Վայոց Ձորի նախկին փոխմարզպետին ազատել էին Սուրեն Պապիկյանի հրահանգով
Դեռ 2021 թվականի հուլիսին Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանին՝ հղիության 7-րդ ամսում ազատել էին աշխատանքից։ Ասատրյանն իր իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Գրասենյակի իրավաբան Տիրուհի Վարդանյանը ստանձնել էր նրա իրավունքների պաշտպանությունը՝ դիմել ՀՀ վարչական դատարան։ Վարչական դատարանի 03.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել էր: Վերաքննիչ բողոք 03.03.2023 թվականին բավարարվել է՝ վարչական դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին աշխատանքի վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի աշխատավարձը վճարելու մասին: Մենք զրուցել է Նանե Ասատրյան- Բագրատունիի հետ:
- Այժմ կրկին աշխատո՞ւմ եք որպես փոխմարզպետ:
- Վերաքննիչում եմ դատը շահել, սակայն Կառավարությունն ու Վայոց Ձորի մարզպետարանը դիմել են Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը դեռևս վարույթ չի ընդունել, 2-3 ամիս հավանաբար այդ պրոցեսը կտևի, մինչև հասկանանք` վարույթ կընդունե՞ն, թե՞ ոչ:
- Այժմ ինչո՞վ եք զբաղվում:
- Հասարակական կազմակերպություն ունեմ, զբաղվում եմ հասարակական գործունեությամբ: Բալիկիս եմ մեծացնում և փորձում եմ ինձ հասանելիքն օրենքով վերադարձնել:
- Վայոց Ձորի մարզպետի ու առհասարակ մարզպետարանի աշխատանքին հետեւո՞ւմ եք: Ինչ է կատարվում մարզում։
- Վայոց Ձորն էլ Հայաստանի բաղկացուցիչ մասերից է, մարտահրավերների առումով նույն վիճակում ենք, սակայն անվտանգության առումով վիճակն ավելի լուրջ է, որովհետև երկու կողմից վտանգված ենք: Մենք սահմանում ենք ապրում արդեն: Եթե ասեմ՝ աշխատանք չի արվում, այդպես էլ չէ, արվում է, առհասարակ հիմա հատկապես կարևորը բովանդակային աշխատանքն է, անկեղծ ասած՝ մարզպետարանի ֆեյսբուքյան էջից եմ տեղեկանում մարզպետարանի ակտիվ գործունեության մասին: Հանրային կապերի մասն է գուցե ուղղակի ակտիվացել, չեմ կարող հստակ ասել, որովհետև վերջին երկու տարվա մեջ այնքան էլ շատ չեմ հետևում իրադարձություններին: Ամեն դեպքում՝ չեմ կարող ասել, թե աշխատանք չի արվում, ես երբեք չեմ անձնավորել, հիմա էլ ամեն ինչ անում եմ, որպեսզի իմ աշխատանքի հետ կապված խնդիրը չանձնավորվի: Մարզպետի հետ երբեք խնդիր չեմ ունեցել, երեք մարզպետների հետ եմ աշխատել, երեքի դեպքում էլ նորմալ է ամեն ինչ եղել, ոչ մի անձնական հարց:
- Այդ դեպքում ինչո՞ւ Ձեզ ազատեցին աշխատանքից:
- Պատճառն այդպես էլ չեմ հասկացել: Սուրեն Պապիկյանն այն ժամանակ Տարածքային կառավարման նախարարն էր, մարզպետին ասել էր, որ քաղաքական թիմն է այդպես որոշել, թե ինչու՝ չէր նշել: Մինչ օրս չեմ իմանում իրական պատճառը:
- Իսկ Պապիկյանն ի՞նչ կապ ունի մարզպետի հետ: Գուցե պատճառն այն է, որ բավարար չափով իշխանամետ չեք եղել:
- Միակ բանն այն է, որ կուսակցական չեմ, մնացածը չեմ կարող ասել:
- ՔՊ-ական դառնալու առաջարկ ստացե՞լ էիք:
- Ոչ, նման առաջարկ չեմ ստացել:
- Իսկ եթե ստանաք նման առաջա՞րկ:
- Ես միշտ նախընտրել եմ անկուսակցական մնալ: Մասնագիտությամբ լրագրող եմ, գուցե լրագրություն վերադառնամ, իսկ ես կուսակցական լրագրող լինել չեմ ցանկանում, այդպես ինձ համար այնքան էլ ճիշտ չէ: Ես որպես հասարակական գործիչ հիմա էլ զբաղվում եմ սոցիալ-հասարակական նախագծերով, ծրագրեր եմ իրականացնում, ուղղակի փոխմարզպետ եղած ժամանակ դրանք այլ ծավալներով էին, բայց իմ՝ պաշտոնյա լինելը այդ գործի կայացման նպաստը երբեք չի պակասեցրել: Փոխմարզպետի լծակը թույլ էր տալիս, օրինակ, 44-օրյայի ժամանակ և պատերազմից հետո մի շարք մարտահրավերների դիմակայել համակարգված կերպով: Այդ ժամանակ առավել արդյունավետ կերպով էի կարողանում օգտակար լինել արցախահայությանն ու Վայոց Ձորի մարդկանց:
- Այժմ Արցախը ցանկանում են Ադրբեջանին հանձնել, ի՞նչ եք մտածում այդ մասին:
- Ճիշտն ասած՝ չեմ ցանկանում այդ մասին խոսել: Չեմ կարող խոսել, ավելի ճիշտ ոչ թե չեմ կարող, այլ այն ինձ համար ընկալելի չէ և ոչ էլ ընդունելի է: Ես մասնագետ չեմ, ուստի այդ մասին չեմ կարող խոսել, կարծում եմ` մասնագետները կարողանում են ճիշտ վերլուծել իրավիճակը:
- Իսկ որպես քաղաքացի՞:
- Որպես քաղաքացի կասեմ, որ Արցախը մեր էության բաղկացուցիչ մասն է, Արցախը մեր ինքնությունն է, այդ հարցն ինձ համար քննարկելի չէ:
Կարծիքներ