Երկիրը ծախած, հայրենիքը տված մարդուց հրաժարակա՞ն են պահանջում՝ ձերբակալում են

Երկիրը ծախած, հայրենիքը տված մարդուց հրաժարակա՞ն են պահանջում՝ ձերբակալում են

Երեկ Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին։ «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ հիմնադիր, ռեժիսոր Արշակ Զաքարյանը Քարվաճառում ռեստորանային բիզնես, շրջանի զարգացման պլաններ ուներ, որոնք երեկ հօդս ցնդեցին։ Հարցրինք՝ ի՞նչ երազանքներ ուներ Քարվաճառի հետ կապված։
«Ի սկզբանե Քարվաճառում այդ բիզնես ծրագիրը, որ դրեցինք, մեր Հայոց ազգային գվարդիայի գաղափարախոսության մասն էր կազմում, որովհետեւ մենք ասում ենք, որ հողը միայն զինվորով չի կարելի պահել, հողը պետք է ապրելով, ապրեցնելով պահել։ Եվ նպատակը հենց Շահումյանի շրջանը զարգացնելն էր, գեղեցկացնելը, որպեսզի այցելուները առաջին բանը, որ հանդիպեին, գեղեցիկ, սիրուն, ճիշտ մատուցվող, քաղաքակիրթ տեղ լիներ։

Որպեսզի գյուղացիների համար աշխատատեղ բացվեր, որովհետեւ այնտեղ շատ դժվար է ապրելը առանց աշխատանքի, առանց եկամտի։ Ճիշտ է՝ գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ մարդիկ ինչ-որ կերպ հացի փող աշխատում էին, բայց մենք մտածում էինք, որ ամբողջ ճանապարհի երկայնքով պետք է լինեին շատ գեղեցիկ ռեստորաններ, հյուրանոցներ, որովհետեւ մարդիկ գալիս էին Դադիվանք, մնալու տեղ չկար, ստիպված էին լինում հոգնած գնալ կա՛մ Գանձասար, կա՛մ Ստեփանակերտ։ Մի խոսքով՝ նպատակը շրջանի զարգացումն էր, ինչը բարեհաջող ստացվում էր։ Աշխատելով շրջանի ղեկավարության հետ՝ միայն շնորհակալության խոսքեր ենք լսել նրանցից՝ համենայնդեպս, մինչեւ իշխանափոխությունը, չհասցրինք նոր ղեկավարության հետ ծանոթանալ»։

- Բիզնեսի տեսանկյունից եկամտաբե՞ր էր, հիշում ենք վարչապետի ՀԴՄ-ի պատմությունը։

- Իհարկե՝ ոչ։ Դե, այդ ՀԴՄ-ի պատմությունն այնքան ճղճիմ պատմություն է, դա խոսում է այդ մարդու էության մասին։ Ինքը երեւի շատ վատ էր զգում, որ այնտեղ շրջանը զարգանում էր, քանի որ իր պլաններում հավանաբար կար, որ այդ շրջանը նվիրվեր թլպատ եղբայրներին, որովհետեւ ինչքան զարգանար, այնքան հողերը հանձնելու այդ դավաճանական պլանը հեշտ չէր լինի իրագործել։ Ցավոք, չհասցրինք այն ծրագրերը, որոնք ունեինք։ Դա միայն այսօրվա դավաճան իշխանության մեղքը չէ, մեր ընդհանուր ազգի մեղքը շատ մեծ է, որովհետեւ, եթե 90-ականներին 140 հազար հոգանոց Արցախը 26 տարի հետո շատանալու փոխարեն քչացել է, դա հենց նման ծրագրերի, նման մոտեցումների բացակայության հետեւանքն է։ Ո՞ւմ համար էր այդ դրախտի դռները Աստված 30 տարի բացել, որ մենք չէինք օգտվում, գնում էինք Անթալիա, Դուբայ, Արաբստան։ Արցախի մասին մեծ-մեծ խոսողների, Ֆեյսբուքում չռթողների 90 տոկոսն Արցախը միայն Ֆեյսբուքի քարտեզների վրա է տեսել, այդպես էլ չգնացին, չտեսան, այդպես էլ իրենց աչքերը կույր կգնան հողի տակ։

- Թողեցիք, եկաք։

- Հոգի՛ս թողեցի։

- Այրե՞լ եք ռեստորանը։

- Ես սարքող եմ․․․ տղերքը, հա, ինչ-որ բան արել են, ես չեմ քանդել, ես կառուցող եմ։ Կառուցող մարդու համար դժվար է, իսկ քանդել՝ ամեն մարդ կարող է։ Ես միշտ օրինակը բերել եմ․ ծովափերում երեխեք կան, որ ավազից ամրոցներ են սարքում, մի 2 երեխա էլ նստած սպասում են, թե երբ են ավարտելու, որ գնան, քանդեն։ Ես չկարողացա, ես մի մեխ էլ չեմ հանել, տղերքն էնտեղ ինչ արեցին՝ արեցին․ վառեցին, պայթեցրին։ Ես վերջում նույնիսկ էնքան վատացա, որովհետեւ չէի կարող դա տեսնել։ ՀԴՄ-ի մակարդակի մարդիկ կարող է ասեն, որ ռեստորանն է ափսոսում, բա տղե՞րքը, որ մնացին այնտեղ, ես ինչպե՞ս կարող եմ ռեստորանն ափսոսել, երբ այնտեղ թողել ենք մեր սերունդը, մեր ապագան թողեցինք այդ սարերում, մեր անվտանգությունը թողեցինք այդ սարերում, մեր սարերը, մեր ջրերը, մեր օդը թողեցինք, մեր ամեն ինչը․․․ Մենք սխալվեցինք, մենք պատերազմից անմիջապես հետո մի քանի հատ կենգուրու պիտի բերեինք էստեղ, որ այդ պայթյունների տակ վառվեին, այդ ժամանակ աշխարհը հաստատ կխառնվեր իրար, էն երեխեքն ու կանայք, որ վառվում էին, աշխարհը թքած ունի դրա վրա։ Ես նեղացկոտ չեմ, բայց ես նեղացած եմ։ Առաջին հերթին նեղացած եմ մեզնից, մեր ազգից։ Այն թալանչին, որ կապիտուլյացիոն դավաճանական փաստաթղթից հետո սպասում էր, որ մտնի ու այնտեղ ալան-թալան անի, եթե նրան հայ եք ասում, ինձ հայ մի ասեք, ես չեմ կարող նույն ազգից լինել։

- Երկրում ծանր ներքաղաքական վիճակ է․ ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, իսկ վերջինս ասում է, որ «կռվող տղերքը» շուտով կիջնեն դիրքերից ու կպատժեն, Փաշինյանի հետ ինչ-որ բաներ կանեն․․․

- Փաշինյանի հետ ինչ-որ բաներ կանեն․․․ ես համոզված եմ՝ ուղղակի իրենք ուրիշ պատկերացումներ ունեն այդ ինչ-որ բաների մասին, անձամբ ես ուրիշ պատկերացում ունեմ։ Հրաժարական պահանջում են մի մարդուց, որը, ասենք, տնտեսական զարգացման ծրագիրն է խափանել, ով թոշակային ռեֆորմի ինչ-որ բան է փչացրել․․․ Այդպիսի մարդուց կարելի՞ է հրաժարական պահանջել, երկիրդ ծախած, դավաճանած, հողդ ու հայրենիքդ տված մարդուց հրաժարակա՞ն են պահանջում․ այդ մարդուն պետք է ձերբակալել եւ դատել։

- Փաշինյանն ասում է, որ հազարավոր զինվորների կյանք է փրկել։

- Ինքն այսօր ասում էր, որ իրեն չի գոհացնում այս իրավիճակը։ Ես չեմ զարմանա, որ վաղը Նիկոլը ցույց անի, Նիկոլի հրաժարականը պահանջի, եւ ուղեղի փոխարեն ստամոքսով մտածողները դուրս են գալու, Նիկոլը գոռալու է՝ «Նիկոլ, հեռացիր», բոլորը հետեւից նույն բանը կրկնելու են, հետո ասելու է՝ «դե լավ, ներում ենք քեզ», ու նորից գնալու է նստի այդ աթոռին։ Եթե դժգոհ ես ներկա իրավիճակից, գնա, հայելու դեմ կանգնի, քեզ մի 2 անգամ ապտակի, քիթդ ջարդի։ Դու ես այս երկիրը ղեկավարում, ինչի՞ց ես դժգոհ։