«Սթափեցնող ապտակ» Երևանին՝ դեռեւս նախազգուշացման տեսքով

«Սթափեցնող ապտակ» Երևանին՝ դեռեւս նախազգուշացման տեսքով

Այսօր հայտնի դարձավ, որ Երևանում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳ նախարարությանը, «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած աղետալի դեպքերի հետ կապված ռուսական կառույցների հասցեին հայաստանյան որոշ շրջանակների կողմից հնչեցված մեղադրանքների կապակցությամբ։ Բողոքի նոտայի տեքստում մասնավորապես ասված է․ 

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝  այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։ Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները։ Համապատասխան գրությունը դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներին»։

Այն, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքող շրջանակներ կան, որոնք նաեւ մասամբ ներկայիս իշխանության փայատերերն են, հայտնի է վաղուց։ Նաեւ բոլորիս է հայտնի, որ այդ շրջանակները, ժամանակ առ ժամանակ, ցանկացած քիչ թե շատ պատեհ առիթ օգտագործելով, փորձում են «պղտոր ջրում ձուկ որսալ»։ Սակայն երբեւէ ռուսական կողմը, որքան հայտնի է, նման կոշտ արձագանք չէր հղել պաշտոնական Երեւանին: Անգամ փաշինյանական ոչ ռուսամետ քաղաքականությունը փորձել էր առնվազն անտեսել կամ հարցին անդրադառնալ փակ դռների հետեւում եւ կամ էլ փորձագիտական-վերլուծական հանրույթի բերանով էր արձագանքել։ Սակայն հիմա, կարծես թե ինչ որ բան է փոխվել ռուսական կողմի մոտեցումներում` տեղի է ունեցել կեցվածքի կոշտացում, եւ Մոսկվան որոշել է կոպիտ ու հասցեական կերպով Երեւանին հասկացնել, որ առնվազն պետք է հակառուսական տրամադրություններ բորբոքողների «ականջները ձգեն»։ Ինչ խոսք, նման փոփոխությունը կարող է կապված լինել ընդհանուր աշխարհաքաղաքական լարվածության հետ։ Չի բացառվում, որ պարզապես այլ կնճռոտ հարց էլ կա Մոսկվա-Երեւան հարաբերություններում եւ սա ուղղակի առիթ էր, որպեսզի ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշակիորեն «պոռթկար» ու «վերաբերմունք» արտահայտեր։ 

Ի դեպ, այս համատեքստում շատ հետաքրքրական է այն, որ դեռ շաբաթներ առաջ ռուսական մեդիատիրույթում հայտնվեց ռուս հեղինակավոր վերլուծաբան Եվգենի Սատանովսկու հարցազրույցը, որտեղ ասվում էր այն մասին, որ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով, ԱՄՆ-ի պատկան կառույցներին են ներկայացնում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ այնպիսի մանրամասներ, որոնք հարկ է մնային կոնֆիդենցիալ։ 

Ռուսաստանաբնակ հայազգի մեդիագործիչ Արամ Գաբրելյանովն՝ իր տելեգրամյան ալիքում էլ գրեթե նույնաբովանդակ գրառում արեց։ Իսկ այս մարդիկ առանց Կրեմլի հետ «ճշտվելու» ոչինչ չեն անում: Ակամա միտք է առաջանում, որ ինչ որ տեղեկատվության արտահոսք է եղել, որով պայմանավորված էլ Մոսկվան որոշել է, առայժմ դեռ ԱԳ նախարարության մակարդակով, «սթափեցնող ապտակ» հասցնել Երեւանին։ Ի դեպ, այս բողոքի նոտան կարելի է համարել «նախազգուշական կրակոց» եւ կարելի է ենթադրել, որ եթե Փաշինյանն անհրաժեշտ հետեւություններ չանի, ապա «կրակոցները» կարող են ավելի «ցավոտ» լինել»: