Նիկոլ Փաշինյանի «սրտի» ինստիտուտներն ու «մերժվածները»

Նիկոլ Փաշինյանի «սրտի» ինստիտուտներն ու «մերժվածները»

«STARMUS» փառատոնի բացման արարողության ժամանակ իր ելույթը Նիկոլ Փաշինյանը սկսել էր այսպես․

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, 
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,
Փառատոնի հարգելի անդամներ, 
Պետական այրեր, մշակույթի և գիտության գործիչներ,
Հարգելի հյուրեր

Չորս տարվա մեջ սա առաջին դեպքն է, որ իր ելույթը սկսելիս, ըստ արարողակարգի դիմելով բարձրաստիճան պաշտոնյաներին  ՀՀ վարչապետը հիշատակում է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահին։ 

Սա խոսում է այն մասին, որ սա իր սրտի Սահմանադրական դատարանն է՝ կազմված հիմնականում յուրային, հնազանդ ու սիրելի անձանցից, որոնց ղեկավարին՝ ՍԴ նախագահին նա արդեն իր թիմի անդամն է համարում։

Ժամանակին ինստիտուցիոնալությունից խոսող եւ տարբեր ինստիտուտների կայացումը կարեւորող Նիկոլ Փաշինյանը 4 տարվա ընթացքում ոչ միայն ողջ հանրությանը բաժանեց նիկոլականների ու հականիկոլականների, ներկաների ու նախկինների, այլեւ պետական ինստիտուտները տարանջատեց ու տեսակավորեց։

Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանն ատելի էր ու ոչնչացման ենթակա, իսկ Արման Դիլանյանի Սահմանադրական դատարանը՝ ընդունելի ու սիրելի։

Օնիկ Գասպարյանի Գլխավոր շտաբն ու Դավիթ Տոնոյանի պաշտպանության համակարգը՝ ոչնչացման ենթակա, իսկ Արտակ Դավթյանի կամ Էդվարդ Ասրյանի ԳՇ-ն՝ ընդունելի։
Արամ Սիմոնյանի ղեկավարած ԵՊՀ-ն թշնամական կառույց էր եւ իրավունք չուներ պետական համալսարանի 100-ամյակը նշեր, իսկ Հովհաննես Հովհաննիսյանի ԵՊՀ-ն՝ սիրելի կառույց է եւ կարելի է անգամ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցել։
Հայ առաքելական եկեղեցին անգամ նրա համար արժեք չունի, քանի դեռ դրա գլխին Գարեգին Բ-ն է կանգնած, այ երբ Ամենայն հայոց կաթողիկոսին կկարողանա փոխել, կսկսի մասնակցել սուրբ ծննդյան պատարագներին, եկեղեցի հաճախել, կաթողիկոսին կսկսեն հրավիրել պետական միջոցառումներին եւ ելույթներն էլ կսկսի «Վեհափառ տեր» բառերով։

Պետությունն այս մարդը դիտում է որպես իրեն ծառայող մի կառույց եւ ցանկացած ինստիտուտ նրա համար արժեք ունի այնքանով, որքանով այդ ինստիտուտն իրեն է ենթարկվում եւ նրա գլխին կանգնած անձը ենթարկվում է իրեն։ Յուրաքանչյուր ընդվզում ու ինքնուրույնություն, կես քննադատական խոսք այդ ինստիտուտի ղեկավարի կամ համակարգի կողմից, նրանց դնում է մերժվածի, օտարվածի կարգավիճակում։ Վերջիններս կորցնում են ֆինանսավորում, պետական միջոցառումներին մասնակից լինելու հնարավորություն, դուրս են մղվում հանրային կյանքից։ Դա է պատճառը, որ պետական ինստիտուտների մեծ մասում դժգոհ են, քննադատում են եւ հասկանում են, որ պետության ղեկին կանգնած անձը ձախողել է ամեն ինչ եւ երկիրը տանում է վտանգավոր ճանապարհով, սակայն հիմնականում լռում են եւ ձեւացնում, թե ամեն ինչ նորմալ է։