Դարի որբախնամ ծրագրին ընդառաջ (Թրամփ-USAID հակամարտության մասին)

Դարի որբախնամ ծրագրին ընդառաջ (Թրամփ-USAID հակամարտության մասին)

Թերթերը գրեցին, որ Թրամփից քշված USAID-ի հայաստանյան սովալլուկ թափթփուկներին խնամակալության կհանձնեն մեր իշխանամերձ օլիգարխներին: Հետաքրքիր է՝ շա՞տ են, արդյոք, նրանք: Նկատի ունեմ թափթփուկներին: Ամեն օլիգարխի, օրինակ, քանի՞ այդպիսի փալաս-փուլուս կհասնի: Մտածում եմ՝ դե, եթե թավշյա խեղկատակությունն ինքնին USAID-ի անմիջական մասնակցությամբ է կատարվել, ուրեմն թափթփուկներն էլ քիչ չպետք է լինեն: Փողոց ելած այդքան մարդուն ղեկավարում էին, չէ՞, մի տեղից: Ովքե՞ր էին այդ ղեկավարները, եւ քանի՞սն էին նրանք, որ Նիկոլին էս թաղից էն թաղն էին տանում, կազմակերպում էին մասսայի սնունդը, ջուր, ծխախոտ, կանեփ մատակարարում, հրահանգում փողոցներ փակել: Ո՞վ կամ ովքե՞ր էին ղեկավարում դագաղներ եւ թաղումներ օպերացիան, ովքե՞ր Գյումրիից եկող Նիկոլին դիմավորեցին Օպերայի շրջակայքում եւ ի՞նչ թատրոններ էին բեմադրում, մինչեւ Նիկոլը կհասներ Երեւան: Նիկոլը հո մենակ չի՞ արել այս ամեն ինչը: Նրա թիկունքում մարդիկ են եղել, չէ՞: Մեկ-մեկ որ չեն ասո՞ւմ՝ հայկական հեղափոխություն, մարդու ծիծաղ է գալիս: Բա որ հայկական էր այդ հեղափոխությունը, USAID-ի այսքան սովյալ որտեղի՞ց Հայաստանում, որ հիմա էլ մտածում ենք՝ նրանց մեր օլիգարխներին պահ տանք, մինչեւ Թրամփի նախագահության ավարտը: Քիչ էլ չէ՝ 4 տարի մեր օլիգարխները պետք է կրծքով կերակրեն էդ համբալներին, քանզի նրանք սեփական հացը վաստակելու այլ ձեւ չգիտեն:

Եվ, ուրեմն, առաջարկում եմ ճշտել Հայաստանում USAID-ի սովյալների թիվը եւ այն բաժանել իշխանամերձ օլիգարխների թվի վրա: Այո, հարկ կլինի ճշտել նաեւ իշխանամերձ օլիգարխների թիվը, բայց դա այնքան էլ հեշտ գործ չէ: Ես իշխանամերձ եւ նույնիսկ իշխանական օլիգարխների եմ ճանաչում, որոնք կատեգորիկ հերքում են իրենց օլիգարխ լինելը: Անուններով էլ կարող եմ ասել՝ Խաչատուր Սուքիասյան, Սամվել Ալեքսանյան, Գուրգեն Արսենյան, համեմատաբար նորերից՝ Սասուն Միքայելյան, գեներալ Գագո, Տիգրան Ավինյան: Այս մարդիկ կհամաձայնե՞ն USAID-ի որբեր կերակրել:

Սամվել Ալեքսանյանն իսկի «դուզգյունի» չգիտի՝ USAID-ն ինչ է, ուր մնաց քաղաքագետ, քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռուբեն Մեհրիբանին, ներողություն` Մեհրաբյանին կերակրի: Բա դրանց հիմնարկների մեծագոչ անվանումները… Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀԻ), ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյան (Ճպըլ Ստյոպ), էն, որ շառ էր անում, թե նախկիններն իր հեռախոսը տարել են: Էս կարգի «բեդովլաթին» ո՞ր օլիգարխը տիրություն կանի, ձին հո գլխներին քացի չի՞ տվել: Գեներալ Գագո, կպահե՞ս, նրա համար պետք է մայկա-տռուսիկ շատ առնել, որովհետեւ շուտ-շուտ թրջում է: Կուզենայի տեսնել նաեւ այն օլիգարխի դեմքը, որին բաժին է հասնելու Արման Բաբաջանյանը՝ միանգամից մի քանի երկրի, բայց հատկապես բրիտանական գործակալ, մեր նախկին նախագահ Արմեն Սարգսյանի (բարի փախուստ իրեն) 6-նոցներից ամենավեցը: Ի լրումն այդ կարգավիճակի, Բաբաջանյանը նաեւ քաղաքական հակումներ ունի, կուսակցություն է հեղինակել՝ «Հանուն հանրապետության»: Պարոն Սուքիասյան, միայն Ձեր ուժը կպատի՝ կերակրել այս մասշտաբի սրիկաներին: Ի՞նչ կասեք:

Ու դեռ ի՜նչ անուններ կան, որոնց չանդրադարձա. Դանիել Իոաննիսյան, Տիգրան Խզմալյան, Արթուր Սաքունց, Լեւոն Բարսեղյան, Հովսեփ Խուրշուդյան… Օլիգարխ կա՞, որ չի ճանաչում այս երեւելի մեծապատիվ մուրացկաններին, որ հանուն մի փոր հացի տասնամյակներով ծառայել են Հայաստանը քանդողներին՝ դիմակները՝ երեսներին, խիղճները՝ գրպանը դրած:

Դե շարվեք, շարվեք, հարգելի իշխանական եւ մերձիշխանական հայ օլիգարխներ, բարեգործություն անելու ժամանակներ են գալիս, ձեր սիրելի իշխանություններին ստի ու կեղծիքի գլխին պահողներն անտեր շների նման մնացել են փողոցում: Նիկոլն այդքան փող չունի, որ սրանց բերանը փակի: Որ կատաղեցին, Նիկոլին էլ կուտեն, ՔՊ-ին էլ, տո հենց ձեզ էլ: Վրացիները սրանց նմաններին ուղղակի ռադ արեցին իրենց երկրից, այլ խոսքով՝ քշեցին: Օրենք ընդունեցին օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կազմակերպությունների եւ անհատների գործունեությունը լյուստրացիա անելու, իմա` արգելելու մասին եւ վերջ: Դուք էլ կարող եք նույնն անել, հարգելի իշխանական օլիգարխներ, մի՞թե այնքան ազդեցություն չունեք իշխանության վրա, որ նմանատիպ օրենք ընդունել տաք ու ազատվեք օտարաբույծ այդ սբրոդից: Այլապես թերթերն արդեն իրենց երեւակայությանը զոռ տված գրում են, որ այսինչ USAID-ականին այնինչ օլիգարխն է որդեգրելու…