Ինչու Ալիեւը չի ընդունում Փաշինյանի խորհուրդները

Ինչու Ալիեւը չի ընդունում Փաշինյանի խորհուրդները

Նախորդ հինգշաբթի օրը՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը փորձեց Ադրբեջանի նախագահին հուշել, թե ինչպես կարելի է հաջողության հասնել Արցախը հայաթափելու գործում: Սովորույթի համաձայն, հղում անելով իր աղբյուրներից ստացած տեղեկություններին՝ Փաշինյանը հայտարարեց. «Բաքվի պլանը հետեւյալն է. ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալելով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն տները, կրկին փակել միջանցքն ու էլի մի քանի օրով բացել, մինչեւ վերջին հայը կլքի ԼՂ-ն: Սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»: Այսպիսով Փաշինյանը փորձում էր Ադրբեջանին հուշել, որ պետք է հրաժարվել այս պահին իրագործվող՝ Արցախի հայաթափման փաթեթային տարբերակից, որը կարծես թե արդյունք չի տալիս, եւ փորձել իրականացնել հայաթափման փուլային տարբերակը, որը կարող է ավելի գործուն լինել:

Ալիեւը փաստացի մերժում է Փաշինյանի այս առաջարկը` շարունակելով փակ պահել Լաչինի միջանցքը, ոչ միայն այն պատճառով, որ դեռ կուլմինացիոն կետին չի հասել, այլեւ՝ որովհետեւ Փաշինյանից ավելի խելոք է ու գիտի, որ Փաշինյանի առաջարկած՝ Արցախի փուլային հայաթափման ծրագիրը չի գործելու: Ընդհանրապես, Ալիեւը շատ լավ պատկերացում ունի Փաշինյանի խելքի ու ինտելեկտուալ կարողությունների մասին, ինչի վկայությունը Փաշինյանի կառավարման տակ գտնվող Հայաստանի ներկայիս ողբերգական վիճակն է:

Ալիեւը շատ լավ հասկանում է, որ եթե ինքը նույնիսկ մի քանի օրով բացի Լաչինի միջանցքը, Արցախից մասսայական փախուստ չի սկսվի. Արցախում ձեւավորվել է այնպիսի մթնոլորտ, որ այնտեղից դուրս գալը դարձել է դավաճանությանը հավասարազոր մի բան: Ընդհակառակը՝ հիմա բազմաթիվ արցախցիներ, ովքեր ապրել են Հայաստանում եւ Արցախից դուրս, մտածում են շրջափակումը վերանալուց հետո վերադառնալ Արցախ: Շատերը նույնիսկ այս պայմաններում են ցանկանում ինչ-որ ճանապարհ գտնել՝ Արցախ գնալու համար, բայց արցախցի իրենց հարազատներն ասում են, որ ավելորդ ուտող բերանը հիմա կարող է վնաս տալ առանց այն էլ սննդի խնդիր ունեցող Արցախին: Ի տարբերություն Փաշինյանի, Ալիեւը շատ լավ գիտի Արցախում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, այլապես ինքը կդիմեր նման քայլի առանց Փաշինյանի խորհրդի կամ հորդորի:

Ալիեւը չի թաքցնում եւ իր կողմից վերահսկվող փորձագետների միջոցով ներկայացնում է Արցախի հարցի լուծման իր փաթեթային տարբերակը: Ադրբեջանում իր իշխանամետ դիրքորոշմամբ հայտնի Ֆարխադ Մամեդովը եթերում ներկայացնում է, թե ինչ սցենար է պատրաստվում իրականացնել Ադրբեջանը` Արցախն իր վերահսկողության տակ վերցնելու համար. մի օր Ադրբեջանի հատուկ ջոկատայինները կարող են հատուկ գործողություն իրականացնել՝ մտնել Ստեփանակերտ, սպանել Արցախի ղեկավարությանը, կանգնեցնել Ադրբեջանի դրոշը եւ Արցախի բնակիչներին ընտրության հնարավորություն առաջարկել՝ կա՛մ ընդունում եք Ադրբեջանի քաղաքացիություն եւ շարունակում եք ապրել ձեր տներում, կա՛մ հեռանում եք Հայաստան: Իհարկե, հիմա նման բան հնարավոր չէ, քանի որ Արցախն ունի ինքնապաշտպանական ուժեր, եւ կան Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, որոնց առկայությունն ինչ-որ կերպ զսպում է Ադրբեջանին, բայց Ալիեւը սպասում է, որ ուկրաինական ռազմաճակատում իրադարձությունները կարող են զարգանալ Ռուսաստանի համար ոչ բարենպաստ սցենարով, եւ իրենք կկարողանան իրականացնել այս ծրագիրը: Ընդ որում, ադրբեջանցիները սա չեն համարում էթնիկ զտում եւ չեն մտածում միջազգային ճնշման մասին. Մամեդովն ասում է, որ իրենք ընտրության հնարավորություն են տալիս, եւ ցանկացողները կարող են մնալ, եթե ընդունում են ադրբեջանական հպատակությունը:

Կարող է հարց առաջանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդքան շահագրգիռ Ալիեւին օգնելու հարցում` հաջողության հասնելու Արցախի հայաթափման հարցում: Նիկոլ Փաշինյանի համար Արցախը եւ Արցախի հայ բնակչությունն ավելորդ բեռ են: Այն գումարները, որ հիմա ուղղվում են Արցախ, Փաշինյանը կարող է ուղղել ասֆալտապատման կամ գյուղաջակցության ինչ-որ ծրագրի եւ ռեյտինգ հավաքել ու ատկատների հնարավորություն ստանալ: Բացի ֆինանսական կորուստներից, Արցախի հարցի չլուծված լինելը Փաշինյանին սպառնում է նաեւ իշխանության կորստով: Մի պահ պատկերացրեք, որ Ադրբեջանն իսկապես հատուկ ռազմական գործողություն է սկսում Արցախը հայաթափելու համար, եւ Արցախի ինքնապաշտպանական ուժերը մարտի են մտնում ու դիմադրում են ադրբեջանական բանակին: Նման իրավիճակում Փաշինյանը կարող է հայտարարել, որ Հայաստանը նույնիսկ իր անվտանգության երաշխավորը չէ, ուր մնաց փորձի երաշխավորել Արցախինը, կամ կարող է ասել, որ ավելի լավ է 120 հազար արցախահայերին կոտորեն, որ փրկենք մնացած 3 միլիոնին եւ Ադրբեջանին չհրահրենք՝ մեզ վրա հարձակվել: Որ ինքը միայն ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում ապրող հայերի մասին կարող է մտածել, իսկ Արցախում ապրող հայերի անվտանգությունը թող Ռուսաստանն ապահովի կամ թող Ռուսաստանը դիմի ՄԱԿ-ին, որ միջազգային կառույցներն ապահովեն: Իհարկե, ամեն ինչ էլ կարող է ասել, բայց եթե Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը չմիջամտի եւ իրեն պահի ռետինե խողովակի պես, ապա դա կլինի ոչ միայն Փաշինյանի իշխանության, այլ նաեւ հայ ժողովրդի եւ հայ պետականության բարոյական եւ ֆիզիկական ոչնչացումը:

Դրա համար Փաշինյանը փորձում է օգնել Ալիեւին, նրան խորհուրդ տալով՝ Արցախը հայաթափել մաս-մաս, առանց ավելորդ աղմուկի եւ արյան, իր պատկերացրած խաղաղության օրակարգի շրջանակներում:

Ավետիս Բաբաջանյան