակներից: Ինչպես բանականության ու տրամաբանության շրջանակներից դուրս է, երբ փաստարկներ չունեցող գռեհկացած իշխանությունը «համբալ» ու «ոջիլ» է ասում ընդդիմախոսներին, ամբիոնից սեռական հայհոյանքներ հնչեցնում ու սպառնում:
Կարծիքներ