Ցարն ու բոյարները

Ցարն ու բոյարները

Երկու տարվա ընթացքում հիմնովին մաշվեց հանրային վստահության պաշարը, եւ մենք կրկին վերադառնում ենք 18-ի տրամադրություններին, երբ հանրային խուլ դժգոհություն կար իշխանությունից։ Երբ հանրությանը թվում էր, թե իշխանությունը եւ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք են մեղավորը, որ ինքը լավ չի ապրում, որ տնտեսությունը չի զարգանում, որ կենսական տարբեր հարցեր չեն լուծվում։

Այ, եթե իշխանությունը փոխվի, կամ գոնե մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի ազատեն եւ նշանակեն նորերին՝ ազնիվներին, խելացիներին, գրագետներին, ամեն ինչ տեղը կընկնի։ Այդ «տրյուկը»՝ կադրային փոփոխություններով հանրային դժգոհությունների պրկված պարանը թուլացնելու, նախկին իշխանություններն էլ էին կիրառում։

Հենց այդ «տրյուկով» վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, եւ 2017 թվականի նախընտրական քարոզչությունն իրենց ուսերին վերցրին ՀՀԿ-ի «չվարկաբեկված» դեմքերը՝ Կարեն Կարապետյան, Արփինե Հովհաննիսյան, Վիգեն Սարգսյան եւ այլք։ Հիմա մենք կրկին փորձում ենք ստիպել իշխանություններին՝ կիրառել այդ հին-փորձված «տրյուկը»։ Պարտադրում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռացնի պաշտոնից այս երկու տարում հիմնովին վարկաբեկված եւ իրենց ոլորտների կառավարումը ձախողած անձանց՝ Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, Հայկ Մարության եւ այլք։ Նորից կարծում ենք, որ «ցարը մեղավոր չէ, բոյարներն են մեղավոր», եւ կադրային ճիշտ փոփոխությունները կլուծեն մեր առջեւ ծառացած խնդիրները։ Մի կողմ թողնենք այն, որ ոչ մի կադր առանձին ոչինչ չի կարող անել, եւ համակարգային փոփոխություններն այդպես չեն կատարվում, բայց Նիկոլ Փաշինյանը նաեւ կադրային բանկ չունի։ Չկան մարդիկ, որոնք անբասիր վարկանիշ ունեն, գրագետ մասնագետների համարում ու կարող են փոխարինել այսօրվա պաշտոնյաներին։