1 րոպե լռություն քեզ՝ գերագույն գլխավոր հրամանատար

 1 րոպե լռություն քեզ՝ գերագույն գլխավոր հրամանատար
Վարդան Պետրոսյան

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում արդեն մեկ ամիս շարունակ դերասան Վարդան Պետրոսյանն իր հանդիսատեսին ներկայանում է նոր ներկայացմամբ, նոր ուղերձով, որը կոչվում է «Խոստում»։ Հենց խոստումն է ընկած այս ներկայացման հիմքում, որ պատերազմից հետո Ֆրանսիայից վերադառնալով Հայաստան՝ Վարդան Պետրոսյանը տվել է բոլորին, ովքեր պահանջել են նրանից իր նոր ներկայացման մեջ բոլորի «հախից» գալ ու ծանակել մեղավորներին։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո մենք այլեւս առաջվանը չենք, ինչպես դերասանն է նկատում՝ «մենք կյանքի նոր ձեւ ենք որդեգրել՝ դատապարտում ենք իրար», դատապարտում ենք նաեւ այն մարդկանց, ովքեր չեն դատապարտում։

Սոցցանցերն անշեղորեն արտացոլում են այդ պատկերը՝ մեղադրանք, ամոթանք, հայհոյանք, ինչի հետ կապված՝ ամիսներ առաջ ԱԺ-ն հայհոյանքը քրեականացնող նախագիծ ընդունեց։ Դերասանն իրեն հատուկ երգիծանքով ծաղրում է իրավիճակն ու փորձում մի «դրական» կողմ գտնել, ի վերջո՝ հայհոյանքից առաջացած գումարները կգնան բյուջե, բյուջեից էլ՝ ԱԺ պատգամավորներին պարգեւավճար։ Այնպես որ՝ ոչինչ կորած չէ, կամ էլ «կարելի է հայհոյել Նիկոլի պես՝ սիմվոլիկ, երբ ասաց՝ կբռնեմ կշինեմ, որը հետո վերագրվեց ճանապարհաշինությանը»,- կատակում ու իր խոսքով ապտակում է Վ․ Պետրոսյանը։

Շուրջ 2 ժամ տեւող ներկայացման մեջ Վարդան Պետրոսյանը խոսում է ամեն ինչից՝ կորոնավիրուս, պատերազմ, նախկիններ, ներկաներ, լեզու, մշակույթ, կրոն, պատմություն։ Դերասանը կոդավորում է իր խոսքը, ապա մեկնում հանդիսատեսին, դիցուք՝ 3 նախագահների ու ներկայիս վարչապետի անունները, որոնք հակառակ կարդալու դեպքում խորը ու տիպական իմաստներով են ի ցույց դնում տվյալ մարդուն, օրինակ՝ Լեւոն-նովել, Ռոբ-բոռ, Սերժ-ժրես, Նիկոլ-Լոկին, որը սկանդինավյան դիցաբանության մեջ ստախոսության աստվածն է եւ որը վերջում կործանում է տիեզերքը։

Մի իրավիճակ, որի առաջ կանգնել է մեր երկիրը պատերազմից հետո, իսկ «ժողովուրդն այս քաղաքական ապատիայի մեջ զբաղված է քաղաքական կանխատեսումներով, ընդ որում՝ սխալ կանխատեսումներով,- բեմից բարձրաձայնում է դերասանն ու շարունակում հանդիսատեսի հետ խոսել։- Ո՞վ կմտածեր, որ պատերազմից հետո Նիկոլը կհաղթի ընտրություններում»։ Ապա կարծես ինքն իրեն էլ պատասխանում է, որ ինչպես մայրը, այնպես էլ մեր ժողովուրդը սիրում է իր ամենատկար, թույլ, խեղճ որդուն, մի բան, որ ընտրությունների ժամանակ չհասկացավ Ռոբերտ Քոչարյանը, թե չէ «տեսախցիկների առաջ մի քիչ իրեն թույլ ու տկար ցույց կտար»։

«Ամեն հետույք կարելի է բազմեցնել գահին, բայց ամեն գահ չէ, որ կարող ես թագադրել․․․ այս հետույքի հետ կապված՝ մենք աշխարհում չունենք ոչ մի դաշնակից․․․,- ասում է դերասանն ու հետաքրքրվում,- ինչո՞ւ է լուռ բեմադրիչը (նկատի ունի Սերժ Սարգսյանին)»։ Վարդան Պետրոսյանը քաղաքական դեմքերից սահուն անցում է կատարում դեպի քաղաքական կուսակցություններ, որոնք այսօր, ըստ նրա, ձեւավորվում են ոչ թե ըստ համոզմունքների, այլ ըստ դիմացինի հանդեպ ատելության ուժի, ավելին՝ «կուսակցությունների մի մասը կծախի, մի մասն էլ կհանձնի մորը, ըստ քաղաքական նախասիրությունների»,- ասում է դերասանը, ում հանդիսատեսը դահլիճից արձագանքում է «ճիշտ ա ասում», «մորն էլ կծախի, հորն էլ» ռեպլիկներով։     

Դերասանը բեմից ահազանգ է հնչեցնում, արթնության կոչ․ մենք կորցրել ենք վտանգի զգացողությունը, այն ժամանակ, երբ թուրքը մտնում է Սյունիք, մենք տիեզերական մարմինների, գույքահարկի մասին որոշումներ ենք ընդունում, թուրքը մոտենում է Երասխին, մենք հեծանվավազքով զարկ ենք տալիս ճանապարհաշինությանը։ Սգում ենք պատերազմում զոհված մեր տղաների կորուստը, բայց մոռացության մատնում եւ դրանով էլի կորցնում այն տղաներին, որոնք պատերազմից ողջ են վերադարձել։ «Ինչո՞ւ մեզ այդպես շուտ համոզեցին, որ պարտվել ենք․․․»,- հարցնում է դերասանը արցունքը ծիծաղի հետ կուլ տվող հանդիսատեսին։    

2018-ի հեղափոխությունից եւ իշխանափոխությունից հետո ամենաշատը վարկաբեկվեց «մտավորական» բառը, ինչո՞ւ եւ ինչպե՞ս․ Վ․ Պետրոսյանն անդրադառնում է նաեւ վերջին 3 տարվա մշակույթի նախարարներին՝ Լիլիթ Մակունցին, որ նախ հայտարարեց, թե մշակույթն իր մեջ է, ապա «իր միջից հանեց մշակույթը, թողեց բախտի քմահաճույքին ու գնաց»։ Եկավ հաջորդը՝ Նազենի Ղարիբյանը, ով աշխատանքից ազատեց երկրի գլխավոր թատրոնի գեղղեկավարին (նկատի ունի Կ․ Օրբելյանին) ու էլի հեռացավ, եկավ նորը՝ Վահրամ Դումանյանը․ «Այս անգամ տղամարդ», ով ոչ ավել, ոչ պակաս՝ որոշեց միավորել 2 թատրոնները, «ու միանգամից վարի ենք տալիս 2 թատրոն, մեկ ազգ՝ մեկ թատրոն, մեկ ազգ՝ մեկ հիվանդանոց, մեկ ազգ՝ մեկ օդանավ, մեկ ազգ՝ մեկ թանգարան, մեկ ազգ՝ մեկ ներկայացուցիչ, այն էլ՝ թանգարանում․․․»։  

Ի վերջո, ո՞րն է ելքը, եւ արդյոք կա՞ ապագա․ Վարդան Պետրոսյանը մեջբերում է Ագաթանգեղոսի պատումը, համաձայն որի՝ կյանքի վերջին օրերին ճգնող Գրիգոր Լուսավորչին Աստված խոստանում է, որ չի լքի իր ազգին, բայց սուգն ու սուրն անպակաս կլինեն հայ ազգից, «քանի հավատարիմ չենք մեր տված խոստումին»։

Ներկայացման վերջում՝ թանձր լռության ու ծանր լույսի ներքո հնչում է Վարդան Պետրոսյանի «խոստումը»․ «Բոլորիս անունից 1 րոպե լռություն քեզ՝ գերագույն գլխավոր հրամանատար», 1 րոպե լռություն, որում ամփոփված են այն նախատինքը, ամոթը, ցասումը, անզորությունը, ճիչը, բողոքը, վիշտը, որին ամեն օր բախվում ենք պատերազմից հետո, կկարողանա՞նք վերջ տալ մեր կյանքը քայքայող ատելությանը, մեզ ներսից բզկտող անմիաբանությանը, դառնալ դեպի լույսը, ապրել սիրով՝ ցույց կտան ժամանակը ու մեր տված խոստումը։