Մենք ստեղծեցինք հայկական միջավայր, որտեղ թեւածում է հայկական մտածելակերպը, ավանդույթները. Սամվել Բաբայան

Մենք ստեղծեցինք հայկական միջավայր, որտեղ թեւածում է հայկական մտածելակերպը, ավանդույթները. Սամվել Բաբայան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր ազգային տոն է, ամենաանգինն ու թերեւս ամենակարեւորը

28 տարի առաջ այս օրը, մենք ՝ ազգովի, միահամուռ կատարեցինք մեր պատմության նոր շրջանի հիմնարկեքը։ Մենք մեզ համար վճռեցինք ՝ պահպանելով ժողովրդավարական ավանդույթները, հիմք դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծմանը, հռչակել անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

Մենք մեր ապագա սերունդների համար ստեղծեցինք հայկական միջավայր, որտեղ թեւածում է հայկական ոգին, շունչը, մշակույթը, մտածելակերպը, ազգային ավանդույթները, որտեղ ամեն անկյունում լսվում է հայերենը, որտեղ ազգը նույնիսկ շնչում է հայերեն։

Նորանկախ պետության ստեղծման թագն ու պսակը դարձավ Արցախյան փառապանծ հաղթանակը, որտեղ հայը կրկին ողջ աշխարհին ի ցույց դրեց իր միասնական պայքարի հզոր արգասիքը՝ ամրապնդելով անկախության կուռ հիմքերը։

Այսօր մենք ապրում ենք անկախ երկրում, անկախություն, որը միայն փափագ դարձավ շատ ու շատ ազգերի համար։ Ուստի մեր անկախությունը անհամեմատելի վեր է ամեն տեսակ օտար արժեքներից, աշխարհի ամենահեռավոր անկյունում բնակվող հայն էլ պիտի գիտակցի, որ առանց իրեն մեր ազգը լիարժեք չէ, մեր անկախությունը՝ վտանգված։ Պինդ պահենք մեր անկախությունը ու ամեն քայլի ծառայենք մեր անկախ երկրի բարեկեցությանը։

Շնորհավորում եմ բոլորիս, աշխարհասփյուռ ողջ հայերին Անկախ Հայաստանի Հանրապետության տոնի առթիվ»: