Միջնորդեցին հարցաքննել հանձնաժողովի անդամներին եւ ազատ արձակել Մանվել Գրիգորյանին

Միջնորդեցին հարցաքննել հանձնաժողովի անդամներին եւ ազատ արձակել Մանվել Գրիգորյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Բժշկական միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվելուց հետո, պաշտպանական կողմը 2 միջնորդություն ներկայացրեց։

Նախ միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել հանձնաժողովի մի քանի անդամների, ապա կրկին միջնորդեցին մինչեւ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Գրիգորյանին։

Մեղադրող կողմը խնդրեց՝ իրենց տրամադրել բժշկական եզրակացության պատճենը, որից հետո միջնորդությունների վերաբերյալ կկարողանան դիրքորոշում հայտնել։ 

Դատարանը երկու միջնորդության քննարկումն էլ հետաձգեց։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 5-ին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ 

Նույն բովանդակության մեղադրանք առաջադրվել է նաև նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին։