Այ թե որն էր Էրդողանի` անպոչ գդալ դառնալու շարժառիթը

Այ թե որն էր Էրդողանի` անպոչ գդալ դառնալու շարժառիթը

Միանգամայն հասկանալի է, քանի որ այսօր բոլորում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կամ Ռուսաստանի նախագահի սանձազերծած պատերազմի վեցերորդ ամիսը, դա գլխավոր իրադարձությունն է միջազգային ասպարեզում: Անցած վեց ամիսները Ռուսաստանի` կավե ոտքերի վրա կանգնած լինելու մասին վկայեցին եւ բացահայտեցին շատ ավելին, քան Երկրորդ համաշխարհային պատերազմին հետեւած վեց կամ յոթ տասնամյակներն էին բացահայտել:

Նույնիսկ աֆղանական պատերազմն ու ԽՍՀՄ փլուզումը Ռուսաստանի մերժվածությունը, թուլությունն ու սնամեջությունն այդքան բացահայտ չէին ցուցադրել: Ով կպատկերացներ, որ Ռուսաստանը կնվաստանա մինչեւ այնտեղ, որ ՆԱՏՕ-ի изгой Թուրքիայի հետ հարաբերություններ զարգացնի, ԱԹՍ-ներ գնի Իրանից կամ Հյուսիսային Կորեայի հետ բարեկամության ձգտի: Սակայն կյանքը շարունակվում է, դժբախտաբար` Ուկրաինայում ընթացող պատերազմը՝ նույնպես, թեեւ արդեն զգալիորեն` Ղրիմի տարածքում, եւ առջեւում դեռ ավելի մեծ ու զարմացնող անկումներ կարող են լինել: Մանավանդ՝ ԱՄՆ-ից զգուշացնում են, թե Ուկրաինայի անկախության օրվա եւ ռուսական ներխուժման կիսամյակի կապակցությամբ Կրեմլը կարող է օգոստոսի 24-ին առանձնահատուկ ռազմական սադրանքների դիմել Ուկրաինայում: Հուսանք՝ դա չի պատահի, բայց, ամեն դեպքում, շատերին է օգոստոսի 24-ը ռուբիկոն թվում, որն անցնելուց հետո կարելի է նախորդ վեց ամիսները գնահատել:

Հետեւաբար, մեծ շեղում չի լինի թեմայից, եթե ուկրաինական պատերազմի համատեքստում հատկապես մի դրվագի այսօր անդրադառնանք. Էրդողանի` շուրջ մեկ շաբաթ ձգված անպոչ գդալից չտարբերվող դերակատարումը: Այն, որ սկիզբ առավ անցյալ շաբաթ, երբ Լվով ծրագրված այցի եւ Ուկրաինայի նախագահի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման նախoրեին արդեն Անկարայից սկսեցին դատարկախոսել, թե իբր Լվովում Թուրքիայի միջնորդությամբ ռուս-ուկրաինական հաշտեցման սցենար է քննարկվելու (Լվովում նման թեմա իրականում չքննարկվեց, քանի որ, եթե քննարկված լիներ, Զելենսկին այդ մասին գոնե մեկ բառ կարտաբերեր կամ կգրեր), եւ տեւեց մինչեւ երեկ, երբ Էրդողանը Hurriyet-ին տված ինչ-որ հարցազրույցում, թե ասուլիսի ընթացքում վերջապես բաց տեքստով շարադրեց, թե ինչու է ռուս-ուկրաինական հակամարտությունում ինքն ամեն անգամ դուրս շպրտվելուց հետո անպոչ գդալի նման նորից մեջ ընկնում: 

Նախորդ ամիսների արկածերը մի կողմ թողած, թեկուզ միայն Լվովի հանդիպման իրադարձային կողմին նայենք: Հանդիպման նախօրեին, նույնիսկ հանդիպման օրը առավոտյան Էրդողանի աշխատակազմը բոլոր միջազգային լրատվամիջոցներով թմբկահարում էր, թե Էրդողանը Լվովում Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավորությունները, հավանականություններն է քննարկելու: Դեռ մի կողմ, որ, ինչպես վերն ասվեց, Լվովի հանդիպման մասին Զելենսկու խոսքում, գրառումներում Պուտինի հետ հանդիպման թեմատիկա առհասարակ չշոշափվեց, միայն ասվեց, որ ՌԴ-ի հետ հանդիպում կլինի Ուկրաինայի հողերն ազատագրելուց հետո: Ենթադրելի է, որ եթե անգամ Զելենսկին հետաքրքրություն չի ցուցաբերել, Պուտինի հետ հանդիպման հարց չի քննարկել, Էրդողանը, այնուամենայնիվ, թեման արծարծել է, բարձրացրել է: 

Ահա, այս ռակուրսով է խիստ հետաքրքիր ու խոսուն, թե ինչ հետեւեց Էրդողանի՝ անպոչ գդալի նման մեջ ընկնելուն եւ Զելենսկի-Պուտին հանդիպման մասին Լվով մեկնելուց առաջ, (գուցե նաեւ Լվովում) միակողմանի ճամարտակելուն: Հետեւեց այն, որ նույն օրը չավարտված, ուշ երեկոյան ու կեսգիշերին իրար հետեւից մի քանի զորեղ պայթյուններ որոտացին Ղրիմի ռուսական զինապահեստներում եւ հրամանատարական կետերում, այսինքն՝ Ուկրաինան ուղիղ ռազմական թիրախավորմամբ ցույց տվեց, որ Ռուսաստանի հետ ինքն առայժմ պատերազմելու է, ոչ թե բանակցելու: 

Եթե խոսքն Էրդողանի կարգի՝ գորտից չտարբերվող, ամեն միջազգային ապտակից, նվաստացումից եւ թուքումուրից հետո դեմքը սրբելով «անձրեւ է գալիս» ասող անձի չվերաբերեր, ցանկացած այլ անձ հարաբերություններ մեղմելու, հանդիպելու իր միջնորդական առաջարկից հետո ռազմական գործողությունների նման սաստկացումն անձնական մերժում ու վիրավորանք կընկալեր: Մանավանդ որ հաջորդ օրն էլ Ռուսաստանը մերժեց Թուրքիայի հետ Զապորոժիեի ատոմակայանի դեմիլիտարիզացիայի կամ մի այլ հարց քննարկել: Այսինքն՝ 24 ժամվա մեջ ցուցադրաբար Էրդողանի միջնորդական առաքելությունը մերժեցին, նրան ուղղակի հեռակա ապտակեցին թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը: Թերեւս, ճիշտ էլ վարվեցին, քանի որ, մեծ հավանականությամբ, դատելով հաջորդած հարվածներից ու իրավիճակի սրումից, ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը Էրդողանին չէին խնդրել միջնորդությամբ մեջտեղ ընկնել:  

Լավ, այդ դեպքում ո՞րն է Էրդողանի մոտիվացիան, որ վեց ամսում երեւի վաթսուն անգամ ձախողվելուց, մերժվելուց, դուրս շպրտվելուց հետո նորից ու նորից իր միջնորդությամբ ռուս-ուկրաինական հաշտեցման մասին է զազրախոսում: Երեկ Hurriyet-ին տված հարցազրույցից վերջապես պարզ դարձավ, որ Էրդողանի մոտիվացիան, շահը, իդեա-ֆիքսը Թուրքիայում` Ստամբուլում կամ Անկարայում Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելն է: Թեկուզ մարտին կազմակերպած Լավրով-Կուլեբա հանդիպման նման այդ հանդիպման արդյունքն էլ զրո լինի, կամ ցորենի գործարքի նման մեկ ամիս գլուխ ցավեցնելուց հետո հազիվ 650 հազար տոննա (Ուկրաինայում ամբարված 20 միլիոն տոննա հացահատիկի 3 տոկոսը) կամ աշխարհում սպառվող տարեկան 800 միլիոն տոննա ցորենի 0,001 տոկոսն էլ արտահանված չլինի, կարեւորը` Թուրքիայում ներքին կիսագրագետ ընտրազանգվածը վիզուալ տեսնի Էրդողանին` միջազգային հարթակներում միջնորդություն իրականացնելիս: 

Էրդողանը, փաստորեն, վեց ամիս ինքնակոտոր է լինում Պուտինի եւ Զելենսկու հետ տեսախցիկների առջեւ կանգնելու համար: Մի բան, որին չի հասնում եւ, մեծ հավանականությամբ, մինչեւ 2023-ի նախագահական ընտրություն չի էլ հասնի: Իսկ Պուտինի եւ Զելենսկու ընկերակցությամբ թուրք հանրությանը երեւալն Էրդողանին օդուջրի պես անհրաժեշտ է մինչեւ նախագահական ընտրությունները` տնտեսական ու ներքաղաքական ֆիասկոների խորքին իբր միջազգային դասի գործիչ երեւալու համար: Չեմ կարծում, թե երեւալուց հետո էլ գների բարձրացումից ու լիրայի անկումից զայրույթի գագաթին հասած թուրք քաղաքացիները դրան առանձնակի ուշադրություն կդարձնեն, որքան էլ Էրդողանը քարոզչություն ծավալի, բայց ավելի դուրեկանն այն է, որ որքան էլ Էրդողանը կոտորվի, չի երեւում, թե նման հանդիպման կհասնի: Ավելի շուտ, երեւի, Թուրքիայի նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուն հասնի: