Հայաստանն էլ անմասն չմնաց բոլոր այս զարգացումներից

 Հայաստանն էլ անմասն չմնաց բոլոր այս զարգացումներից

20-րդ դարի գրեթե բոլոր հետազոտողները միաբերան պնդում են, որ միֆաստեղծման տեսանկյունից ճգնաժամը ամենանպաստավոր և կենսունակ տարածությունն է։ Այսինքն, միֆը ճգնաժամի անբաժանելի բաղադրիչն է։ Ասվածի լավագույն վկայությունը Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած համամարդկային ճգնաժամն է, ինչի հետևանքով միֆական մտածողությունը վերազինվեց ու բավականին հուժկու հարվածներ հասցրեց ռացիոնալիզմին և գիտությանը։

Բնականաբար Հայաստանն էլ անմասն չմնաց բոլոր այս զարգացումներից, քանի որ մենք էլ միֆաստեղծման ոչ պակաս հարուստ ավանդույթներ ունենք։ Բայց խնդիրը ոչ այնքան միֆն է, որքան դրա նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը։ Մարդիկ իրենց նաիվությամբ կարծում են, թե ձեռքի մեկ շարժումով կարող են հաղթել միֆական մտածողությունը, պնդում են, թե ուժի ցուցադրությամբ միֆը որպես այդպիսին կանէանա ու կչեզոքանա։ Բոլորը բոլորին մեղադրում են, պիտակումներ կպցնում և վերջում հանգում են նույն բազմաչարչար և արդեն իսկ մաշված եզրահանգմանը՝ ժողովուրդը անգրագետ է և դրանից ելնելով անհրաժեշտ է վերափոխել կրթական համակարգը։

Իհարկե կրթական համակարգը միշտ էլ կարիք ունի վերափոխման, բայց միֆի և միֆաստեղծման ընկալման համատեքստում դա ընդամենը քաղաքական նաիվ և պարզունակ ձևակերպում է և ոչ ավելին։

Ինչևիցե, անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ միֆին հնարավոր չէ հաղթել, հատկապես նրա բազմացման ամենակենսունակ և ագրեսիվ շրջափուլում։ Բոլոր նրանք, որոնք փորձում են ջախջախել միֆին, պատճառ են դառնում միֆաստեղծման մի նոր ալիքի ձևավորման համար։
Այսպիսով, պետք չի միֆին հաղթել, այլ ընդամենը անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու է մարդկության մի զգալի հատվածը համոզված, որ համավարակը կեղծիք է։ Միֆը միջդիսցիպլինար առարկա է, դրա հետազոտման գործում անհրաժեշտ է միավորել կրոնի սոցիոլոգիայի, սոցիալական փիլիսոփայության, հոգեբանության և մի քանի այլ գիտակարգերի համատեղ ջանքերը։ Այլընտրանք պարզապես չկա, քանի որ առանց պատճառի գիտակցման մենք անզոր ենք, իսկ դրա բացահայտման համար Բարտի ձևակերպմամբ առաջնային է ստրուկտուրալիստական և նշանագիտական վերլուծությունը։

Բայց պատճառի բացահայտումն էլ ինքնին քիչ է խնդիրը ըստ էության ընկալելու համար։ Մենք պետք է հասկանանք, որ, ամենայն հավանականությամբ, իռացիոնալ միֆի խորքում թաքնված է ինչ-որ ռացիոնալ ճշմարտություն, ինչն էլ միֆաստեղծման առաջնային շարժիչ ուժը կարող է լինել։ Չէ՞ որ քաղաքական միֆի խոշոր հետազոտող Կասիրերը նշում է, որ միֆը երկդիմի է, այսինքն ունի երկու երես, մեկը գեղարվեստական հորինվածքն է, իսկ մյուսը՝ ռացիոնալը։ Այստեղից գալիս ենք այն հետևությանը, որ մենք նկատում ենք միայն գեղարվեստական հորինվածքը, բայց չենք կարողանում արձանագրել, որ դրա մյուս կողմում ռացիոնալ ինչ-որ ճշմարտություններ կան։ Միգուցե այդ ճշմարտություններից մեկն այն է, որ մարդկությունը և հատկապես 21-րդ դարի մարդն այլևս կորցրել է իր հավատքը արդի աշխարհակարգի և ժամանակակից պետությունների նկատմամբ։ Կարող է չէ՞ այդպես լինել, ինչպես նաև հնարավոր են բազմաթիվ համանման օրինակներ։ Չգիտեմ, չեմ կարող ասել, հետազոտել է պետք։

Ամեն դեպքում պետք է հստակ գիտակցնենք, որ միֆը մտածողության ձև է, այն բնոշորոշ է յուրաքանչյուրին և նույնիսկ ամենաբարձրակարգ գիտնականներին։ Այս առումով կարող ենք ենթադրել, որ միֆը կարող է լինել նաև ռացիոնալի ձևախեղված թարգմանությունը։