Ե՞րբ շահագործման կհանձնվեն Պարեկային ծառայության նոր Toyota-ները 

Ե՞րբ շահագործման կհանձնվեն Պարեկային ծառայության նոր Toyota-ները 

Եկող տարվա հունվարից պարեկային ծառայությունը կգործի ՀՀ բոլոր մարզերում։ Այս պահին պարեկային ծառայությունը գոծում է դեռևս միայն Երևանում և Շիրակի ու Լոռու մարզերում։ Երևանում պարեկային ծառայությունն իրականացվում է չեխական արտադրության Skoda Octavia մակնիշի ավտոմեքենաներով, որոնք շահագործման առաջին իսկ օրվանից խնդիրներ էին առաջացնում, քանի որ լրացուցիչ ոստիկանական սարքավորումները այդ մեքենաներում ճիշտ չէին հավաքել։ Մյուս մարզերում ոստիկանությունն արդեն անցավ Toyota-ների։ Շիրակում ու Լոռիում Toyota RAV4 մակնիշի քրոսովերներով են իրականացնում պարեկային ծառայությունը։ Իսկ մյուս մարզերի համար արդեն նախատեսել են Toyota Furtuner ամենագնացներ, որոնք դասով և հնարավորություններով ավելի բարձր են RAV4-ից։ Toyota Furtuner-ներն այս պահին դեռևս գտնվում են «Տոյոտա Երևան» ընկերության ավտոսրահի տարածքում՝ անցնում են ներկման պրոցես, որպեսզի բոլորը միատեսակ սև գույն ունենան։ 

Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը Hraparak.am-ին ասաց, որ նոր մեքենաները ծառայության դուրս կգան ամենայն հավանականությամբ տոներից հետո՝ հունվարի մեջ։ Ընդհանուր 175 մեքենա է ձեռք բերվել, որոնք բաշխվելու են մարզերի մեջ։ Նրանց մի մասը ավտոմատ փոխանցման տուփով է, մի մասը՝ մեխանիկական։

Մեր դիտարկմանը, թե բոլոր մեքենաները ներկվելու են սև գույնով, Ումրշատյանն ասաց․ «Դետալային առումով ոչ գնումները, ոչ գունագրաֆիկան, ոչ մյուս պարամետրերը պարեկային ծառայությունից կախված չէ»։

Հիշեցրինք, որ Skoda-ներից դժգոհություն շատ կար, իսկ, Լոռու և Շիրակի մարզերում ծառայություն իրականացնող Toyota-ներից դժգոհության կա՞, պարեկային ծառայության ղեկավարն ասաց․ «Skoda-ներից դժգոհություն եղել է սկզբնական ժամանակաշրջանում, քանի որ երբ էդ հավելյալ տեխնիկական միջոցները հավաքվել են էդ մեքենաների վրա, էնտեղ ինչ-որ տեխնիկական հարցեր են եղել, հետո, երբ որ էդ տեխնիակկան հարցերը կարգավորվեցին, հիմա Skoda-ներից շատ գոհ են՝ արդեն բավականին երկար ժամանակ է։ Իսկ Toyota-ների հետ կապված՝ բացարձակ խնդիր, դժգոհոթյուն չկա»։